Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ը նոր նախագահ ունի, Դավիթ Անանյանը նրան իր զորակցությունն է հայտնում


Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին, ով մինչ այս զբաղեցնում էր ընդամենը երկու օր առաջ պաշտոնից հեռացած ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանի տեղակալի պաշտոնը։

37-ամյա Հովհաննիսյանը սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ունի մագիստրոսի կոչում: Աշխատանքային գործունեությունը սկսել է հենց ՊԵԿ-ից ու 2009 թվականից սկսած աշխատել միայն ՊԵԿ համակարգում` սկզբում Արմավիրի տարածքային տեսչությունում, հետագայում պաշտոններ է զբաղեցրել Քննչական-հետաքննչական վարչություններում։ Հեղափոխությունից հետո նշանակվել է Քննչական վարչության պետ, ապա Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:

Այսօր արդեն փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նրան ներկայացրեց որպես ՊԵԿ նախագահ.- «Զբաղվել է բարդագույն քրեական գործերով և ապահովել է բարձր արդյունավետություն, և ես համոզված եմ, որ պարոն Հովհաննիսյանն այդ նույն արդյունավետությունն արդեն իսկ ապահովելու է որպես Պետական եկամուտների կոմիտեի նախագահ: Ես մաղթում եմ պարոն Հովհաննիսյանին հաջողություն, մասնավորապես մաքսային ռեֆորմների առաջմղման հարցում, արդյունավետ վարչարարության և այս գալիք դժվարին ժամանակաշրջանում նաև աշխատանքների անխափանությանն ապահովելու հարցում: Եվ ես համոզված եմ, որ պարոն Հովհաննիսյանի գլխավորությամբ Պետական եկամուտների կոմիտեն կարողանալու է ապահովել այն արդյունքները, որոնք նախանշված են և կարողանալու է էլ ավելի արդյունավետ դարձնել և՛ իր վարչարարությունը, և՛ իր գործիքները»:

Հանդիպմանը ներկա էր նաև արդեն նախկին նախագահ Դավիթ Անանյանը, ով հրաժարական ներկայացնելու մասին հայտարարել էր հունիսի 4-ին: Երեկ կոմիտեից պարզաբանել էին՝ Անանյանը վարչապետի հետ մասնագիտական պրոֆեսիոնալ դաշտում որևէ խնդիր չի ունեցել, տարաձայնությունն աշխատանքային բնույթի է` կապված կադրային խնդրի հետ: «Պարոն Անանյանը նախընտրել է ինքը հեռանալ, քան թե հեռացնի ոլորտում երկարամյա փորձ ունեցող արդյունավետ կադրերից մեկին»,- փոխանցել էին կոմիտեից։

Չի բացառվում, որ հրաժարականն ուղիղ կապ ունի վարչապետի ֆեյսբուքյան հրապարակումների հետ։ Այս շաբաթ Փաշինյանը նախ Արարատյան, հետագայում նաև Արևմտյան մաքսատներից լուսանկարներ էր հրապարակել, որոնցում հերթում սպասող քաղաքացիները չեն պահպանել սոցիալական հեռավորությունը: Վարչապետը հրապարակումներից առաջինում կոչ էր արել Անանյանին զբաղվել խնդրով, երկրորդում գրել էր. «Անպատասխանատվությունը անհետևանք չի մնա»։

Կառավարության այսօր տարածած տեսանյութում Անանյանը հրաժարականի պատճառների մասին չի խոսում, միայն հաջողություն է մաղթում նոր նախագահին.- «Սրտանց շնորհակալություն եմ հայտնում բոլորին, վերջին 2 տարվա ընթացքում իրար հետ աշխատելու և նոր որակներ ձևավորելու գործում իրոք շնորհակալ եմ, որովհետև այս 2 տարիներն իմ կյանքի պրոֆեսիոնալ տեսանկյունից ամենալավ տարիներն են եղել: Ես շնորհավորում եմ պարոն Հովհաննիսյանին սրտանց կրկին և նաև իմ զորակցությունն եմ հայտնել ու այսօր էլ եմ հայտնում և խնդրում եմ բոլորիցս, որ նույն ավյունով, առանց որևէ ջանք խնայելու համախմվել պարոն Հովհաննիսյանի շուրջ և էլ ավելի մեծ ձեռքբերումներ բերել մեր հայրենիքին»:

Լրագրողների համար հանդիպումը փակ էր, իսկ մասնակիցների հետ հանդիպման ավարտին խոսել մեզ չհաջողվեց: Ի՞նչ դիրքորոշում ունի ՊԵԿ նոր նախագահը իր ղեկավարած գերատեսչությունում կադրային քաղաքականության վերաբերյալ վարչապետի միջամտության ու դիտարկումների մասին, ՊԵԿ-ից չմեկնաբանեցին։

Կառավարության տարածած տեսանյութում նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը շեշտեց՝ ժառանգել է մասնագիտկաան բարձր պատրաստվածություն ունեցող համակարգ.- «Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը բարձր պատասխանատվությամբ ինձ վստահելու համար: Հուսով եմ, որ այսօր մեր անձնակազմն ի զորու է իր առջև դրված խնդիրները կատարել այնպես, ինչպես որ հարկն է, ինչպես որ վերապահված է եղել միշտ Պետական եկամուտների կոմիտեում»:

Նկատենք՝ խորհրդարանական ընդդիմությունն անհեթեթ է համարել մաքսատան կուտակումների պատճառով ՊԵԿ նախագահին աշխատանքից ազատելու փաստը:

«Հայաստանում բարձրաստիճան պաշտոնատար անձինք են ազատվում, որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչու»,- ասել էր ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ նկատել էր.- «Ամեն մեկը 5 տոկոսով, 7 տոկոսով ավելացնել դժգոհության ծավալը, և մի օր հասկանան, որ հնարավոր չի շարունակել աշխատանքը»:

XS
SM
MD
LG