Մատչելիության հղումներ

Ռուսաստանը դանդաղ և զգուշավոր քայլերով դուրս է գալիս կարանտինից


Ռուսաստանում կորոնավիրուսի համաճարակի շուրջ տվյալները մասնագետների մոտ զգուշավոր լավատեսություն են առաջացնում։ Այդուհանդերձ կարանտինի ռեժիմից դուրս գալու մասին խոսք առայժմ չկա։

Զգուշավոր լավատես է նաև վարչապետ Միխայիլ Միշուստինը, ով կորոնավիրուսից ապաքինվելուց հետո երեկվանից վերադարձել է աշխատանքի։ Միշուստինը ռեգիոնների ղեկավարներին կոչ է արել զգուշություն ցուցաբերել կարանտինային սահմանափակումները վերացնելու հարցում։

Ըստ օպերատիվ շտաբի հրապարակած տվյալների, Ռուսաստանում անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակման 8 հազար 764 դեպք, միաժամանակ դուրս է գրվել ռեկորդային թվով՝ 9 հազար 262 մարդ։

Համաճարակը սկսվելուց ի վեր Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 308 հազար 705 դեպք, մահացել է 2 հազար 972 մարդ, որոնցից 135-ը վերջին օրվա ընթացքում։ Ապաքինվել է ընդհանուր առմամբ 85 հազար 392 մարդ։

Ռուսաստանի իշխանությունները կարանտինից դուրս գալու երեք փուլ են մշակել։ Առաջին փուլում մարդկանց թույլ կտան զբոսնել, զբաղվել սպորտով, կբացվեն փոքր խանութները։ Առևտրի կենտրոնների, գեղեցկության սրահների, կրթական հաստատությունների, ռեստորանների բացման մասին իշխանությունները դեռ չեն խոսում։

Մոսկվային քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը երեկ հայտարարել է, որ կարանտինի ռեժիմի ռեալ թուլացման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն դեպքում, երբ կորոնավիրուսով օրական կվարակվեն ոչ թե հազարավոր, այլ տասնյակ, կամ գոնե հարյուրավոր մարդիկ։

Տուրիստական սեկտորն արդեն խոսում է կարանտինից դուրս գալու մասին։ «Ռոստուրիզմի» ղեկավար Զարինա Դոգուզովան այսօր ասել է, թե առաջին փուլում երկրի մի շարք շրջաններում կբացվեն բժշկական լիցենզիա ունեցող առողջարանները, քոթեջները և այսպես կոչված ապարտ-հյուրանոցները։

Այսօրվանից զինկոմիսարիատները գարնանային զորակոչի շրջանակներում սկսել են բանակ ուղարկել զորակոչիկներին։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նրանցից յուրաքանչյուրը զորամաս ուղարկվելուց առաջ պարտադիր կերպով կորոնավիրուսի թեստ է հանձնելու։

Միաժամանակ շարունակում է բարդ մնալ իրավիճակը բուժաշխատողների շրջանում։ Այսօր հայտնի է դարձել, որ Հյուսիսային Օսիայում կորոնավիրուս է հայտնաբերվել 380 բուժաշխատողների մոտ։ Այս մասին ասել է Սոցիալական ապահովագրության հիմնադրամի ղեկավար Զալինա Այլարովան՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ 2 հազար 882 բուժաշխատող այսօր Հյուսիսայի Օսիայում աշխատում է կորոնավիրուսով վարակվածների հետ։

Ամեն դեպքում, Ռուսաստանը դանդաղ և զգուշավոր քայլերով դուրս է գալիս կարանտինից։ PBK-ն, այսօր հղում անելով նախագահի աշխատակազմին մոտ կանգնած իր չորս աղբյուրներին, գրել է, թե Կրեմլում դիտարկում Սահմանադրության փոփոխությունների քվեարկությունն ու Հաղթանակի շքերթը մեկ օրում՝ հունիսի 24-ին անցկացնելու հնարավորությունը։

Հունիսի 24-ը հավանական օր է Հաղթանակի շքերթե համար, քանի որ 1945 թվականին այդ նույն օրն է կայացել Հաղթանակի շքերթը Կարմիր հրապարակում։

Եթե այս տեղեկությունը հաստատվի, կարելի է ակնկալել, որ արդեն հունիսի սկզբին Ռուսաստանի իշխանությունները կհայտարարեն կարանտինային սահմանափակումների մեծ մասը վերացնելու մասին։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG