Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին` իրենց փորձում են լռեցնել, կամ գուցե «բռնապետական բարքե՞ր են»


Շաքե Իսայան, 12 հունիսի, 2020թ.
Շաքե Իսայան, 12 հունիսի, 2020թ.

«Գուցե Հայաստանում բռնապետական բարքեր ե՞ն տիրում»,- վարչապետի հնչեցրած գնահատականներին ի պատասխան` հայտարարեց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Շաքե Իսայանը: Արձագանքելով խորհրդարանական ընդդիմադիրների հայտարարություններին, թե ԲՀԿ ղեկավարը ողջ կառավարության փոփոխության անհրաժեշտությունն է տեսնում, իսկ «Լուսավորը» համավարակի հաղթահարումից հետո պատրաստվում է բարձրաձայնել կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողողների քաղաքական պատասխանատվության հարցը, Փաշինյանը երեկ խոսել էր քայքայիչ գործունեություն ծավալող ուժերից, նաև հայտարարել` շատերի պահվածքը պետք է քննության առնվի, ու հանրային գնահատական տրվի, թե նրանց գործողությունները որքանո՞վ են նպաստել համավարակի տարածմանն ու հաղթահարմանը։

Նիկոլ Փաշինյան, 11 հունիսի, 2020թ.
Նիկոլ Փաշինյան, 11 հունիսի, 2020թ.


Ակնարկը առավել քան հասցեական էր՝ ակնհայտորեն նաև խորհրդարանական ընդդիմությանն ուղղված․- «Հայաստանի Հանրապետությունն այսօր ունի պրոբլեմներ կորոնավիրուսի դեմ պայքարում, այո, ունի պրոբլեմներ, ինչքան ունեն աշխարհի բազմաթիվ երկրներ, ճիշտ նույնքան պրոբլեմներ, ինչքան ամբողջ մարդկությունը ունի այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում: Արդյո՞ք որոշ ուժեր ունեն պրոբլեմներ կորոնավիրուսի ընթացիկ իրավիճակում, կան ուժեր, որոնք ոչ միայն պրոբլեմ չունեն, այլև կյանքը նրանց համար դարձել է ավելի լուսավոր կամ ավելի բարգավաճ, և նրանք իրենց համար վիրուսային այս միջավայրում տեսնում են վերածնվելու հնարավորություն: Շատ կարևոր է գնահատել այդ վերածնունդի բովանդակությունը»:

ԲՀԿ-ական Շաքե Իսայանը հայտարարում է՝ թող, ինչպես վարչապետն էր ասում, իրենց գործունեությունը քննեն, մտահոգության առիթ չունեն.- «Վերջին մեկ շաբաթվա իրադարձությունները ինձ թույլ են տալիս մտածելու, որ գուցե մեր երկրում բռնապետական այլևս բարքերն ե՞ն տիրում, մենք տեղյակ չենք այդ մասին: Ես իրապես չեմ հասկանում` եթե իշխանությունն ասում է, որ անարդյունավետ է, եթե իշխանությունը, վարչապետը ասում են, որ դժոխային իրավիճակում ենք, իրենք ի՞նչ էին ակնկալում խորհրդարանական շրջանակներում ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունից: Մեր առաջարկները չեն ընդունվել, մենք կոշտ գնահատականով ենք հանդես եկել»:

Անի Սամսոնյան, արխիվ
Անի Սամսոնյան, արխիվ


«Վարչապետի հայտարարությունների նպատակն ընդդիմությանը լռեցնելն է»,- կարծում է «Լուսավորից» Անի Սամսոնյանը՝ պնդելով՝ չեն հրաժարվելու իրենց նպատակներից.- «Չկա աշխարհում մի երկիր, որտեղ իշխանությունը ընդդիմությանը կանչում է պատասխանատվության: Այդ հեղափոխական թեզերը, որոնք կրակոց են օդում, թող իրենք չշրջանառեն: Լծակներն իշխանությունը, երկրի կառավարումն իրավիճակի հաղթահարման ամբողջ գործիքակազմն ունեցել է իշխանությունը, հետևաբար աշխատանքը պիտի կատարեր իշխանությունը: Իրենք էլ են գիտակցում, որ իրենց սխալներն այնքան շատ են, և մարդիկ սկսել են դա հասկանալ: Եվ այսօր կա մեկ նպատակ լռեցնել բոլոր խոսացողներին»:

«Բարգավաճ Հայաստանից» ասում են՝ կառավարության 100 տոկոսի փոփոխության անհրաժեշտություն տեսնող Ծառուկյանը սկսել է հանդիպումները կուսակցությունների, անհատների հետ, սակայն չեն շտապում մանրամասնել որ ուժերի հետ, և արդյոք քննարկումների առանցքում իշխանափոխության պահանջն է։ Շաքե Իսայանն ասաց՝ կհայտարարեն, երբ կձևավորվի միասնական օրակարգը։ Չբացառեց, որ հանրահավաքներ նախաձեռնեն` ընդ որում, չսպասելով համավարակի ավարտին․- «Գուցե մենք սպասում ենք, և երկիրը գնում է ամբողջությամբ կործանման»:

«Բարգավաճ Հայաստանի» ղեկավարի առաջարկած օրակարգի շուրջ ԼՀԿ- ԲՀԿ հանդիպում չի եղել։ «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանն ասաց՝ առաջարկ չի եղել, իրենք էլ չեն նախաձեռնի.- «Եթե կան ուժեր` մեր օրակարգն են բերել նորից օրակարգ և ուզում են մեզ դրա համար հանդիպում նշանակել, ես կարծում եմ, որ դա մի փոքր տարօրինակ է: Եվ նորից եմ ասում` այս պահին «Լուսավոր Հայաստանը» թողնում է, որ իշխանությունն աշխատի»:

Ալեն Սիմոնյան, արխիվ
Ալեն Սիմոնյան, արխիվ


Ի՞նչ լռեցնելու փորձի մասին է խոսքը, հակադարձեց Ազգային ժողովի իշխանական փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ մատնացույց անելով նույն ընդդիմության՝ վարչապետին ուղղված բազմաթիվ սուր հարցերը, որոնց Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հերթով պատասխանեց։ «Մարդկանց թվում է, որ այն լավ ճանապարհը, այն ուղին, այն տնտեսական աճը, տնտեսական հաջողությունները, իրավիճակը, որը Հայաստանում կար ու շարունակվում էր, կորոնավիրուսը մեկընդմիշտ փչացրել է, ու իրենք կարող են դրա վրա իրենց ձեռքերը տաքացնել, սրա մասին է խոսքը: Ես իրենց վստահեցնում եմ, որ իրենք սխալվում են, և այս իրավիճակի վրա ձեռք տաքացնել չի լինելու, և իրենք շատ վատ պատասխան են ստանալու թե՛ հանրության կողմից, թե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված, լեգիտիմ իշխանության կողմից»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Վարչապետը հայտարարել էր՝ շատ ուժերի պահվածքը պետք է քննության առնվի, ու հանրային գնահատական տրվի, ինչպե՞ս են դա անելու: «Անելու ենք դա օրինականության և խստագույն վերաբերմունքի միջոցով առանց որևիցե սակարկումների մեջ մտնելու, որևիցե այլ երկրի շահ սպասարկելը, յուրաքանչյուր օրենք խախտելը, քաղաքական գործունեությամբ սկսել զբաղվելը կամ քաղաքականությունից խոսելը չի ազատում քրեական պատասխանատվությունից»,- շեշտեց ԱԺ փոխնախագահը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG