1968 թվականին Սարդարապատի նշանավոր ճակատամարտի վայրում հայ ժողովրդի հաղթանակի 50-ամյակի կապակցությամբ հանդիսությամբ բացվեց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը, որի հեղինակներն էի ժամանակի մեր լավագույն արվեստագետները՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և քանդակագործներ Արա Հարությունյանը, Արշամ Շահինյանն ու Սամվել Մանասյանը:
Ի դեպ, հուշահամալիրի վայրն ընտրել է անձամբ հուշահամալիրի հեղինակը՝ Ռաֆայել Իսրայելյանը: Նրա նախագծմամբ էլ 30 հեկտար տարածք զբաղեցնող հուշահամալիրում տեղ է գտել նաև Հայոց ազգագրության թանգարանը, որտեղ պահպանվում են հայ ժողովրդի հազարամյակների պատմությունն ու մշակույթը ներկայացնող հազարավոր ցուցադրանմուշներ՝ սկսած վաղ բրոնզե դարից մինչև մեր օրերը:
Ի դեպ, Հայոց ազգագրության թանգարանը, ի թիվս այլ ցուցադրանմուշների, ունի նաև հայկական ավելի քան 20 հազարգորգերի ու կարպետների հավաքածու, որից ընդամենը 20-նն է ցուցադրվում:
Ամեն տարի այս օրը թանգարանը, ի նշանավորումն Սարդարապատում թուրքական կանոնավոր բանակի դեմ հայ ժողորվրդի տարած հաղթանակի և Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման, հանդես էր գալիս նոր ցուցադրությամբ և զանազան միջոցառումներով:
Այս տարի թանգարանի նոր ցուցադրությանը կարելի է ծանոթանալ միայն առցանց հարթակում:
«Ազատության» հետ զրույցում թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյանն ասաց. – «Նախ շնորհավորում եմ օրվա հետ կապված: Միանշանակ մեր ազգի համար կարևորագույն օրերից մեկն է: Մի շարք պատմաբաններ և ոլորտի մասնագետներ շատ հաճախ նաև օրը և ընդհանրապես 1918 թվականի մայիսին ծավալված իրադարձությունները նույնիսկ Ավարայրի ճակատամարտից ավելի բարձր են դասում, որովհետև մեր հայ ժողովրդի հարյուրամյակների իղձը վերջ ի վերջո 1918 թվականի մայիսին դարձավ իրականություն` վերականգնվեց հայոց անկախ պետականությունը»:
Անդրադառնալով թանգարանի աշխատանքին կորոնավիրուսի համաճարակի պայմաններում` տնօրենն ասաց. – «Թանգարանն ակտիվ գործունեություն է ծավալում առցանց հարթակում` մի շարք կրթական ծրագրերի միջոցով, նոր ցուցադրության միջոցով փորձելով անպայման պահել թանգարանասեր հասարակության, ժողովրդի կապը թանգարանի հետ: Մեր մոտ պահուստներում գտնվող և երբևէ չցուցադրված թանգարանային առարկաները մշակվել են և առցանց հարթակում կներկայացվեն: Օրվա խորհրդի հետ կապված բացվել է «Զենքը արիականության խորհրդանիշն է» խորագրությունը կրող ժամանակավոր ցուցադրությունը: Հատված առ հատված կդնենք այն զենքը, որն արտադրվել է 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին և գործածության մեջ եղել Առաջին աշխարհամարտի տարիներին և պատերազմի վերջափուլում, մասնավորապես մայիսյան հերոսամարտերի ժամանակ»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ.