Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով Հայաստանում հայտարարված արտակարգ դրության և տնտեսական գործունեության սահմանափակումների առաջին ամսում՝ մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը 4,9 տոկոսով անկում է գրանցել, երեկ հաղորդել էր Վիճակագրական կոմիտեն։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կասկածելի է համարում այս ցուցանիշները: Ըստ նրա, վստահելի չեն ծառայության ոլորտի ընդամենը 4,8, արդյունաբերական արտադրանքի 1,9 տոկոսով անկման տվյալները, այն դեպքում, երբ մարդիկ հարկադիր պարապուրդի մեջ են եղել:
«Այս իրավիճակը մեր գլխի տակ բարձ է դնում, այսինքն՝ մենք չենք կարող հետևություններ անել և ավելի կարևոր կտրուկ որոշումներ կայացնել», - ասաց Պարսյանը:
Պաշտոնական տվյալներով՝ մարտին շինարարության ոլորտն անկում է ապրել 26,2 տոկոսով, արտահանումը կրճատվել է 17,4 տոկոսով, ներմուծումը՝ 15.3 տոկոսով, առևտուրը՝ 9,9 տոկոսով։ Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է միջին անվանական աշխատավարձը 8,6 տոկոսով: Տնտեսագետն այս աճն անհասկանալի է համարում։
«Փետրվարի նկատմամբ աճել է 2,9 տոկոսով, ստացվում է, որ մարտ ամսին գործազրկության, հարկադիր պարապուրդի պայմաններում մենք ունենք աշխատավարձերի աճ», - ասաց Սուրեն Պարսյանը:
Ընդհանուր առմամբ 2020-ի առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 4 տոկոսով աճել է: Հատկանշական է գյուղատնտեսական արտադրանքի շուրջ 5 տոկոսանոց աճը՝ այս ոլորտը 2019-ի տարեվերջյան տվյալներով անկում էր ապրում։
Պաշտոնական տվյալներն արձանագրում են տնտեսությունում առկա անկումը, այդուհանդերձ, ըստ տնտեսագետի, այս ցուցանիշներն իրականությունն ամբողջությամբ չեն արտացոլում։
«Եթե մենք չիմանանք տնտեսության իրական վիճակը, շատ դժվար է լինելու որոշակի եզրահանգումներ անել և առաջարկություններ ներկայացնել», - նշեց նա:
ACSES վերլուծական կենտրոնը հայաստանցի 16 տնտեսագետների շրջանում հարցում է իրականացրել՝ մի շարք ցուցանիշների վերաբերյալ ընդհանուր կանխատեսումներ ստանալու համար։ Ըստ այս ուսումնասիրության՝ այս տարի համախառն ներքին արդյունքի իրական ծավալը 3,9 տոկոսով անկում կապրի, գնաճը կկազմի 1,8 տոկոս։
Կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ տնտեսագետները գնահատել են նաև կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման համար կառավարության նախաձեռնած սոցիալ-տնտեսական ծրագրերը:
«Սոցիալական բաղադրիչը 5 բալլանոց համակարգում ստացել է 3,1 գնահատական, իսկ տնտեսական բաղադրիչը՝ 2,5 գնահատական, բացի այդ, խնդրել ենք, որպեսզի գնահատեն, թե ինչքան գումար է անհրաժեշտ 2020 թվականին, որպեսզի, հաշվի առնելով նաև, իհարկե, հայաստանյան իրականությունը՝ ինչքանով պետությունը կարող է ներգրավվել, հնարավորինս մեղմվեն բնակչության և բիզնեսի համար այդ հետևանքները: Ուրեմն կոնսենսուսային գնահատականը 395 միլիարդ դրամի մասին է խոսքը գնում», - ասաց Ֆանյանը:
Ըստ վերլուծական կենտրոնի ղեկավարի՝ հետազոտությանը մասնակցած տնտեսագետներն ընդհանուր առմամբ համաձայն են, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով տնտեսական անկումը Հայաստանում ավելի մեղմ կլինի, քան հարևան Վրաստանում ու Ադրբեջանում։ Տնտեսագետը դա պայմանավորում է երկրների տնտեսական կառուցվածքներով. Վրաստանում տուրիզմն ավելի էական դեր ունի տնտեսության մեջ, իսկ Ադրբեջանի պարագայում անկումն ավելի մեծ կլինի, քանի որ նվազում է նավթի պահանջարկը:
«Այս կտրվածքով որ նայում ենք՝ Հայաստանը հնարավորինս ավելի մեծ շանսեր ունի ավելի մեղմ հաղթահարելու այս ճգնաժամը, քան մեր հարևան մյուս երկու երկրները», - նշեց Հայկազ Ֆանյանը:
Տնտեսագետ Ֆանյանի գնահատմամբ, եթե կորոնավիրուսի նոր ալիք հետագայում չբռնկվի, ապա հաջորդ տարի Հայաստանի տնտեսությունն աճ կգրանցի, որն անգամ կգերազանցի 2019-ի ցուցանիշները։