Մատչելիության հղումներ

Տուն-ինտերնատներում կորոնավիրուսով վարակվածներ չկան


Ինչպես «Ազատությանը» փոխանցեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, տարեցների խնամքի հաստատություններում կորոնավիրոսի վարակի ո'չ հաստատված, ո'չ էլ կասկածելի դեպքեր չեն գրանցվել:

Հայաստանի 3 տուն-ինտերնատներում խնամվում է շուրջ 580 տատիկ- պապիկ: Տուն-ինտերնատներից մեկը ինֆեկցիոն հիվանդանոցից մի քանի մետրի վրա է։

«211 խնամվող ունենք, թու թու, բոլորն առողջ են», - ասում է տնօրեն Արթուր Մելքոնյանը: - «Առայժմ չունենք ոչ մի խնդիր, ոչ մի գանգատ: Իրենք դուրս գալը արգելված է, մեզ մոտ ախտահանման աշխատանքները փորձում ենք անընդհատ անել»:

Դարպասից ոչ ոք դուրս գալ չի կարող, հարազատներն էլ այցելել չեն կարող. ելումուտն այս հաստատություն ամբողջությամբ փակ է փետրվարի վերջից։

Տուն-ինտերնատներում փակ ռեժիմի անցան երկրում արտակարգ դրության որոշումից երկու շաբաթ առաջ։

Տնօրեն Մելքոնյանը վստահ է, որ հենց դա կանխարգելիչ դեր ունեցավ. – «Ցանկացած աշխատակից պահակակետում պետք է ջերմությունը չափվի, և մասկաներն ու ձեռնոցները հագնելուց հետո նոր միայն կարող է շենք մուտք գործել։

Ռիսկային տարիքային խումբ է, բոլորը տարեցներ, քաղաքի ռիսկային հատվածում: Տատիկ-պապիկները անցուդարձին հիմնականում պատուհանից են հետևում: Կան կարանտինից դժգոհողներ, կան տարեց ամուսիններ, որ վերին հարկի պատուհանից ցուցադրում են, թե որքան են սիրում միմյանց, և կա Գուրգեն պապիկը, որ շփման արգելքը հաղթահարում է շվիով:

Տարեցներին արգելված չէ ինտերնատի հարակից այգում զբոսնեել, բայց բակ տատիկ-պապիկներն իջնում են գործով: Ռազմիկ Բաղդասարյանը, օրինակ, պետք է կերակրի տարածքի աղավնիներին, 8 տարի այդ գործին է:

Ռազմիկ պապիկը լավ չի լսում, բայց կորոնավիրուսի աղմուկն իրեն հասել է` ինֆեկցիոն ելումուտ անող շտապօգնությունների ազդանշանների օգնությամբ: Ասում է՝ լավ է այդ վարակն այս դարպասով չմտնի. – «Աստված չանի մեր ծերանոցի զաբորից մտնի ներս: Էստեղ շատ մեծ մարդիկ են, հիվանդոտ են... Թող մեզնից հեռու լինի»:

Բակում գործ ունի նաև տիկին Վիոլետան, նա ինտերնատի տարածքի կանաչապատմամբ է զբաղված. – «Բացարձակ չեմ անհանգստանում, աղջիկ ջան»:

Վիրուսների ու դրանց հետ կապված հարցերի հետ գլուխ չունի, խորհուրդ է տալիս իր համար չանհանգստանալ. – «Ես չեմ վարակվի: Դիմադրողականությունս բարձր ա շատ»:

Տիկին Վիոլետան անընդհատ ծաղիկներից է խոսում` շուտով կակաչը կբացվի, տարածքում խրթվիլակ էլ է ցցել, և այն բոլորովին էլ ահասարսուռ չէր, այլ ավելներով զարդարված մի գեղեցկուհի։ Վիլոլետա Ղազարյանը կորոնավիրուսի այս աղետի փուլում նույնիսկ դրական կողմ է գտել՝ որպես կենսաբան. – «Թող զոհեր չլինեն, բայց օգուտ տա մոլորակին: Բնությունն ա արթնանում, մաքրվում ա բնությունը»:

«Ի՞նչ իրավիճակ է շենքում», - հետաքրքրվեցինք բակի զրուցարանում մաքուր օդի դուրս եկած Արարատ Բաղդասարյանից: Մեզ համար մուտքը ինտերնատի շենք նույնպես արգելված է:

«Ճաշարան ենք մտնում երեք անգամ օրական: Երեք անգամն էլ մեր ձեռները մաքրում ենք, մտնում: Ինֆեկցիոնի շտապ օգնության մեքենաները մեզ մտահոգում են, սկսում ենք հաշվարկներ անել», - ասում է 83-ամյա Ռազմիկ պապը` կյանքի փորձով հավելելով, որ այս վիրուսը մոլորակը չի հնձի. – «2-3 պետություն ա, որ մի փոքր հնձում ա, էն էլ կկանգնի»:

Այս օրերին տներում փակված քաղաքացիներին էլ հորդորում է համբերել` կատակելով. – «Դուք կարանտինից դուրս կգաք, մենք կմնանք»:

Տնօրենի աչքից հեռու, առանց դիմակի ինտերնատի շենքի հետնաբակում Լաուրա Ղազարյանն էր՝ ընկերոջ հետ. – «Ուշադիր եմ, ձեռնոցներս հանում եմ, անպայման էն հեղուկը լցնում են, ինքս ձեռքերս սրբում եմ օղիով»:

Տիկին Լաուրան ասում է, որ իր համար չի անհանգստանում, այլ որ հանկարծ չվարակվի ու վարակը փոխանցի երիտասարդներին:

Տուն-ինտերնատի 88-ամյա բնակչուհին՝ պատմաբան Լաուրա Ղազարյանը խորհուրդ է տալիս սերտել այն դասը, որ տալիս է կորոնավիրուսի պանդեմիան աշխարհին. – «Մենք համերաշխ աշխարհ չենք, չէ՞... սաղ իրար չեն սիրում»:

XS
SM
MD
LG