Մատչելիության հղումներ

Հայաստանը նշում է Հանրապետության տոնը


Հայաստանը այսօր նշում է Հանրապետության տոնը:

102 տարի առաջ մայիսի 28-ին հայտարարվեց Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին, և մոտ ինը դար տևած ընդմիջումից հետո վերականգնվեց հայոց պետականությունը:

Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի վարչապետը և նախագահը, Արցախի նախագահը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական, քաղաքական գործիչներ, կազմակերպություններ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. – «1918 թվականի մայիսի 15-ին Ալեքսանդրապոլը գրավելուց հետո, մայիսի 21-ին թուրքական առաջապահ ուժերը հասել էին Սարդարապատ գյուղ և թվում էր՝ նրանք անխուսափելիորեն մուտք են գործելու Էջմիածին ու Երևան, և հայության մնացած հատվածն էլ դատապարտվելու է ոչնչացման: Դրությունն օրհասական էր: Սակայն պետք էր ոտքի կանգնել՝ ուժերի գերլարումով դիմակայելու մահաբեր գրոհին: Եվ հենց Արամ Մանուկյանը դարձավ հայության ոգու, կամքի ու ուժի մարմնավորումը. միշտ արդարադատ ու վճռական Արամը հուսահատության այդ օրերին ասում էր. «Դեպի գործ և աշխատանք, ու հաղթողը մենք ենք լինելու»: Հուսահատությունը շուտով փոխվեց ոգևորության: Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական մարտերում հայ ժողովուրդը մեկընդմիշտ ամրագրեց իր տեղն աշխարհի քարտեզի վրա. մայիսյան հաղթանակների շնորհիվ է, որ ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը»:

«Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսները դարձան Հայաստանի անկախության կերտողները: Հավերժ փառք Արամ Մանուկյանին, Թովմաս Նազարբեկյանին, Մովսես Սիլիկյանին, Դրոյին, Նժդեհին, Դանիել ու Պողոս Բեկ Փիրումյաններին, եզդիական հեծյալ ջոկատի հրամանատար Ջհանգիր աղային, ողջ հայկական բանակին ու աշխարհազորայիններին, զենքը ձեռքին կռվող հոգևորականներին», - նշված է ուղերձում, որը հրապարակել է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«1918 թվականի այսօրվա Եռաբլուրի տարածքում Արամ Մանուկյանի նախաձեռնությամբ աշխատում էին շուրջ 1500 կին ու տղամարդ, նրանք ամրացնում էին դիրքերը. Եռաբլուրը Երևան քաղաքի պաշտպանական վերջնագիծն էր: Սարդարապատի հաղթական ճակատամարտը զերծ պահեց Երևանը գրավվելուց, իսկ Եռաբլուրը տարիներ անց դարձավ յուրատեսակ ուխտատեղի՝ ոգեկոչելու Արցախի ազատության համար կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակը:

Այսօր մենք հավատարիմ ենք Սարդարապատի և Արցախի հաղթական ավանդներին ու պատգամներին, հավատացած ենք՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը՝ արդար, բռնությունից զերծ, առաջխաղացման ու փոփոխության ձգտող ստեղծագործ հասարակությամբ, ուժեղ տնտեսությամբ ու էլ ավելի ուժեղ ու արդիական բանակով:

Արամ Մանուկյանը ասում էր. «...դուք պիտի իմանաք, որ ես անոյժ եմ առանց ձեզ: Հերոսը ինքը ժողովուրդն է և եթե ժողովուրդը պատրաստակամություն ունի... աշխատել ու փրկել հայությունը վերահաս կործանումից, ապա իմ ու ինձ նման շատերի աշխատանքը ապարդիւն չի անցնի»:

Ուստի միասին դեպի գործ և աշխատանք, դեպի մեր երազանքների Հայաստան:

