Վարչապետի հետ մասնագիտական պրոֆեսիոնալ դաշտում որևէ խնդիր չի եղել: Այս մասին «Ազատության»-ը հայտնեցին Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ անդրադառնալով կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականին։
«Տարաձայնությունը եղել է բացառապես աշխատանքային բնույթի` կապված կադրային խնդրի հետ: Պարոն Անանյանը նախընտրել է ինքը հեռանա, քան թե հեռացնի ոլորտում երկարամյա փորձ ունեցող արդյունավետ կադրերից մեկին», - փոխանցեցին ՊԵԿ-ից։
Կոմիտեից հայտնում են, որ հրաժարականը բացարձակ կապ չունի մամուլում շրջանառվող մյուս բոլոր վարկածների հետ։
Գերատեսչությունում «Ազատության» աղբյուրները փոխանցում են, որ վարչապետի ֆեյսբուքյան հրապարակումներից հետո գործադիրից պահանջ է եղել հեռացնել Արարատյան մաքսատան պետ Մհեր Մարտիրոսյանին, բայց ՊԵԿ նախագահը հրաժարվել է՝ նախընտրելով ինքը հեռանալ։ Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, սակայն, «Ազատության» հետ զրույցում չհաստատեց այս տեղեկությունը։
Դավիթ Անանյանի հրաժարականից առաջ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում բազմաթիվ տեսանյութեր ու լուսանկարներ էր հրապարակել հակահամաճարակային անվտանգության կանոնները անտեսած քաղաքացիների մասնակցությամբ։ Երկու օր առաջ հրապարակումներից մեկը ՊԵԿ-ի կազմում գործող մաքսային ծառայության աշխատանքներին էր վերաբերում։ Լուսանկարը պատկերում է ծառայության մասնաճյուղերից մեկում խմբված մարդկանց, որոնք չեն պահել սոցիալական հեռավորությունը։ «Արարատյան մաքսատուն: Պարոն Անանյան՝ կարգավորեք արագ»,- գրել էր վարչապետը։ Իսկ դրանից հետո՝ արդեն երեկ, Փաշինյանն Արևմտյան մաքսատանը տիրող իրավիճակից լուսանկար հրապարակեց, ուր մարդիկ, դարձյալ, չեն պահել սոցիալական հեռավորությունը։ «Արևմտյան մաքսատուն. շատ մարդ չի վարակվի, ընդամենը մեկ-երկու հոգի. շարունակությունը երկրաչափական պրոգրեսիայով: Այս անպատասխանատվությունը անհետևանք չի մնա», - գրել էր Նիկոլ Փաշինյանը։
Իսկ արդյոք նոր հրաժարականներ սպասվո՞ւմ են՝ ՊԵԿ լրատվականից ասացին, որ պաշտոնական որևէ տեղեկություն այս պահին դեռ չկա։
Հրաժարականի մասին Դավիթ Անանյանը Ֆեյսբուքում էր գրել։ Պաշտոնյան շնորհակալություն էր հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՊԵԿ նախագահի պաշտոնն իրեն վստահելու համար։ Այսօր էլ խորհրդարանում անդրադառնալով Դավիթ Անանյանի հրաժարականին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նրան կատարված աշխատանքների համար։