Մատչելիության հղումներ

Բաքուն սպասում է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման հարցով Երևանի պատասխանին


Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ

Պաշտոնական Բաքուն պատրաստ է Երևանի հետ փոխանակել գերիներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, որ հարցը արդիական է հատկապես համաճարակի պայմաններում: «Սակայն, ցավոք, մենք չենք տեսնում այդ հարցում Հայաստանի կառուցողականությունը: Մենք մեր կողմից պատրաստ ենք դրան», - «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ ասել է Հաջիևը:

Անցած ամիսներին հայկական կողմը մի քանի անգամ մերժել է Բաքվի այդ առաջարկը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ պնդել էր՝ «փոխանակում չի կարող տեղի ունենալ, եթե ադրբեջանական կողմից ներխուժած անձինք սպանություններ են իրականացրել»: Խոսքը մասնավորապես Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի մասին է, որոնք ձերբակալվել են 2014 թվականին Լեռնային Ղարաբաղի տարածքում: Ղարաբաղի դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման, մի շարք ծանր հանցանքների, այդ թվում՝ սպանության համար:

Ադրբեջանում այս պահին երկու ՀՀ քաղաքացի է պահվում՝ Կարեն Ղազարյանը Ադրբեջանի տարածքում էր հայտնվել 2018 թվականի ամռանը և ամիսներ անց դատապարտվել 20 տարվա ազատազրկման: Բաքուն պնդում է, թե նա դիվերսանտ է, հարազատների խոսքով, մինչդեռ, նա առողջական խնդիրներ ունի և դեռևս 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում։ 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը Ադրբեջանի տարածքում էր հայտնվել 2019 թվականի օգոստոսին, տեղական լրատվամիջոցները պնդել էին, թե նա լքել է զորամասը՝ «անմարդկային վերաբերմունքի» պատճառով: Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, սակայն, կարծիք էր հայտնել, որ զինծառայողը մոլորվել է այդ տեղանքում:

XS
SM
MD
LG