Մատչելիության հղումներ

Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերի վերաբերյալ պաշտոնական տվյալները կասկածների տեղիք են տվել


Կրեմլի կայքում հրապարակված հրամանագրի համաձայն` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերադարձրել է վարչապետի պարտականությունները Միխայիլ Միշուստինին։ Ապրիլի 30-ին վարչապետը նախագահին հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով։ Նույն օրը Միշուստինին տեղափոխել էին հիվանդանոց։

Վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կատարել է առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։ Այսօր Միշուստինն արդեն պաշտոնապես նորից ստանձնեց վարչապետի պարտականությունները։

Հիշեցնենք` կորոնավիրուսով վարակվել էին նաև նախարարներ, Պետդումայի և ռեգիոնալ պառլամենտների պատգամավորներ, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Մեկ օրում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակի 9 հազար 263 նոր դեպք, ինչն ավելի շատ է քան երեկ, սակայն ավելի քիչ, քան մի քանի օր առաջ։ Պաշտոնական տվյալների համաձայն` վարակման ընդհանուր թիվը Ռուսաստանում այսօր հասել է 299 հազար 941-ի: Մեկ օրում գրանցվել է 115 մահվան դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը հասել է 2 հազար 837-ի։

Բայց սրանք պաշտոնական տվյալներն են, որոնց այնքան էլ չեն վստահում փորձագետները և ռուսաստանցիները: Խնդիրը նախ այն է, որ կորոնավիրուսը որպես մահի պատճառ չեն նշում այն մահացածների մոտ, ովքեր ունեին կորոնավիրուս, սակայն մահացել են քրոնիկ հիվանդություններից, մինչդեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանոնների համաձայն` կորոնավիրուսը որպես պատճառ պետք է նշել բոլոր դեպքերում, երբ պացիենտի մոտ հաստատված է եղել Covid-19, բացառությամբ ակնհայտ այլ պատճառների, օրինակ` եթե պացիենտը մահացել է ավտովթարի հետևանքով։

Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, Մոսկվայի պետական համալսարանի և Տնտեսության բարձրագույն դպրոցի դասախոս Միխաիլ Տամն «Ազատության» ռուսական ծառայությանը տված հարցազրույցում շեշտում է.- «Ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ ոչ մի «ռուսական» վիճակագրության մասին չենք կարող խոսել, այլ կարող ենք խոսել միայն առանձին տարածաշրջանների վիճակագրության մասին։ Կան մարզեր, որտեղ հասկանալի է, թե ինչպես է ընթանում հաշվարկը, և որ այնտեղ կան սխալներ, կան մարզեր, որտեղ ամեն ինչ նկարված է սկզբից մինչև վերջ։ Եթե մենք խոսում ենք Մոսկվայի մասին, մեզ մոտ ստացվում է մոտ 140 հազար հայտնաբերված հիվանդ։ Եթե դրան կիրառենք այն «գործակիցը», որի մասին գրում է Մոսկվայի առողջապահության նախարարությունը, ավելացնենք այդ նույն 60 տոկոսը, ապա կստացվի մոտ 4 հազար մահացած։ Միջազգային չափանիշներով դա համեմատաբար ցածր ցուցանիշ է»,- «Ազատությանն» ասել է գիտնականը:

Վիճակագրության հետ իրավիճակն էլ ավելի բարդացավ, երբ հայտնի դարձավ, որ Դաղստանում իրական իրավիճակը, մեղմ ասած, տարբերվում է պաշտոնական տվյալներից: Դաղստանի առողջապահության նախարարը նախօրեին հայտարարել էր, որ հանրապետությունում մայիսի 17-ի դրությամբ «թոքաբորբից» մահացել է ավելի քան 650 մարդ, այդ թվում ՝ ավելի քան 40 բժիշկ: Այդ մասին Ջամալուդին Հաջիիբրագիմովը պատմել է բլոգեր Ռուսլան Կուրբանովին տված հարցազրույցում, որը տեղադրված է Ինստագրամում։

Նախարարի խոսքով՝ Դաղստանում մայիսի 17-ի դրությամբ «թոքաբորբով» հիվանդացել է ավելի քան 12 հազար մարդ: Պաշտոնական տվյալներով, որոնք, մասնավորապես, բերում է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու միայն 3 հազար 280 և 27 մահվան դեպք, այսինքն՝ Covid-19-ից մահացածների պաշտոնական թիվը քիչ է, քան միայն «թոքաբորբից» մահացած բժիշկների թիվը։

Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Աննա Պոպովան երկրի ղեկավարի հետ հեռավար խորհրդակցության ժամանակ երեկ հայտարարել էր, որ Դաղստանում կորոնավիրուսի թեստերը բավարար քանակի չեն անցկացնում, և որ այդ հանրապետությունում վարակվածների շուրջ 75 տոկոսի մոտ հիվանդությունը ծանր է անցնում։

Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Ադրբեջանի շուրջ հազար քաղաքացիներ դիմել էին Պուտինին՝ խնդրելով օգնել իրենց տուն վերադառնալ: Մայիսի կեսերին Դաղստանի Դերբենդի և Մագարամկենտի շրջանների սահմանին բացվել է ժամանակավոր տեղակայման և սննդի կետ՝ Ադրբեջանի քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Նախագահ Վլադիմիր Պուտինը այս թեմայով երեկ նույնիսկ զանգել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության համաձայն` հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Դաղստանի սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի քաղաքացիների կուտակման հարցը, ինչ որոշում են կայացրել նրանք, և արդյոք առաջիկա օրերին ադրբեջանցիները կվերադառնան Ադրբեջան, հայտնի չէ:

XS
SM
MD
LG