Ռուսաստանցի ընդդիմադիր, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնին «Ազատության» ռուսական ծառայությանը երեկ տված հարցազրույցում ասել է, որ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում Ռուսաստանի իշխանությունների, նախագահի վարկանիշը սրընթաց անկում է արձանագրում:
Ընդդիմադիր առաջնորդը պնդում է, որ իշխանությունների վրա այսօր զայրացած են նույնիսկ այն ռուսաստանցիները, որոնք նախկինում երբեք չեն մասնակցել փողոցային ակտիվ պայքարին՝ բժիշկներ, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, այսինքն՝ նրանք, ովքեր ամենից շատ են տուժել կորոնավիրուսի համաճարակից:
Նավալնին կարևորում է ընդդիմության այսօրվա պայքարը համացանցում, ասում է, որ կարևոր է արձանագրել իշխանությունների բոլոր ստերը և պատմել դրանց մասին՝ նրանք վարակվածների և մահացածների թվերի վերաբերյալ կեղծ տվյալներ են հրապարակում, ստում են, թե օգնում են մարդկանց, ստում են, որ բարձրացնում են բժիշկների աշխատավարձերը, նման բան իրականում չկա, պնդում է ընդդիմադիր գործիչը:
Նավալնին, հիշեցնենք, իշխանություններին առաջարկել էր ուղղակի օգնություն բաժանել մարդկանց. ապրիլին՝ յուրաքանչյուր մեծահասակին 20 հազար ռուբլի, երեխայի համար՝ 10 հազարա ռուբլի, իսկ մայիս և հունիս ամիսներին՝ 10-հազարական ռուբլի: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ այդ նախաձեռնությունը չեն ընդունել՝ ասելով, թե իշխանությունների ներկայացրած օգնության փաթեթն ավելի արդյունավետ է:
Երեկ ռուսական մի շարք աղբյուրներ գրել էին, որ Վլադիմիր Պուտինի նախագահական բոլոր չորս ժամկետները զրոյացնող և նրան 2024 թվականին նախագահական նոր ընտրություններին մասնակցելու հնարավորություն տվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կայանալու է հունիսի 24-ին:
Ալեքսեյ Նավալնին «Ազատությանը» տված հարցազրույցում հերթական անգամ ասել է, որ այդ քվեարկությունն օրինական չէ, իրենք այն չեն ընդունում և կոչ են անում բոյկոտել քվեարկությունը:
«Եթե մարդկանց ստիպեն գնալ քվեարկության, իսկ այդպես էլ կլինի, մենք կոչ կանենք դեմ քվեարկել», - նշել է ռուսաստանցի ընդդիմադիրը:
Խնդիրը նաև այն է, որ կարանտինի շրջանում Պետդուման օրենք է ընդունել, որը մեծ հնարավորություն է բացում հեռավար ընտրությունների համար, և Նավալնին համոզված է, որ այս օրենքը իշխանություններին ցանկացած քվեարկության արդյունք կեղծելու անսահման հնարավորություն է տալիս:
Ամեն դեպքում, ընդդիմադիր առաջնորդը շեշտում է, որ իր թիմն ուշադիր հետևելու է քվեարկության ընթացքին և ֆիքսելու է բոլոր խախտումները: