Մատչելիության հղումներ

Նախկին դատավոր Սամվել Ուզունյանի վերաբերյալ քրեական գործը կասեցվել է


51 հազար դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող նախկին դատավոր Սամվել Ուզունյանի վերաբերյալ քրեական գործը կասեցվել է մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով։ «Ազատության» հարցմանն ի պատասխան` այս գործը քննած Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց՝ այս գործին էր միացվել նաև Ուզունյանի՝ Հայաստանը լքելու գործը, որով քննվում էր՝ ում մեղքով ի վերջո նախկին դատավորը լքեց Հայաստանը։

Օհանջանյանը նաև ասաց՝ որ ոստիկանության ծառայողների արարքին հնարավոր կլինի գնահատական տալ հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի հայտնաբերվելուց հետո:

Անցած դեկտեմբերին հայտարարվեց նախկին դատավոր Ուզունյանին առնչվող քրեական գործի մասին, մինչև նախաքննական մարմինը կհասցներ Ուզունյանին մեղադրյալ ներգրավել, նա լքեց Հայաստանը։ Օդանավակայանում Ուզունյանին պատկանող ճամպրուկում փամփուշտ էին հայտնաբերել։ Նրա փախուստից հետո քրեական գործ հարուցվեց պաշտոնեական անփութության համար։

Ուզունյանը Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորն է։ Քրեական գործն առնչվում է այն ժամանակահատվածին, երբ Ուզունյանը ղեկավարում էր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: Ըստ Դատախազության` Ուզունյանը 2007-ին, ապա և 2014-ին քաղաքացիներից պահանջել և տարբեր ժամանակահատվածներում ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, մի դեպքում 13 հազար, մյուս դեպքում՝ 38 հազար դոլար։

XS
SM
MD
LG