Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) անցած շաբաթավերջին հրապարակեց իր խորհրդատվական կարծիքը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող՝ սահմանադրական կարգը տապալելու 300.1 հոդվածի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի լույսի ներքո, այն է՝ չկա պատիժ առանց օրենքի, դրա կիրառման վերաբերյալ:
Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրերն են Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը և Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:
Ստորև՝ հատվածներ հարցազրույցներից.
ՍԴ-ից բոլոր նրանք, ովքեր մասնակցել են դիմումի կազմմանը, «կարող են ամաչել»
Տիգրան Եգորյան. – Եվրոպական դատարանի որոշումը որևէ կերպ չի հաստատում իրենց դիրքորոշումները և իրենց դիրքորոշումների արժեքը որևէ կերպ չի փոխում:
Իսկ Սահմանադրական դատարանը ինչ կարող է անել, ես ասեմ հետևյալը. կոնկրետ էս խորհրդատվական կարծիքի կապակցությամբ, առաջին հերթին, կարող է ամաչել՝ բոլոր նրանք, ովքեր մասնակցել են էս դիմումի կազմմանը և հարցերի ձևակերպմանը, որքանով որ դա իրենց համար կիրառելի կլինի, երկրորդ հերթին, եթե կհասկանան՝ հասկանալ, որ էս գործով իրենք անելիք չունեն:
Բայց մեր Սահմանադրական դատարանը էսօրվա դրությամբ, ճգնաժամի կապակցությամբ, դրա հաշվառմամբ, ես կարող եմ ասել, որ այսպես կոչված Սահմանադրական դատարանում գործող մեծամասնության գործողությունները կանխատեսելի չեն, և նրանք ինչ ուզեն կարող են անել, ինչպես վարվել են այս վերջին շրջանում ցանկացած հարցի կապակցությամբ, այդ թվում, օրինակ, նաև Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները տապալելով, այսպես ասած:
Այնպես որ, այդ կանխատեսումները որևէ կապ չունեն Եվրոպական դատարանի հետ, էդ հնարավոր գործողությունները կախված են Սահմանադրական դատարանում գործող և օրըստօրե ավելի մեծ հուսահատության մեջ գտնվող՝ Սահմանադրական դատարանի հետ մեծ հաշվով կապ չունեցող մեծամասնության իռացիոնալ գործողությունների հետ:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը վստահեցնում է՝ ՄԻԵԴ-ն արձանագրել է իրենց պնդումները
Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանական խումբն էլ վստահեցնում է՝ Ստրասբուրգի դատարանն արձանագրել է իրենց պնդումները.
«Ազատություն». – ՄԻԵԴ Մեծ պալատի նշված դիրքորոշմամբ, ըստ Դատախազության, արտահայտված քրեական իրավունքի այս հանրաճանաչ սկզբունքը ինքնին ընկած է Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում:
Արամ Վարդևանյան. – Ես մեծ ցավ եմ ապրում, որ մեր Դատախազությունը փորձում է նման տեսակ իրավական մանիպուլյացիայի դիմել, որովհետև հենց ամբողջ խնդիրը նրանում է, որ այդ հանրաճանաչ իրավական որոշակիության սկզբունքը աղերս չունի Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հետ, որ նույնիսկ մինչ օրս հնարավոր չի լինում հասկանալ, թե Ռոբերտ Քոչարյանին առհասարակ ինչի մեջ են մեղադրում: Եվ ինչի չեն կարողանում դա ասել, որովհետև այդ Եվրոպական դատարանի արձանագրած և մեր կողմից նախկինում այդքան ասված՝ որոշակիությունն ու կանխատեսելիությունը չկա:
Տեսեք, երբ մենք խոսում ենք 300.1-րդ հոդվածի մասին, մենք այնտեղ հենց տեսնում ենք ամենամեծ խնդիրը որոշակիության մեջ, որովհետև չենք կարողանում հասկանալ սկիզբը և ավարտը արարքի:
Եվ Եվրոպական դատարանը նաև դա է ասել, ի դեպ, որ ափսոս, որ մեր Դատախազության գործընկերները միգուցե փաստաթղթին հապճեպ են փորձել ծանոթանալ, կամ թարգմանության հետ կապված խնդիր է եղել, որովհետև կարծես իրենք հենց մեզ դրանում էին մեղադրում, որ դեռ թարգմանություն չարված՝ արդեն մեկնաբանում ենք:
«Ազատություն». – Իրենք ձեզ ասում են, որ ուք մանիպուլյացիա եք անում:
Վարդևանյան. – Ես ինքս, ասեմ, անգլերենի իմ գիտելիքների մասով, կարծում եմ, չեմ ցանկանում գլուխ գովալ կամ նման բան ասել, բայց ինքս Ամերիկյան համալսարանում դասավանդել են անգլերեն, և անգլերենի իմացությունս՝ թե՛ Եվրոպական դատարանի նախադեպերին ծանոթ լինելու և այլ հանգամանքներում, առավել քան բավարար է:
Եվ տեսեք ինչ է արձանագրում Եվրոպական դատարանը: Եթե Եվրոպական դատարանը տեսներ, որ 300.1-րդ հոդվածը, ըստ Դատախազության ընկալման, համապատասխանում է որոշակիության սկզբունքին, հավատացեք՝ այդպես էլ կգրեր իր խորհրդատվական կարծիքի մեջ, ոչ ոք չէր սահմանափակել Եվրոպական դատարանին, օրինակ, նման դիրքորոշում հայտնելու, որովհետև ինքը վերլուծել է 300.1-րդ հոդվածը:
«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի մայիսի 31-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.