Մատչելիության հղումներ

Արտակարգ դրությունը կերկարացվի ևս մեկ ամսով


Կառավարությունը վաղը արտահերթ նիստում ևս մեկ ամսով կերկարացնի արտակարգ դրության ռեժիմը, իսկ արածի, չարածի ու անելիքների մասին քննարկումներ կծավալվեն նույն օրը՝ Ազգային ժողովի հատուկ նիստում։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստից հետո:

«Քանի որ այն պատճառները, որոնց բերումով մենք երկրում արտակարգ դրություն էինք սահմանել, դրանք վերացված չեն», - ասաց վարչապետը:

Լրատվամիջոցներից մեկի հարցին, թե ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է՝ կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը, ձախողողների քաղաքական պատասխանատվության հարցը կբարձրացնեն համավարակը հաղթահարելուց հետո, ԲՀԿ-ն էլ իր հերթին է հայտարարել, թե կառավարության կազմը պետք է 100 տոկոսով փոխվի՝ վարչապետի գլխավորությամբ։ Փաշինյանը պատասխանեց՝ համավարակի հաղթահարումից առաջ ու հետո շատ քաղաքական ուժերի պահվածքը պետք է քննության առնվի ու հանրային գնահատական տրվի, թե նրանց գործողությունները որքանո՞վ են նպաստել համավարակի տարածմանն ու հաղթահարմանը։

«Կարծում եմ՝ իմաստ կունենա որոշակի քննություն ծավալել՝ հասկանալու համար, թե որոշակի քաղաքական շրջանակներ արդյոք կապ ունե՞ն, թե կապ չունեն կեղծ լուրերի տարածման հետ: Նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում պատերազմի ժամանակ քայքայիչ գործողություն ծավալող անձինք և ուժերը արժանանում են համապատասխան գնահատականի: Որևէ մեկը չկասկածի, որ այն ուժերը, որոնց քայքայիչ գործունեության ծավալելը կլինի ապացուցելի, այդ ուժերն արժանանալու են շատ կոնկրետ և համաժողովրդական գնահատականի: Ինչ վերաբերում է պարտությանը, պետք է արձանագրել հետևյալը՝ Հայաստանի Հանրապետությունը կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան պարտվել է աշխարհը», - ասաց Փաշինյանը:

Անցած օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը Հայաստանում աճել են 566-ով։ 240 քաղաքացի բուժվել է, 18-ը՝ մահացել, իսկ այլ պատճառներով մահացած քաղաքացիների թիվը 5-ն է։

Մահացած քաղաքացիների ավելի մեծ թիվ արձանագրվել էր միայն հունիսի 1-ին։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում ասաց՝ եթե նախորդ օրն արվել է 1751 թեստ, ապա այսօր՝ 2 հազար 233, առհասարակ վերջին օրերին արված թեստերի 24-25 տոկոսն է դրական լինում։

Երեկվա դրությամբ ծայրահեղ ծանր ու ծանր վիճակում է գտնվում 500 քաղաքացի։ Ըստ նախարարի՝ վերակենդանացման բաժանմունքներում սահմանափակ քանակով ազատ տեղեր դեռ կան։ Թորոսյանի փոխանցմամբ՝ 32 հիվանդներ սպասում են իրենց հերթին, որպեսզի տներից և սովորական հիվանդանոցներից տեղափոխվեն կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող կենտրոններ ու բաժանմունքներ։ Նախարարն ընդհանուր առմամբ իրավիճակը գնահատում է լարված։

«Երեկվա դրությամբ ունեցել ենք հարաբերականորեն կայուն ծանրաբեռնվածություն մահճակալային ֆոդի տեսանկյունից, գումարային ունեցել ենք մոտ 500 հոգի ծայրահեղ ծանր և ծանր, սակայն կարող եմ փաստել, որ հիմնական մեծ վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղեր եղել են այդպիսի կարիք ունեցող պացիենտներին տեղավորելու համար», - ասաց Արսեն Թորոսյանը:

Երեկ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում նախարար Արսեն Թորոսյանը, խոսելով նոր կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի ընթացքում կայացրած որոշումների և թույլ տված հնարավոր սխալների մասին, ասել է՝ «եթե կարծում եք, որ ես ինչ որ բանում սխալվել եմ՝ ներողություն եմ խնդրում»։ «Այս 4,5 ամիսները թույլ տվեցին հասկանալ, որ օրինակ՝ թոքերի օդափոխման սարքերն այդքան էլ պետք չէին, քան մահճակալներին ամրացված թթվածնային սարքերը, որ դիմակ կրելը դրսում զգալիորեն նվազեցնում է վարակի տարածումը և այլն»,- ասել է Թորոսյանն ու հիշեցրել, որ ինքը նախկինում հակառակ պնդումներ է արել, որովհետև աշխարհի բժշկագիտական ոչ մի օղակ հիվանդության հետ կապված շատ հարցերի հստակ պատասխաններ ու դեղատոմս դեռ չունի։

Ընդհանուր առմամբ, այսօրվա դրությամբ Հայաստանում կա նոր կորոնավիրուսային վարակվածության 14 հազար 669 դեպք, 5 հազար 466 մարդ առողջացել է, 245-ը՝ մահացել, փաստացի բուժում է ստանում 8 հազար 876-ը, կատարվել է 75 հազար 389 թեստ, այլ պատճառով մահվան դեպքերը 82 են:

XS
SM
MD
LG