Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր հրապարակել է իր խորհրդատվական կարծիքը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու 300.1 հոդվածի վերաբերյալ, ինչպես նաև դրա կիրառմանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի լույսի ներքո՝ չկա պատիժ առանց օրենքի։
Պատասխանելով Մարտի 1-ի գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերող թերևս ամենակարևոր հարցին՝ Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածին, ՄԻԵԴ դատավորները իրենց խորհրդատվական կարծիքում գրել են՝ գնահատական տալու համար պետք է հաշվի առնել գործի կոնկրետ հանգամանքները, այլ ոչ թե կատարվի վերացական մեկնաբանություն։ Ըստ էության, գլխավոր հարցը վերաբերում էր օրենքի հետադարձ կիրառման արգելքի սկզբունքին, մասնավորապես, թե հանցանքի կատարման պահին և դրանից հետո փոփոխված օրենքների համադրման համար ինչ չափորոշիչներ կան։
Քոչարյանը մեղադրվում է 300.1՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածով, 2008-ին գործում էր 300-րդ հոդվածը՝ իշխանության յուրացում։ Նախկին նախագահի պաշտպանները պնդում են, որ նա չի կարող մեղադրվել մի հոդվածով, որը 2008-ին գոյություն չի ունեցել։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն, ըստ էության, գոհ են ՄԻԵԴ-ի այսօրվա կարծիքից։ Ավելին, փաստաբան Արամ Վարդևանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝ Ստրասբուրգի դատարանը գրել է այն, ինչ իրենք պնդում են Քոչարյանին մեղադրանք ներկայացնելուց հետո։ Եթե Եվրոպական դատարանը երկրորդ նախագահին մեղսագրվող 300.1 հոդվածում խնդիր չտեսներ, չէր անդրադառնա այս հարցին, իրենց փաստարկն է ներկայացնում փաստաբանը.- «Նաև նշել է կանոնը, թե ինչպես է պետք որոշել` հետադարձ ուժի կանոնը կիրառելի է, թե կիրառելի չէ, այսինքն` արդյոք արարքի քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, թե ոչ: Պետք է ուշադրություն դարձնել ներպետական պրակտիկային, սա բառացի տեղ է գտած այս խորհրդատվական կարծիքի մեջ, և այս դեպքում մենք ունենք Հայաստանում ներպետական պրակտիկա, մենք ունենք «Յոթի գործ», մենք ունենք նաև նույն հատկանիշներով «Յոթի գործի» նաև Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցում մեկ հիմքով պայմանավորված` հետադարձ ուժի»:
Վարդևանյանը նկատի ունի 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո ընդդիմադիր Ալեքսանդր Արզումանյանի և մյուսների գործը։ Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ 2009-ի մարտի 31-ին մեղադրող դատախազների որոշմամբ ընդդիմադիրներ Ալեքսանդր Արզումանյանի ու մյուսների նկատմամբ Քրեական օրենսգրքի 300 հոդվածի՝ իշխանության յուրացման մասով հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Արամ Վարդևանյանի վկայակոչած նախադեպի մասին Եվրոպական դատարանը գրում է, որ հենց իրենք հաշվի են առնում գործի կոնկրետ, որոշակի հանգամանքները, որոնք հաստատվել են ազգային դատարանների կողմից, երբ գնահատել են՝ արդյոք կատարված արարքները պատժելի են եղել իրենց կատարման պահին գործող օրենքների համաձայն։ Ավելին, նախադեպային իրավունքի ընդհանուր սկզբունքների համապատասխան՝ իրենք հաշվի են առել ներպետական դատարանի նախադեպային իրավունքը, եթե, իհարկե, այդպիսիք առկա են։
Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն իր հերթին պնդում է՝ այսօրվա կարծիքը այն է, ինչ իրենք են ներկայացրել ՄԻԵԴ իրենց դիրքորոշումն արտահայտելիս։ Եգորյանը շեշտում է՝ ՄԻԵԴ-ի կարծիքից ուղղակիորեն բխում է, որ դատավորը հենց դատաքննության ժամանակ պետք է որոշի՝ արդյոք Քոչարյանին մեղսագրվող հոդվածն ունի հետադարձ ուժ, թե ոչ.- «Եվրոպական դատարանը նշել է, որ հետադարձ ազդեցության կապակցությամբ ևս կա բավական հարուստ դատական պրակտիկա, և կա նաև անդամ պետությունների պրակտիկա ևս բավական հարուստ, որը կարելի է ուսումնասիրել, և այն բավական օգտակար կլինի: Եվ նշել է, որ այդ կապակցությամբ ևս դատարանը ներկայացված հարցին առ այն, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանին 300.1 հոդվածով առաջադրված մեղադրանքը կարող է հակասել կոնվենցիայի 7-րդ հոդվածին, պատասխան չի տալիս, որովհետև այդ պատասխանը կլինի չափազանց աբստրակտ: Այդ հարցին պետք է պատասխանի ազգային դատարանը, որը քննում է կոնկրետ գործը»:
Նույնը վերաբերում է Քոչարյանին մեղսագրվող հոդվածի հստակությանը, ասում է Եգորյանը.- «300.1 հոդվածը չի կարող գերազանցել Սահմանադրության այն հոդվածների բովանդակությունը, որոնց հղում է կատարվում: Դա նշանակում է, որ եթե Սահմանադրությունը սահմանում է առաջինից, ենթադրենք, 5-րդ հոդվածներ, 6-րդ հոդվածի առաջին մաս, կոնկրետ շրջանակ գործողությունների և ստանդարտների, որոնք չեն կարող խախտվել, այդ շրջանակից դուրս չի կարող գալ 300.1 հոդվածը»:
Հարցին` 300.1 հոդվածն, ըստ այդ ձևակերպման համապատասխանում է, նա ասաց.- «Այո, համապատասխանում է»:
Մինչդեռ նախկին նախագահի փաստաբանները պնդում են՝ դատարանը երրորդ հարցին պատասխանելիս գրել է՝ երկրորդ նախագահին վերագրվող հոդվածը հստակության խնդիր ունի.- «Եվրոպական դատարանն, ինչպես նախկինում մենք բազմաթիվ անգամներ նշում էինք, հստակ նշում է, որ բլանկետային նորմը կարող է կիրառելի լինել, կարող է լինել իրավաչափ միայն այն դեպքում, եթե այն բավարար հստակ է և կանխատեսելի»,- նշեց Վարդևանյանը:
Սահմանադրական դատարանի երրորդ հարցն այն էր, թե կարո՞ղ է արդյոք ավելի բարձր իրավաբանական ուժ և վերացականության ավելի բարձր աստիճան ունեցող օրենքը բավարարել որոշակիության, հասանելիության, կանխատեսելիության և կայունության պահանջները։ Խոսքն այն մասին է, որ քրեական օրենսգրքում 300.1 հոդվածում վկայակոչվում են Սահմանադրության մի շարք հոդվածներ, որոնք, ըստ փաստաբանների, չեն հստակեցնում մեղադրանքը։ Եվ հենց այս հանգամանքն է, որ Քոչարյանի փաստաբանները համարում են ոչ հստակ՝ պնդելով նախկին նախագահին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածը հստակ չէ։
ՄԻԵԴ-ի մեծ պալատը իր կարծիքում գրել է, որ հանցանքները քրեականացնելու համար «համընդհանուր հղում» կամ «օրենսդրություն ըստ հղման» տեխնիկան կիրառելիս պետք է անհատներին հնարավորություն տալ կանխատեսել, թե ինչպիսի վարքագիծը նրանց քրեական պատասխանատվության կենթարկի։ Ի թիվս այլ բաների, հստակության և կանխատեսելիության ապահովման ամենաարդյունավետ ճանապարհն այն է, որ հղումը լինի հստակ, և այդ դրույթը ներկայացնի հանցագործության բաղադրիչ տարրերը։
Հայաստանի բարձր դատարանը 2019-ի հուլիսին էր դիմել ինչպես Վենետիկի հանձնաժողով, այնպես էլ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ ակնկալելով 4 հարցի պատասխան ստանալ։ Ստրասբուրգի դատարանի Մեծ պալատը միաձայն գտել է, որ չի կարող պատասխանել Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից առաջադրված առաջին երկու հարցերին: Մասնավորապես, դատարանը չի կարողացել ուղղակի կապ գտնել հարցերի և այժմ Հայաստանում ընթացող դատավարության միջև։
Այդ հարցերը հետևյալն էին՝ արդյո՞ք որակական նույն պահանջներն են ներկայացվում Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 7-րդ և կոնվենցիայի 8-11-րդ հոդվածներում հանցագործություն սահմանող կիրառվող օրենք հասկացությունների նկատմամբ, եթե ոչ, ապա ինչպիսի՞ չափորոշիչներով են դրանք սահմանազատվում։ Այդ պահանջներն են որոշակիությունը, հասանելիությունը, կանխատեսելիությունը, կայունությունը։
Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածն այն մասին է, որ ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը, կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել։ Բայց այդ նույն հոդվածում նաև ասվում է, որ այս հոդվածը չի խոչընդոտում ցանկացած անձի դատի տալ և պատժել որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարվելու պահին, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքներին համապատասխան, համարվել է քրեական հանցագործություն:
Մինչ Քոչարյանի պաշտպանական թիմը պնդում է, թե այս երկու հարցերի պատասխանները ՄԻԵԴ ը տվել է երրորդ պատասխանում, Տիգրան Եգորյանն այլ կարծիք է հայտնում՝ ՄԻԵԴ-ն իր զարմանքն է հայտնում այդ երկու հարցերի վերաբերյալ, որոնք չեն բխում այս գործից, ասում է Եգորյանը և հավելում՝ այդ հարցերն անգամ պիտանի չեն այնքան, որ դատարանը վերաձևակերպելով՝ պատասխաններ տար դրանց։
Դեռևս անցած տարի Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի գործն այն ժամանակ քննած դատավոր Դավիթ Գրիգորյանը և հենց Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել էին Սահմանադրական դատարան՝ երկրորդ նախագահին մեղսագրվող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելության ինստիտուտի էությունը որոշելու խնդրանքով։ Սահմանադրական դատարանն էլ, իր հերթին, որոշել էր կասեցնել այս դիմումի քննությունը և խորհրդատվության համար դիմել միջազգային կառույցներին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովին։ Վենետիկի հանձնաժողովից դեռ պատասխան չի ստացվել: