Մատչելիության հղումներ

Բոլոր ջանքերը գործադրվում են, որ Հայաստան-Արցախ երրորդ ճանապարհը շուտ կառուցվի. ԱԽ քարտուղար


Հայաստանը և Արցախը կապող ավտոմայրուղիներից մեկը, արխիվ
Հայաստանը և Արցախը կապող ավտոմայրուղիներից մեկը, արխիվ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի օրերս Արցախ կատարած այցից ու նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից հետո, Լեռնային Ղարաբաղի նախագահի լրատվական ծառայությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ այս տարի մեկնարկելու է Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող երրորդ՝ հարավային բնակավայրերով անցնող ավտոմայրուղու կառուցումը։

Մոտ մեկ տարի առաջ՝ 2019 թվականի հուլիսին «Ազատության» հետ զրույցում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ 2020-ին նախատեսված է կառուցել Կապանը Հադրութին կապող մոտ 150-կիլոմետրանոց ավտոմայրուղի։

Երեկ «Ազատության» հետ զրույցում Գրիգորյանը նոր մանրամասներ ներկայացրեց։

«Արցախում էս մասով քննարկումներ վերջին, կարելի է ասել, մեկ տարվա ընթացքում եղել են, և այնտեղ քննարկել են, թե որ տարբերակը կարող է ավելի արդյունավետ լինի, որովհետև այն կարևոր նշանակություն ունի, և այս որոշումը կայացնելիս պետք է այլ հանգամանքներ էլ հաշվի առնել», - ասաց ԱԽ քարտուղարը՝ շարունակելով. - «Նաև կորոնավիրուսի հետ կապված որոշակի հետաձգումներ են եղել, և համապարփակ քննարկումների ընթացքում այս տարբերակը ևս հաշվի են առել այնտեղ: Վերջնական որոշումի կգան և կհասկանան՝ որն է ամենաօպտիմալ տարբերակը, որովհետև բազմաթիվ գործոններ են հաշվի առնվում՝ անվտանգությունից սկսած, մինչև տնտեսական գործոններ, և այդ բոլորը վերլուծելով կհասկանան, թե որն է ամենալավագույն օպցիան, որպեսզի այս աշխատանքը կատարեն»:

«Ամեն դեպքում, ճանապարհի շինարարությունը այս տարի կմեկնարկի», - այս դիտարկմանը Գրիգորյանն արձագանքեց. - «Քանի որ որոշակի չափով կորոնավիրուսը ահագին մեծ փոփոխություններ է մտցրել մեր կյանքում, դժվար է շատ երկարաժամկետ պլաններ ունենալ, բայց բոլոր ջանքերը գործադրում են Արցախում, որ հնարավորինս շուտ լինի դա»:

XS
SM
MD
LG