Մատչելիության հղումներ

Այս տարի մեկնարկելու է Արցախը Հայաստանին կապող երրորդ ավտոմայրուղու կառուցումը


Հյուսիսային Արցախից Հայաստան տանող ճանապարհը, արխիվ
Հյուսիսային Արցախից Հայաստան տանող ճանապարհը, արխիվ

Այս տարի մեկնարկելու է Արցախը Հայաստանին կապող երրորդ՝ հարավային բնակավայրերով անցնող ավտոմայրուղու կառուցումը՝ նշված է Լեռնային Ղարաբաղի նախագահի լրատվական ծառայության հաղորդագրությունում։

Տեղեկացնելով, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը` Արցախ ժամանած Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ միասին, հունիսի 5-ին այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թև, հաղորդագրությունում նշված է նաև. «Անդրադառնալով տարածաշրջանի հետ կապված առաջիկա ծրագրերին՝ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ, նախընտրական շրջանում տրված խոստման համաձայն, Հադրութ քաղաքը Քաշաթաղի հարավային թևով Մայր հայրենիքի հետ կապող մայրուղու կառուցումը կսկսվի ընթացիկ տարում:

«Մայրուղու կառուցմամբ մեկնարկում է Արցախի հարավային հատվածի իրացման նոր փուլը, որտեղ վերաբնակեցման և տնտեսական զարգացման մեծածավալ նոր ծրագրեր կիրականացվեն», - ասել է նախագահ Հարությունյանը:

Կառուցվող ճանապարհին անդրադարձել է նաև նախարար Պապիկյանը՝ ֆեյսբուքի իր էջում երեկ ուշ երեկոյան գրելով. «Հարավում կառուցվող նոր ճանապարհը Հադրութ քաղաքը Քաշաթաղի հարավային թևով կկապի Հայաստանի Հանրապետությանը։ Այսօր Քաշաթաղի հարավում հացահատիկի բերքահավաքը խորհրդանշական իրադարձություն էր Արցախը մայր հայրենիքին կապող նոր մայրուղու կառուցմանն ընդառաջ։ Այն կոմունիկացիոն և ռազմավարական կենսական նշանակություն ունի մեր հայկական երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական առաջընթացի, հարավային Արցախում ապրող և արարող մեր հայրենակիցների համար»։

Մոտ մեկ տարի առաջ՝ 2019 թվականի հուլիսին «Ազատության» հետ զրույցում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ 2020-ին նախատեսված է կառուցել Կապանը Հադրութին կապող մոտ 150 կիլոմետրանոց ավտոմայրուղի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG