Մատչելիության հղումներ

Կապան֊ Հադրութ ճանապարհի հաշվարկները արդեն կան, հարցը քննարկվել է պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի մակարդակով


Արխիվ ֊֊ Հյուսիսային Արցախից Հայաստան տանող ճանապարհը, 8֊ը սեպտեմբերի, 2018թ.
Արխիվ ֊֊ Հյուսիսային Արցախից Հայաստան տանող ճանապարհը, 8֊ը սեպտեմբերի, 2018թ.

Հայաստանը Արցախին կապող երրորդ՝ Կապան֊ Հադրութ ճանապարհի հաշվարկները արդեն կան, հարցը քննարկվել է պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի մակարդակով, և եթե աշխատանքները մեկնարկեն 2020 թվականին, ապա ամենայն հավանականությամբ 2-3 տարում նոր ճանապարհը պատրաստ կլինի: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

«Այ դա եթե մենք կարողանանք իրականացնել, արդեն կլինի շատ զարգացած և, կարելի է ասել, համապարփակ տրանսպորտային համակարգ։ Եվ լավ է, որ հիմա Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարն էլ է ևս մեկ անգամ բարձրաձայնում։ Սա շատ կարևոր է և նշանակում է, որ իրոք, կարծես թե, սայլը տեղից շարժվում է», ֊ մեկնաբանեց Բաբայանը։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 23-ին «Ազատության» եթերում էր հայտնել, որ Կառավարությունը ծրագրում է 2020 թվականին Արցախը Հայաստանին կապող մինչև 150 կիլոմետր ճանապարհ կառուցել:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացրին նախագիծը դեռ գաղափարի փուլում է և իրենք որևէ մանրամասն հաղորդել չեն կարող:

Ծրագրի հետ կապված տեղեկություններ չփոխանցեցին նաև Կառավարությունից:

Գորիս֊ Ստեփանակերտ, Վարդենիս֊Մարտակերտ ճանապարհներից բացի Արցախը Հայաստանի հետ կապող երրորդ՝ Կապան֊Հադրութ ճանապարհը Պաշտպանության նախարարությունը այսօր էլ ռազմական նպատակով օգտագործում է, նկատում է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հայաստանի Հանրապետության ամենահարավային մասը, ըստ էության, կապում է Արցախ աշխարհի հարավ֊արևելյան հատվածին։ Մերձարաքսյան հովիտը շատ կարևոր ճանապարհ ենք մենք համարում։ Պաշտպանության նախարարությունը էսօր էլ էդ ճանապարհն օգտագործում է, ցավոք՝ ելնելով ճանապարհի վիճակից, ինչը շատ վատ է, բայց ռազմական տեխնիկայի շարժ, երբ որ պետք է, իրականացվում է», ֊ «Ազատության» հետ զրույցում նշեց Հովհաննիսյանը՝ շարունակելով. ֊ «Կոմունիկացիան դա պատերազմի գործիքներից և հաղթանակի կարևոր գրավականներից մեկն է»։

Ռազմավարական ենթակառուցվածքներում այս ներդրումը ոչ միայն ռազմական, այլ նաև տնտեսական հնարավորություններ է ստեղծում: Քաղաքագետ Հակոբ Բադալյանի կարծիքով ճանապարհը կարևոր է նաև Իրանի հետ կապի առումով, ինչպես նաև կնպաստի Արցախի այդ հատվածներում վերաբնակեցմանը:

«Այս հարավային ռեգիոնը, Արցախի ազատագրված տարածքները նաև Իրանի համար շատ մեծ հետաքրքրություն ներկայացնող հանգամանք են», - «Ազատության» հետ զրույցում նշեց քաղաքական մեկնաբանը. ֊«Եվ այս առումով ես շատ կարևոր եմ համարում այն հայտարարությունը, որ ԱԱԾ պետն էր արել, որպես անվտանգության սպա, նշելով, որ մենք որևէ տարածք հանձնելու մտադրություն չունենք և պետք է մտածենք այդ տարածքները վերաբնակեցնելու մասին և այս հայտարարությունը հնչել էր այն օրերին, երբ Նիկոլ Փաշինյանն էր պաշտոնական այց կատարել Իրան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG