Մատչելիության հղումներ

Մեկուսացվածներին ֆինանսապես օժանդակելու օրինագծի ընդունումը հետաձգվեց


Խորհրդարանի նիստերի դահլիճում։ 4-ը հունիսի, 2020 թ․
Խորհրդարանի նիստերի դահլիճում։ 4-ը հունիսի, 2020 թ․

Իշխանությունները հայտարարում են, թե մտադիր են կորոնավիրուսի պատճառով մեկուսացված վարձու աշխատողներին և իրենք իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաստ հատկացնել, սակայն նման օժանդակություն նախատեսող օրինագիծը, որը խորհրդարանն ընդունել էր առաջին ընթերցմամբ, այսօր Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել և, դարձյալ քվեարկությամբ, ուղարկեց առաջարկությունների ներկայացման փուլ, քանի որ երեկ՝ առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո Կառավարության հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ լրացուցիչ քննարկումների, ուստի ժամանակի կարիք կա՝ հասկանալու, թե որքան ֆինանսական ռեսուրսներ են հարկավոր։

Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր և օրինագծի («Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ) հեղինակ Նարեկ Զեյնալյանը կոչ արեց իր գործընկերներին դեմ քվեարկել իր իսկ առաջարկությանը, որպեսզի մեկ շաբաթ - տասը օր ժամանակահատվածում «հիմնավորումներն ավելի հստակեցվեն»․ - «Ընդհանուր առմամբ, Կառավարությունը գաղափարին և մոտեցմանը դեմ չէ, բայց որոշեցինք, ընդհանուր կոնսենսուսի եկանք, որ մի քանի օր դադար վերցնենք, որպեսզի կարողանանք որոշակի հավելյալ հաշվարկներ կատարել և կանխատեսումներ կատարել։ Կառավարությունը այդ առաջարկությունը հնչեցրեց, և ըստ էության իմ կողմից դա ընդունելի առաջարկ է»։

Իշխանության այս առաջարկը հարուցեց ընդդիմության սուր քննադատությունը, և «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները սկսեցին մեղադրել իշխանություններին, թե նրանք իրականում մտքափոխ են եղել ու այլևս չեն ցանկանում նման օժանդակությունը կյանքի կոչել։

Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյան. - «Ինձ համար հաճելի անակնկալ էր այս նախագիծը, և օրինաչափ՝ Կառավարության արձագանքը։ Ես կասկած չունեի, որ հենց այդպիսին էլ լինելու է Կառավարության արձագանքը, որովհետև այստեղ խնդիրը հաշվարկները չեն ու թվերը չեն։ Ինչո՞ւ։ Որովհետև ամսի 25-ին առնվազն ընդդիմադիր խմբակցությունները իմացան, որ նման նախագիծ կա, այսօր ամսի 4-ն է, և առնվազն այդքան ժամանակը, վստահ եմ, նախագծի հեղինակները մինչև այդ էին քննարկում, բավարար էր բոլոր հաշվարկները անելու համար։ Եզակի ճիշտ կանխատեսում է արել Առողջապահության նախարարը, որ մայիսի վերջին լինելու է մոտ 10 հազար վարակակիր։ Այսպես էլ եղավ։ Էդ ո՞ր թվերն ու կանխատեսումներն են անհասկանալի, որ մինչև հիմա այդ հաշվարկները չեք կարողացել անել»։

Խորհրդարանի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Միքայել Մելքումյանը նոնսենս որակեց իրավիճակը՝ կարծիք հայտնելով, որ իրականում Կառավարությունն մտավախություն ունի, որ գումարը չի բավականացնելու օգնել օրինագծով նախատեսված բոլոր կարիքավորներին․ - «Ի՞նչ հաշվարկներ ա լինելու։ Կարելի էր գիշերը ժամը 12-ին, 1-ին նիստ նշանակել, ես, օրինակ, սիրով կգայի, կմասնակցեի, բոլոր հաշվարկները անեինք, առավոտ շուտ էդ հաշվարկները պատրաստ լիներ․․․ Այսինքն՝ ովքե՞ր են էդ հաշվարկները անելու, ո՞նց են անելու։ Ասենք թե 3 օր նստեցին, արեցին․․․ կարելի՞ էր գիշերը էդ հաշվարկները անել, և Ազգային ժողովի էս ամբողջ կազմը չբերեինք ստեղ նստեցնեինք, ասեինք՝ հետ են տանում դեպի մյուս ռեժիմ։ Ինչի՞ մասին ա խոսքը»։

Ազգային ժողովի իմքայլական փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանին, հորդորեց արագացնել աշխատանքները օրինագիծը ավարտուն տեսքի բերելու համար․ - «Այո, պարոն փոխնախարար, Դուք ստեղ ունեք պատասխանատվության Ձեր բաժինը, և այո, պետք է արագացնեք, և այո, քննադատությունները, որոնք ստեղ հնչում են, իրենց գերակշիռ մասով՝ հանած քաղաքական դեմագոգիան և պահի տակ պոռթկումները մի կողմ դնելով, այո, ճիշտ են էդ քննադատությունները։ Ակնհայտ է, որ աշխատանքները տեղի են ունենում, ակնհայտ է, որ այստեղ մենք ժամանակի խնդիր ունենք։ Ես Ձեզ կոչ եմ անում գիտակցել էն պատասխանատվությունը, որը որ դրված է մեր բոլորի վրա, մասնավորապես՝ Ձեր և ձեր նախարարության վրա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG