Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը տրամագծորեն հակառակ մեկնաբանությունների է արժանանում


Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պնդում է, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ուրվագծել է Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածի ոչ հստակ լինելը։

«ՄԻԵԴ-ն ասել է՝ 300.1 հոդվածի գոյությունն ինքնին չի համարվում Եվրոպական կոնվենցիայի խախտում», - սա էլ խորհրդարանի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, իշխանական «Իմ քայլից» Վլադիմիր Վարդանյանի գնահատականն է ստրասբուրգյան դատարանին կարծիքին։

Քոչարյանը մեղադրվում է 300.1՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածով: Արարք, որի համար 2008-ին մեկ այլ՝ 300-րդ հոդվածով էր պատիժ սահմանված։ Նախկին նախագահի պաշտպանները պնդում են, որ նա չի կարող մեղադրվել մի հոդվածով, որը 2008-ին գոյություն չի ունեցել։

Վլադիմիր Վարդանյան. – «Ասել ա, գիտեք ինչ կա, ես էս հարցով քեզ խորհուրդ չեմ կարող տալ: Չորս հարցից էրկուսը ընդհանրապես ինձ չի վերաբերվում, ես դրա մասնագետը չեմ և իրավունք էլ չունեմ դրան պատասխանելու: Մնացած երկու հարցերը կախված են գործի կոնկրետ հանգամանքներից: Տվյալ պարագայում առերևույթ երբ որ ես ուսումնասիրում եմ 300.1 հոդվածը և նրա ձևակերպումները, համադրում եմ եվրոպական մոտ 41 երկրների պրակտիկայի հետ, ապա ես չեմ տեսնում որևիցե հիմք ենթադրելու, որ Եվրոպական կոնվենցիայի խախտում կարող է դիտարկվի ինքնին նման հոդվածի առկայությունը: Եվրոպական դատարանը էսօր միանշանակ ասել ա` քրեական գործը քննող դատավորը պետք է վերլուծի արարքը, վերլուծի հոդվածը և հասկանա` տեղի՞ ա ունեցել ապաքրեականացում, թե՞ ապաքրեականացում տեղի չի ունեցել: Կարծես թե եթե համադրում ենք 2008 թվականին գործած 300 հոդվածը և 2009 թվականին ըստ էության փոփոխված կամ լրացրած 300.1 հոդվածը, ապա տեսնում ենք, որ 300-ի համեմատ հստակեցում է կատարվում, բովանդակային առումով փոփոխություն չի տեղի ունենում»:

Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի կարծիքը միանշանակ է. – «ՄԻԵԴ-ը առանց սեթևեթանքի ու իրավաբանական բարդ տեքստերի տվել է ամենակարևոր հարցի պատասխանը՝ Ռոբերտ Քոչարյանին 300.1 հոդվածով կարող էր առաջադրվել սահմանադրական կարգի տապալման մեղադրանք»։

Խաչատրյանը միևնույն ժամանակ շեշտեց, որ Եվրադատարանի կարծիքը «պարտադիր կիրառման ուժ չունեցող փաստաթուղթ է»․ - «Մանիպուլյացիան որ անում են ինչի՞ մասին ա: Հանցագործություն չի համարվել որևէ արարք, իսկ հետո այդ արարքը համարվել է հանցագործություն, և էստեղ հետադարձության խնդիր է առաջանում: Էստեղ խոսքը շատ ավելի պրիմիտիվ է, արարքը էն ժամանակ էլ ա եղել քրեականացված, հիմա էլ ա քրեականացված, փոխվել է հոդվածի ձևակերպումը: Հենց այդ պատճառով էլ մենք միշտ պնդել ենք, որ Ռոբերտ Քոչարյանին պիտի մեղադրանք առաջադրվեր 300.1 հոդվածով: Ինչի մասին փաստել է նաև Եվրոպական դատարանը այս խորհրդատվական կարծիքով»:

Կասեցնելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործին վերաբերող երկու դիմումների վարույթները՝ Սահմանադրական դատարանը դիմել էր ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այնպես էլ Վենետիկի հանձնաժողով՝ երկուսից էլ խորհրդատվական կարծիք ակնկալելով:

ԱԺ-ի պետաիրավական հանձնաժողովի նախագահի խոսքով, գործի քննությունը կվերսկսի եվրոպական մյուս կառույցի պատասխանը ևս ստանալուց հետո միայն։ Այս պահին անհայտ է, թե երբ այն կհրապարակվի։

«Վենետիկի հանձնաժողովից համապատասխան կարծիքը ստանալուց հետո, եզրակացությունը ստանալուց հետո գործի քննությունը դատարանը պետք է վերսկսի, որովհետև վերացել են այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել այդ գործի քննությունը կասեցնելու համար», - ասաց Վարդանյանը:

XS
SM
MD
LG