Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե իրեն ներկայացրել են փաստեր, որոնք ապացուցում են, որ կորոնավիրուսը ծագել է չինական լաբորատորիայում:
Վարակը տարածվել է, աշխարհում և այդ թվում Ամերիկայում սպանել է տասնյակ հազարավոր մարդկանց, ծանրագույն վնաս է հասցրել տնտեսությանը:
Ինչո՞ւ է դա պատահել: Ըստ Թրամփի, տեղի ունեցածը կա՛մ ահավոր սխալի և անփությության, կա՛մ էլ միտումնավոր անգործության արդյունք է։ Ուստի կա ընդամենը երկու հնարավոր պատասխան:
«Նրանք [չինացիները] կարող էին դա անել։ Երկու հնարավորությունից մեկն է՝ կա՛մ նրանք չեն զսպել տարածումը, այդքան կոմպետենտ չեն գտնվել, կա՛մ էլ թուլ են տվել, որ տարածվի», - ասել է Թրամփը:
Լրագրողները, բնականաբար, հետաքրքրվել են, թե որտեղից և ինչ բնույթի ինֆորմացիա է ստացել նախագահը:
Երեկ Սպիտակ տանը խոսելով այդ մասին՝ Թրամփը նշել է, որ չի կարող ավելի մանրամասն տեղեկություններ հայտնել․ - «Չեմ կարող ասել, իրավունք չունեմ»:
Այդ մեկնաբանությունն է՛լ ավելի է սրում կորոնավիրուսի շուրջ Վաշինգտոնի և Պեկինի լարվածությունը:
Թրամփը հրաժարվել է ասել, թե արդյոք Չինաստանի նախագահ Սի Ծինպինն է կրում համավարակի տարածման պատասխանատվությունը, բայց սպառնացել է նոր սակագներ դնել Չինաստանից ներմուծվող արտադրանքի վրա:
Ամերիկյան հետախուզական կառույցները հայտնել են, որ դեռ վերլուծում են կորոնավիրուսի ծագման և չինական լաբորատորիայում տեղի ունեցած միջադեպի հնարավոր կապը:
Ըստ հետախուզության փորձագետների, կա վարկած, որի համաձայն, Ուհանում գտնվող կենսաբանական հետազոտությունների լաբորատորիայում ամիսներ առաջ դեռ չճշտված հանգամանքներում, ենթադրաբար անվտանգության կանոնները չպահպանելու արդյունքում, վիրուսը փոխանցվել է աշխատակիցներից մեկին, ով դրանից հետո այցելել է Ուհանի վայրի կենդանիների շուկա, և այնտեղից էլ վարակը սկսել է տարածվել:
Երկրորդ վարկածի համաձայն, վարակված կենդանուն վաճառել են այդ շուկայում:
Խոսքը չղջիկի կամ չղջիկից վարակված մողեսի մասին է: Թե՛ մեկից, թե՛ մյուսից չինական ընտանիքներում ինչ-որ էկզոտիկ ուտեստներ են պատրաստում:
Ամերիկացիները չինացիներին մեղադրում են կորոնավիրուսի ծագման և տարածման ու հատկապես մարդուց մարդուն փոխանցվելու ունակության մասին տվյալները նախնական շրջանում թաքցնելու և միջազգային հանրությանն ուշացումով տեղեկացնելու համար:
Պեկինը հերքում է այսօրինակ մեղադրանքները և պնդում է, որ թեպետ համավարակի բռնկման ամենաառաջին փուլում թերացումներ եղել են, դրանք շատ արագ շտկվել են, վիրուսի մասին տեղեկացվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և բոլոր երկրները։ Եվ ամենակարևորը՝ թաքցնելու ու ինչ-որ մի երկրի միտումնավոր վնաս հացնելու նպատակ բացարձակ չի եղել ու չէր էլ կարող լինել:
Ամերիկյան հետախուզության փորձագետների համոզմամբ, այդ վիրուսը մարդու կողմից չի ստեծվել և ոչ էլ գենետիկորեն մոդիֆիկացվել է:
Ուհանի լաբորատորիայում հետազոտել են այսպես կոչված SARS՝ ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշ առաջացնող կորոնավիրուսներ:
Լաբորատորիան նաև բացահայտել է չղջիկներից մարդուն նոր վիրուսների փոխանցման մեխանիզմը:
Չինացիները, իրենց հերթին, տարածում են վարկած, ըստ որի կորոնավիրուսը Չինաստան են բերել ամերիկացի զինվորականները: Այդ վարկածին լայն տարածում են ապահովում ռուսական լրատվամիջոցները:
Չինացիները նաև պնդում են, թե ամերիկացիները վիրուսի ծագման չինական վարկածն են առաջ քաշում երկրի ներսում համավարակի դեմ պայքարը ձախողելու և հանրության ուշադրությունն այդ հանգամանքից շեղելու նպատակով:
«Տևական ժամանակ է ամերիկացի որոշ քաղաքական գործիչներ անտեսում են փաստերը և ապատեղեկատվություն են տարածում Չինաստանի մասին՝ ցանկանալով վարկաբեկել մեր երկիրը և այդպիսով թաքցնել համավարակի դեմ պայքարելու իրենց անկարողությունը։ Բայց դա ոչ մի դեպքում չի կարող ստվերել կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանի գրանցած մեծ հաջողությունները», - ասել է Չինաստանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Ջեն Շուանը:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն նույնպես քննադատել է Չինաստանի ղեկավարներին՝ ասելով, թե Չինաստանի կոմկուսն անկեղծ չէ վիրուսի հարցում:
Նա ասել է, թե կորոնավիրուսի մասին ահազանգ հնչեցրած չինացի բժիշկներին Չինաստանում անմիջապես լռեցրել են, իսկ ամերիկացի լրագրողներին պաշտոնական Պեկինը պարզապես վտարել է երկրից:
Մինչդեռ գիտնականների մեծ մասը ենթադրում է, որ նոր կորոնավիրուսը կենդանուց մարդուն է փոխանցվել ոչ թե ծրագրված գործողության կամ անփութության, այլ ավելի բնական եղանակով՝ վայրի կենդանիներ որսալու, բուծելու, տրանսպորտով փոխադրելու, մորթելու կամ շուկաներում վաճառելու ընթացքում: