Մատչելիության հղումներ

Հրապարակվել են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրության արդյունքները


Սահմանադրությունում կան կարգավորումներ, որոնք պետք է փոխվեն օր առաջ, կարծում է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամի թեկնածու, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ Վերջինս հիշեցնում է՝ 2015 թվականին ընդունված սահմանադրական բարեփոխումներն ընդունվել են լրջագույն կեղծիքներով, և այն ժողովրդի կողմից ընդունված իրավական ակտ չէ։

«Հիմա չկա Սահմանադրություն, որին իրոք Հայաստանի քաղաքացիները գնան և ընտրական տեղամասում ասեն՝ այո, մենք ուզում ենք, որ Հայաստանում գլխավոր խաղի կանոններն ամրագրող փաստաթուղթը հենց այս շարադրանքն ունենա: Սա մի կողմից, և սա լրջագույն խնդիր է», - ասաց նա:

Հիշեցնենք, վարչապետի որոշմամբ սկսվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը: Հանձնաժողովը կազմված կլինի 15 հիմնական անդամից, ի պաշտոնե ընդգրկվելու են արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, օմբուդսմենը, նաև դատավորների ընդհանուր ժողովը 1 թեկնածու պետք է ներկայացնի։

Արդարադատության նախարարությունն այսօր հրապարակեց այն 6 իրավաբան գիտնականների և հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչների թեկնածուների ցանկը, որը պետք է հաստատվի վարչապետի կողմից։ Իրավաբան գիտնականներն են Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը և Տիգրան Մարկոսյանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանից բացի, հանձնաժողովում ներկայացված է նաև «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Զադոյանի թեկնածությունը։
Իրավաբան գիտնական Արսեն Թավադյանն «Ազատության» հետ զրույցում ևս կարևորեց փոփոխությունների անհրաժեշտությունը, սակայն, քանի դեռ չկա աշխատանքային հստակ օրակարգ, չի շտապում փակագծեր բացել. - «Պետք է ունենա կոնկրետ նպատակ: Ես պատկերացնում եմ, որ հանձնաժողովի աշխատանքի մեջ մենք նախ պետք է վեր հանենք խնդիրները, հասկանանք՝ որն է այդ խնդիրների լուծման ամենաարդյունավետ և ամենաէժան տարբերակը, որովհետև մենք այդքան շատ բյուջետային միջոցներ չունենք և բնականաբար դրա հիման վրա գրենք Սահմանադրության տեքստը»:

Խորհրդարանական խմբակցություններն արդեն ներկայացրել են հանձնաժողովում իրենց անդամներին։ «Իմ քայլին» կներկայացնի ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ընդդիմադիր ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանն է, իսկ «Լուսավոր Հայաստանից»՝ Տարոն Սիմոնյանը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ավելի վաղ հայտնել էր, որ արդեն տարեվերջին պատրաստ կլինի այնպիսի փաստաթուղթ, որը հնարավոր կլինի դնել հանրաքվեի: Նախարարը չէր հերքել՝ դատական համակարգում առկա ճգնաժամը այս հայեցակարգով փորձելու են լուծել։

Արդարադատության նախարարության կողմից առաջադրված թեկնածուները «Ազատության» հետ զրույցում ևս ասացին, որ դատական համակարգին առնչվող հարցերն առաջնային են՝ ընդգծելով, սակայն, սրանով չէ միայն սահմանափակվում քննարկվող հարցերի շրջանակը։

Դանիել Իոաննիսյանը շեշտում է՝ խոսքը միայն Սահմանադրական դատարանի մասին չէ, այլ նաև Վճռաբեկ դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի. - «Կան նաև գաղափարներ կապված Սահմանադրական դատարանի հետ, այսինքն՝ սկսած Սահմանադրության 213-րդ անցումային հոդվածից, վերջացրած առհասարակ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները առանձին ունենալու, թե միավորված գերագույն դատարան ունենալու մոդելի ընտրության քննարկումներից: Շատ հարցեր կան»:

Իրավաբան գիտնական, թեկնածու Արսեն Թավադյանի խոսքով՝ լուծումները ինքնանպատակ չպետք է լինեն. - «Չպետք է ինքնանպատակ ասել՝ Սահմանադրական դատարանը պետք է վերացվի, և մյուս կողմից էլ բնականաբար պետք չէ ասել, որ մեզ պետք է Սահմանադրական դատարան: Այս պահին ինքը կա, առաջնային, ամենահեշտը կլինի լուծել այն խնդիրները, որոնք կան իշխանությունների բաժանման տեսակետից, եթե այլ լուծումներ լինեն, բնականաբար պետք է քննարկել և հանրությանն իրազեկել»:

Արդարադատության նախարարի ներկայացմամբ՝ այս հանձնաժողովում կարող են աշխատել նաև միջազգային երկու փորձագետներ: Նախարարը չի բացառում, որ այդ փորձագետները կլինեն Վենետիկի հանձնաժողովից, որոնք կներգրավվեն գործընթացին հայեցակարգի մշակման փուլից սկսած: Հանձնաժողովը կորոշի հայեցակարգը, որից հետո կլինեն հանրային քննարկումներ: Դեռևս պարզ չէ, թե ով է լինելու հանձնաժողովի նախագահը։

Ի դեպ, արդարադատության նախկին նախարար, «Հանրապետական»-ի նախկին անդամ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջով տեղեկացրել էր, որ նույնպես հայտ է ներկայացրել հանձնաժողովում աշխատելու համար։

Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ հանձնաժողովի թեկնածուների ընտրությունը կատարելու համար ուսումնասիրվել են բազմաթիվ հայտեր, իսկ չընտրված թեկնածուները հետագայում կարող են հնարավորություն ունենալ ներգրավվելու ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքներում` որպես փորձագետ կամ խորհրդատու:

XS
SM
MD
LG