Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ընդդիմությունը քննադատում է ոստիկանության՝ կարանտինի պահպանմանն ուղղված քայլերը


Հանգստյան օրերին Ադրբեջանի խոշորագույն քաղաքներում հայտարարված պարետային ժամը կտրուկ կերպով սրեց ոստիկանության և երկրի բնակչության հարաբերությունները։ Պատճառը կարանտինային միջոցառումների պահպանմանն ուղղված ոստիկանության կոշտ գործողություններն էին, որոնք ի վերջո մի շարք միջադեպերի պատճառ դարձան։

Դրանցից ամենաաղմկալին տեղի ունեցավ Բաքվի Յասամալի շրջանում։ Կիրակի օրը ոստիկանները փորձել էին բերման ենթարկել պարետային ժամը խախտած տեղի բնակիչներից մեկին՝ հանդիպելով նրա հարևանների կոշտ հակազդեցությանը։ Բազմահարկ շենքի բնակիչները ոչ միայն սկսել էին վիրավորել ոստիկաններին, այլև նրանց վրա աղբով լի տասնյակ տոպրակներ էին նետել։ Չնայած այս դիմադրությանը ոստիկաններին հաջողվել էր պարետային ժամը խախտած տղամարդուն բերման ենթարկել։

Թվում էր, թե միջադեպն այսքանով սպառված է։ Երկուշաբթի վաղ առավոտյան, սակայն, այն շենքը, որտեղ արձանագրվել էր բնակիչների և ոստիկանների բախումը, շրջապատել էին Ադրբեջանի ներքին գործերի նախարարության արագ արձագանքման գնդի հարյուրից ավելի ծառայողներ։ Նրանք իսկական ոստիկանական մի գործողություն իրականացրեցին, որի ընթացքում մուտք էին գործել մարդկանց բնակարաններ՝ բերման ենթարկվելով կիրակնօրյա միջադեպի բոլոր ակտիվ մասնակիցներին՝ ոմանց անգամ անկողիններից հանելով։ Ադրբեջանի ՆԳՆ տվյալներով, այս գործողության ընթացքում առնվազն 11 մարդ էր բերան ենթարկվել։

Ինչպես և կարելի էր ակնկալել, ադրբեջանական ընդդիմությունը խստորեն դատապարտում է ոստիկանության գործողությունները՝ պնդելով, որ դրանք իրավաչափ չէին։

«Ներքին գործերի նախարարությունը դուրս է եկել սահմանադրական վերահսկողությունից», - այսօր հայտարարել է մի շարք ընդդիմադիր կուսակցություններ միավորող «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը»։

«Իշխող վարչակազմը պետք է դադարի սեփական երկրի քաղաքացիներին որպես գերի ընկալել։ Ներքին գործերի նախարարությունը պետք է ներողություն խնդրի իր աշխատակիցների անբարոյական, անմարդկային գործողությունների համար», - նշված է ադրբեջանցի ընդդիմադիրների հայտարարության մեջ։

REAL կուսակցության առաջնորդ Իլգամ Մամեդովի համոզմամբ, տեղի ունեցած միջադեպը վկայում է երկրում ընթացող շատ ավելի խորքային գործընթացի մասին։

«Երկրում տարիներ առաջ հաստատված սոցիալական համաձայնագիրը ,երբ մարդիկ բարեկեցության [աճի] դիմաց հրաժարվում էին իրենց իրավունքներից, դադարում է գործել։ Ադրբեջանը կանգնած է պարզունակ ոստիկանական պետության վերածվելու վտանգի առջև», - Facebook-ում գրել է Մամեդովը՝ հավելելով․ - «Բաքվի շենքերից մեկում կազմակերպված անօրինական ոստիկանական գործողության բոլոր կազմակերպիչների նկատմամբ պետք է կիրառվի «Մագնիտսկու ակտը»»։

Ադրբեջանում իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ երկրի կառավարությունը կորոնավիրուսի դեպքերի թվի կտրուկ աճի ֆոնին որոշեց որդեգրել համաճարակի դեմ պայքարի թուրքական փորձը՝ հանսգտյան օրերին արգելելով խոշոր քաղաքների բնակիչներին դուրս գալ տանից։

Դեռ մինչև պարետային ժամի մեկնարկը բնակչության շրջանում խուճապային տրամադրություններ սկսեցին տարածվել։ Համացանցում, օրինակ, Բաքվի խանութներից մեկում արված մի տեսանյութ տարածվեց, որտեղ հստակ երևում էր, թե ինչպես են Ադրբեջանի մայրաքաղաքի բնակիչները հացի հերթում վիճում ու անգամ քաշքշում միմյանց։

Նման տրամադրությունների ֆոնին Ադրբեջանի կառավարությունը բավական լուրջ երկընտրանքի առջև է հայտնվել։ Մի կողմից կարանտինային միջոցառումների խստացումից հանրության մի զգալի մասի դժգոհությունն է, մյուս կողմից՝ կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճը, որը սկզիբ առավ կոշտ կարանտինի չեղարկումից հետո։

Պաշտոնական տվյալների համաձայն, վերջին մեկ շաբաթում Ադրբեջանի տարածքում կորոնավիրուսի շուրջ 2 հազար դեպք է արձանագրվել, համաճարակի ընթացքում մահացածների ընդհանուր թիվը հասել է 93-ի։

Դրան էլ գումարվում է Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով ծագած ճգնաժամը։ Այստեղ Ռուսաստանում աշխատող Ադրբեջանի հարյուրավոր քաղաքացիներ են կուտակվել, որոնց պաշտոնական Բաքուն թույլ չի տալիս հայրենիք վերադառնալ՝ վախենալով, որ նրանց մեջ կարող են վարակակիրներ լինել։ Հինգ օր առաջ սահմանին գտնվող Ադրբեջանի քաղաքացիներից մեկը՝ Հայաստանին սահմանակից Թովուզի շրջանի բնակիչ Ասիմ Թաղիևը հացադուլ էր հայտարարել։ Այսօր արդեն նրան ավելի քան 150 մարդ է միացել։ Ըստ ամենայնի, բողոքի այս ծայրահեղ միջոցն էր պատճառը, որ ադրբեջանական իշխանությունները այսօր որոշեցին զիջումների գնալ՝ թույլ տալով սահմանային անցակետում գտնվող շուրջ 700 քաղաքացիներից 130-ին հատել սահմանը։

XS
SM
MD
LG