Համոզված եմ, Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին այլևս երբեք թույլ չի տա պետականության կամ քաղաքացիության կորուստ, ինքնիշխանության և իրավունքի կորուստ, հավատի և լավատեսության կորուստ:

Հայաստանի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան, Հայաստանի դրոշը պետք է հավիտյան ծածանվի՝ խորհրդանշելով մեր ոգին ու հպարտությունը, մեր ազատությունն ու ինքնիշխանությունը», - շեշտում է Նիկոլ Փաշինյանը:

Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասված է. - «Հայոց պետականությունը վերականգնվեց միջազգային բարդագույն իրադրության պայմաններում, երբ դեռ մոլեգնում էր Առաջին համաշխարհային պատերազմը, որի ամենաարյունալի ճակատներից մեկը դարձել էր բուն Հայաստանն՝ իր Արևմտյան և Արևելյան մասերով: Պատերազմի քողի տակ Օսմանյան Թուրքիան արդեն տեղահանել և կոտորել էր միլիոնավոր հայերի և վտանգի տակ դրել հայ ժողովրդի բուն գոյությունը: Այս օրհասական պայմաններում, թուրք նվաճողների դեմ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսիայի հերոսամարտերից հետո, 1918թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի անկախությունը»:

«Առաջին Հանրապետության պատմական նշանակությունը անգնահատելի է:

Կիլիկյան Հայոց թագավորության անկումից ավելի քան 500 տարի անց վերականգնվեց հայոց պետականությունը: Դա սերունդների երազանքն էր և ազգային-ազատագրական դարավոր պայքարի արդյունքը», - ասված է Արմեն Սարգսյանի ուղերձում, որը հրապարակել է Հայաստանի նախագահի գրասենյակը:

«Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս: Ամենամեծ դասը սեփական ուժերի վրա հենվելն է, իսկ այդ ուժը գոյացնելու համար՝ ազգային գերագույն նպատակ ձևավորելը և դրա շուրջը համախմբվելը:

Մեր ժողովրդի ապահով, անվտանգ ու բարեկեցիկ ապագայի երաշխիքը պետք է լինի Հայաստանի որպես հայության համար աշխարհաքաղաքական ելակենտրոնի գաղափարախոսության իրագործումը», - ընդգծում է Հայաստանի նախագահը:

«Երկար դարեր մեզ միավորել և ուղեկցել է միասնական Հայրենիքի գաղափարը, որ փոխանցվում է սերնդից սերունդ:

Այն մեր ազգային մեծ ուխտն է, մեր քաղաքական և պատմական ժառանգությունը:

Մեր օրերում դա դրսևորվում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության տեսքով: Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և արդարացի լուծման և Հայոց ցեղասպանության ճանաչման և նրա հետևանքների վերացման հարցերը տեղավորվում են հենց այդ հասկացության մեջ:

Մարդկության պատմական փորձը մեզ ուսանում է, որ գործնական քաղաքականությունը վարվում է ըստ այդ պահին առկա պայմանների և հնարավորությունների, սակայն ազգային գերագույն նպատակը շարժիչ ուժն է ազգի առաջընթացի և հաջողության:

100 տարի առաջ այդ նպատակը մտքում և զենքը ձեռքներին մեր նախնիներն անձնվեր պայքարում էին Հայաստանի փրկության և անկախության համար:

1991թ. անկախությունից հետո Հայաստանը աշխարհում վերագտել է իր ուրույն տեղը: Ներկա և հաջորդ սերունդների պարտքն է կերտել կայուն, զարգացած և միասնական Հայրենիք, որն իր հովանու տակ կառնի ողջ հայ ժողովրդին», - ասված է Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ուղերձում ընդգծում է. - «1918 թվականին Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի կյանքում՝ զբաղեցնելով իր առանձնահատուկ տեղը մեր բազմադարյա պատմության մեջ: Հարյուրամյակներ շարունակ զրկված լինելով պետականությունից, ենթարկվելով ցեղասպանության ու հայրենազրկման՝ հայը կարողացավ կրկին ոտքի կանգնել ու պաշտպանել իր հողը, սեփական հողի վրա ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը, վերակերտել պետականությունն ու ամուր հիմք ստեղծել հուսալի ապագայի համար»:

«Մենք հպարտ ենք, որ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի պանծալի հաղթանակները կերտած մեր հերոս նախնիների հետնորդներն ենք, որ մեր երակներում հոսում է նրանց արյունը, և որ նրանց արիությամբ ոգեշնչված կերտեցինք մեր նորօրյա հաղթանակները: Ավարայրից մինչև Սարդարապատ և Շուշի մեր բոլոր հաղթանակների խորհուրդը մեկն է՝ լինել միասնական ու միակամ, կուռ ու անսասան, անել մեզնից կախված ամեն ինչ՝ հանուն Հայրենիքի ազատության ու անկախության, հանուն մեր սերունդների բարեկեցիկ ու երջանիկ ապագայի: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր բոլոր քույրերին ու եղբայրներին՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Թող հայ ժողովրդի հաղթանակները լինեն ամուր ու մշտական», - ասված է ուղերձում, որը տարածել է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հանրապետության օրվա առիթով ողջույն ենք հղում համայն մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս և բերում Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները», - ասված է Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի շնորհավորական ուղերձում:

«Այսօր ոգեկոչում ենք Առաջին Հանրապետության հաստատման հիշատակները, որոնք մատուցում են մեզ հայրենասիրության, հավատքի, միասնականության ոգով հաղթանակելու օրինակը: Նվիրական այս օրը մեր հայացքն ուղղում ենք դեպի Սարդարապատի հուշահամալիր, որը պանծացումն է մեր ժողովրդի ազատատենչ ու հերոսական մաքառումի, մայիսյան հերոսամարտերում հայոց բանակի, աշխարհազորի և զինվորյալ հոգևորականների անձնուրաց պայքարի գնով ձեռք բերված փառավոր հաղթանակի։ Այսօր նաև մեր խոնարհումն ենք բերում երջանկահիշատակ Գևորգ Ե Հայոց Հայրապետին, ով իր աննկուն կեցվածքով, խրոխտ խոսքով զորացրեց ոգին հայոց քաջերի և անուրանալի վաստակ ունեցավ հաղթանակների կերտման լուսավոր գործում։ Մայիսյան հերոսամարտերում գերագույն ջանքերով պաշտպանելով հայրենիքը՝ մեր ժողովուրդը երկարատև դադարից հետո վերականգնեց ազգային պետականությունը, որին նվիրեց իր բոլոր ուժերը, իր զավակների կյանքը՝ իրագործելու վաղնջական իր բնօրրանում ազատ ապրելու իրավունքը և խաղաղ զարգանալու տեսլականը», - նշված է Վեհափառի ուղերձում, որը հրապարակել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

«Սիրելիներ, մեր պարտքն է այդ վառ տեսլականով ջանքեր ներդնել՝ հանուն հզոր հայրենիքի, մեր ժողովրդի բարօր ու ապահով կյանքի և ազգային մեր նվիրական իղձերի իրականացման։ Վստահ ենք, որ բազում դժնդակ օրեր հաղթահարած մեր ժողովուրդը հայրենասեր ոգով, միաբան ջանքերով կհաղթահարի նաև մեր ազգի ու երկրի առջև ծառացած ներկա մարտահրավերները՝ բարձր պահած անկախ պետականության դրոշը, հավատարիմ` քրիստոնեական արժեքներին, մեր հայրերի առ Աստված սրբազան հավատքին», - իր ուղերձում գրել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Հայաստանի աշխարհիկ և հոգևոր առաջնորդներն այսօր Սարդարապատի հուշահամալիրում մասնակցեցին Հանրապետության տոնին նվիրված միջոցառմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG