Մատչելիության հղումներ

Հայաստանի աշխարհիկ և հոգևոր առաջնորդները մասնակցեցին Հանրապետության տոնին նվիրված միջոցառմանը


Հայաստանն այսօր արտակարգ դրության պայմաններում է նշում Առաջին Հանրապետության տոնը: Այսօր առավոտյան Հայաստանի աշխարհիկ և հոգևոր առաջնորդները Սարդարապատի հուշահամալիրում մասնակցեցին Հանրապետության տոնին նվիրված միջոցառմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցեցին նրանց հիշատակին:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ֆեյսբուքյան էջում քննադատել է. - «Սարդարապատը բաց է միայն իշխող ուժի համար: Քաղաքական այլ ուժեր չեն կարող գոնե մեկ ներկայացուցիչ ուղարկել՝ հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսներին»:

Պարետատան մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ասում է՝ որևէ քաղաքական ուժից դիմում չեն ստացել։

«Մենք հայտարարություն ենք տարածել և տեղեկացրել ենք ինչպես հանրությանն, այնպես էլ լրատվամիջոցներին, որ Սարդարապատում որևէ միջոցառում տեղի չի ունենալու, և մուտքը փակ է լինելու: Դա արվել է անվտանգությունից ելնելով, որպեսզի այնտեղ մարդկային հոսք չլինի, մարդկային կուտակումներ չլինեն: Պարետատունը չի ստացել որևէ քաղաքական գործչից կամ քաղաքական ուժից կամ որևէ անհատից առհասարակ դիմում, ցանկություն որևէ մեկը չի հայտնել, որ գնան, որպեսզի պարետատունը տեսնի՝ հնարավո՞ր է արդյոք դա կազմակերպել, թե ոչ», - ասաց Գևորգյանը:

102 տարի առաջ մայիսի 28-ին հայտարարվեց Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին, և դարեր տևած ընդմիջումից հետո վերականգնվեց հայոց պետականությունը:

Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել քաղաքական, հոգևոր վերնախավի ներկայացուցիչները, Արցախի նախագահը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական, քաղաքական գործիչներ, կազմակերպություններ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. - «Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական մարտերում հայ ժողովուրդը մեկընդմիշտ ամրագրեց իր տեղն աշխարհի քարտեզի վրա. մայիսյան հաղթանակների շնորհիվ է, որ ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը: Համոզված եմ, Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին այլևս երբեք թույլ չի տա պետականության կամ քաղաքացիության կորուստ, ինքնիշխանության և իրավունքի կորուստ, հավատի և լավատեսության կորուստ»:

Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասված է. - «Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս: Ամենամեծ դասը սեփական ուժերի վրա հենվելն է, իսկ այդ ուժը գոյացնելու համար՝ ազգային գերագույն նպատակ ձևավորելը և դրա շուրջը համախմբվելը»:

Թեև պաշտոնական շնորհավորական հաղորդագրություններում նշվում է առաջին հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանի անունը, շեշտվում է նրա մեծ վաստակը առաջին պետության կայացման գործում, անգամ մեջբերումներ են արվում նրանից, սակայն Արամի 3 հասցեում գտնվող Արամ Մանուկյանի տունը մինչ օրս կիսաքանդ վիճակում է։ Օտարումից հետո դրա միայն դիմային մասն է կանգուն մնացել և ամեն վայրկյան փլվելու վտանգի տակ է։

Պատմական այս տունը «Հին Երևան» նախագծի մաս է կազմում, որի գրեթե մեկ տասնյակ կառույցների սեփականատերն ու ներդրողը 2015 թվականից ի վեր շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշն է։ Օրերս Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը դարձյալ բարձրաձայնեց այս հարցը, ասաց՝ ամոթալի իրավիճակ է, առաջին հանրապետության հիմնադիրի տունը քանդվում է, այնինչ կարելի էր այն վերածել թանգարանի։ Միևնույն ժամանակ հնարավոր չէ հույս դնել «Հին Երևան» ծրագրի ավարտի վրա, քանի որ մինչ այդ կիսախարխուլ շինությունը կարող է ամբողջովին ոչնչանալ։

«Առաջին հանրապետության տարեդարձն է. 102 տարի հետո Երևանի կենտրոնում մեր առաջին հանրապետության հիմնադիրի տունը քանդվում է: Ինձ համար սա շատ ցավալի է, և կարծում եմ՝ մեր պետություն համար սա ուղղակի ամոթալի է: Ես գործընկերներիս տեղեկացնելու համար ասեմ, որ վերջերս գրությամբ դիմել էի և՛ պարոն քաղաքապետին , և՛ Մշակույթի նախարարությանը՝ առաջարկելով ինչ-որ մի ճանապարհ գտնել առնվազն Արամ Մանուկյանի տունը պետության հոգածության տակ առնելու, որովհետև այն հիմա ունի սեփականատեր, շատ լավ գիտեք, և ինչ-որ ճանապարհով այն վերականգնելու, վերածելու առաջին հանրապետության թանգարանի կամ Արամ Մանուկյանի տուն-թանգարանի կամ մի այլ պատշաճ հաստատության: Սպասել «Հիմ Երևանի» նախագծի ավարտին, կարծում եմ, շատ ռիսկային է», - ասաց Մելքոմյանը:

XS
SM
MD
LG