ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական և դեմոկրատ սենատորները ներկայացրել են համատեղ օրինագիծ, որի նպատակն է խոչընդոտել Ռուսաստանից՝ Բալթյան ծովով դեպի Եվրոպա «Հյուսիսային հոսք-2» գազատար խողոկավաշարն անցկացնելու ծրագիրը:
Օրինագիծը ներկայացրել են հանրապետական սենատոր Թեդ Քրուզը և նրա դեմոկրատ գործընկեր Ջին Շահինը:
Օրինագծով առաջարկվում է ընդարձակել «Հյուսիսային հոսք-2» ծրագրի նկատմամբ արդեն սահմանված տնտեսական պատժամիջոցները:
Այդ խողովակաշարի անցկացումը ռուսական կողմին կընձեռի Եվրոպա փոխադրվող գազի ծավալը կրկնապատկելու հնարավորություն:
Անցյալ տարվա դեկտեմբերին Միացյալ Նահանգներն ընդունել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության պաշտպանության օրենքը, որով պատժամիջոցներ են սահմանվել Բալթյան ծովով խողովակաշարն անցկացնող նավերի նկատմամբ, ինչի արդյունքում ավարտին մոտ 11 միլիարդ դոլար արժեքով այդ ծրագիրը սառեցվել է:
Խողովակաշարի մնացած 160 կիլոմետրանոց հատվածն ավարտելու համար Ռուսաստանը Բալթյան ծով իր նավերն է ուղարկել:
«Հյուսիսային հոսք-2» ծրագրով Ռուսաստանից դեպի Գերմանիա կառուցվում է երկու զուգահեռ խողովակաշար, յուրաքանչյուրի երկարությունը` 1230 կիլոմետր:
Միացյալ Նահանգների համոզմամբ, «Հյուսիսային հոսք-2» նախաձեռնությամբ Մոսկվան թուլացնում է Ուկրաինայի դիրքերը և հզորացնում է Եվրոպայի վրա ճնշում բանեցնելու հնարավորությունները:
Խողովակաշարը Մոսկվային թույլ կտա գազը հասցնել Եվրոպա՝ շրջանցելով Ուկրաինայի տարածքը:
Մոսկվան պնդում է, որ Վաշինգտոնը խողովակաշարի հարցն արծարծում է աշխարհաքաղաքական նպատակներով և ցանկանում է Եվրոպային համոզել գնել ԱՄՆ-ում արդյունահանված բնական գազը, որի առաքումը ռուսականի համեմատությամբ շատ ավելի թանկ կլինի: