Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի զորավարժությունը


ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում
ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում

Հայաստանի պաշտպանության նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից տարածաշրջանում անվտանգային միջավայրը սրող զորավարժության անցկացումը: Այդ մասին ասված է հարևան երկրում մայիսի 18-22-ը նախատեսված օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժության վերաբերյալ ՀՀ պաշտպանական գերատեսչության հայտարարությունում:

«Հատկանշական է, որ զորավարժությունն ունի բացառապես հարձակողական բնույթ, որի ընթացքում խաղարկվելու են հրթիռահրետանային, ավիացիոն, գերճշգրիտ սպառազինության զանգվածային հարվածներ հակառակորդի օպերատիվ խորությամբ», - նշված է հայտարարությունում:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ «Ադրբեջանում կայանալիք լայնածավալ զորավարժությունը, ձևավորված ավանդույթի համաձայն, տեղի է ունենում առանց նախնական ծանուցման, ինչը վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառում հանդիսացող 2011թ. Վիեննայի փաստաթղթի անտեսման և կոպիտ խախտման հերթական դրսևորում է»:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը շեշտում է, որ զորավարժությունը «տեղի է ունենալու համաշխարհային մարտահրավերի՝ COVID-19 համավարակի դեմ միասնական գործողություններով պայքարելու անհրաժեշտության պայմաններում և ի հեճուկս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի համաշխարհային զինադադարի հաստատման կոչին»:

«Կոչ ենք անում ադրբեջանական կողմին զսպվածություն դրսևորել և հարգել միջազգային հանրության առջև ստանձնած հանձնառությունները: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ զորավարժությունների ընթացքում Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի որպես սադրանք և կունենա համապատասխան հետևանքներ», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG