Մատչելիության հղումներ

Երեխաների նկատմամբ հանցագործությունների առթիվ 2019-ի առաջին կիսամյակում քննվել է 209 քրեական գործ. ՔԿ


Քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա՝ երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է 209 քրեական գործ, նախապատրաստվել է այդպիսի հանցագործությունների վերաբերյալ 98 նյութ:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ 209 գործերից 143-ը վարույթ է ընդունվել 2019-ի առաջին կիսամյակում, իսկ 66-ը եղել են վարույթում գտնվող՝ տարվա սկզբին անավարտ մնացած քրեական գործեր: Նշված ժամանակահատվածում հարուցվել է 98 քրեական գործ:

Հարուցված քրեական գործերով 110 անձ ներգրավված է եղել որպես մեղադրյալ, նրանցից 5-ը եղել են 14-16 տարեկան, 2-ը՝ 16-18 տարեկան, 63-ը՝ 18-35 տարեկան, 40-ը՝ 35 տարեկանից բարձր:

193 անձ ճանաչվել է տուժող, նրանցից 105-ը՝ մինչև 12 տարեկան, 20-ը՝ 12-14 տարեկան, 36-ը՝ 14-16 տարեկան, 32-ը՝ 16-18 տարեկան:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 32 քրեական գործ 34 անձի վերաբերյալ:

209 քրեական գործերից 4-ը վերաբերել է սպանությանը, 2-ը՝ անզգուշությամբ մահ պատճառելուն, 3-ը՝ ինքնասպանության հասցնելուն, 5-ը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն, 3-ը՝ բռնաբարությանը, 38-ը՝ ծեծին, 22-ը՝ սեռական հարաբերությանը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթ գործողություններ կատարելուն 16 տարին չլրացած անձի նկատմամբ, 15-ը՝ անառակաբարո գործողություններին, 10-ը՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններին, ևս 10-ը՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն, եղել են նաև առևանգման, թրաֆիքինգի կամ շահագործման, ազատությունից ապօրինի զրկելու, սպառնալիքների և այլ հանցագործությունների վերաբերյալ գործեր:

Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ավարտվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 92 քրեական գործ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG