Մատչելիության հղումներ

Սեռական բռնության մասին ավելի քան 200 պատմություն՝ 36 ժամում


Լրագրող Լուսի Քոչարյան
Լրագրող Լուսի Քոչարյան

Լրագրող Լուսի Քոչարյանի ֆեյսբուքյան Messenger-ը երրորդ օրն է չի լռում։ Նամակների հոսք է՝ լի անձնական զարհուրելի պատմություններով, որոնցում ընդհանուրը սեռական բռնությունն է։

Լուսին պատմում է՝ ամեն ինչ սկսվեց «Հետք»-ի հրապարակած հոդվածից, որ ֆեյսբուքյան իր էջում էր տեղադրել չեխ նկարչուհի Էվայի մասին. նա Հայաստանում ենթարկվել էր սեռական բռնությունների։ Նամակների հեղեղը հետո սկսվեց։

«Ժամ ժամի վրա, ձնագնդիկի պես իմ Messenger-ը սկսում է պայթել նամակներից, գրեթե բոլորը՝ 90 տոկոսը, իրական օգտատերեր են, ովքեր ինձ տարիներով հետևում են որպես լրագրող և վստահում են», - նշեց Լուսի Քոչարյանը։

Հաշվել է երեկ երեկոյան, ավելի քան 200 պատմություն՝ 36 ժամում, բոլորը սեռական ոտնձգությունների մասին։ Լուսին դրանց մի մասը տեղադրել է իր էջում՝ «բռնության ձայնը» հեշթեգով։ Սոցցանցում այն մեծ արձագանք գտավ, շատերը սուր զարմանքով էին արձագանքում՝ մի՞թե այս ամենը Հայաստանում է կատարվում, հատկապես, երբ բռնարար մանկապիղծն, օրինակ, հարազատներից մեկն էր՝ պապը, քեռին, հորեղբայրը, զարմիկը։

«Չեմ կարծում, որ չգիտեին, և նորից ասեմ՝ այստեղ, իմ անձնական դիտարկմամբ, աշխատում է համատարած ինքնախաբեության սինդրոմը։ Բռնություններ, ոտնձգություններ, բռնաբարություններ լինում են բացարձակապես բոլոր հասարակարգերում, բոլոր երկրներում, մեզ մոտ ուրիշ է խնդիրը, մեզ մոտ դրանից հետոն է խնդիրը։ Մեզ մոտ խնդիրն այն է, որ չեն բարձրաձայնում», - ասաց Քոչարյանը։

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի համակարգող Տաթևիկ Աղաբեկյանը չի կասկածում՝ անանուն պատմությունների այս տարափը իրական է, և գոնե իրենց համար՝ ոչ անսպասելի։

«Շատ հետաքրքիր է, որ մարդիկ անընդհատ փորձում են մերժել այս իրականությունը, անգամ հիմա, երբ որ օրական բազում պատմություններ են հայտնվում։ Միևնույն է, հակված են մեղադրել մարդկանց, որ սրանք կեղծ պատմություններ են և այլն։ Այսինքն, ինձ թվում է, ամեն դեպքում, կա էդ չընկալելու փաստը, որ սա հայաստանյան իրականությունն է», - ընդգծեց Աղաբեկյանը։

Կենտրոնն այս տարեսկզբից 10 դեպքով է զբաղվում, նրանցից 8-ը երեխաներ են։ Այս թվում՝ մարզերից մեկում սեռական բռնության հետևանքով հղիացած 13-ամյա երեխան, որ նաև հաշմանդամություն ուներ։ Տաթևիկ Աղաբեկյանը շեշտում է՝ կարևոր է, որ այս օրերին համացանցը ցնցած պատմությունները նաև գործելու առիթ դառնան, և որ սոցցանցերում խոստումներ տվող պաշտոնյաները պարզապես չեն ուզում աղմուկի մեջ ճիշտ երևալ։

«Շատ պատմություններ սկսվում են նրանով, որ մարդիկ խոստովանում են, որ «այս ամենը ինձ հիշեցրեց», «այս ամենի արդյունքում ես վերապրեցի», ու էս ամեն ինչը երբ որ ակտիվանում է մարդկանց մեջ, ոնց որ մենք կրկնակի անգամ իրան բերում ենք մի իրականության մեջ, որտեղ նա վերապրում է էդ զգացողությունները, բայց հետո ինչ են առաջարկում իրենց՝ էս մասով մի քիչ բաց է մնում։ Պետական կառույցների ակտիվությունն էր, ինչը որ շատ հետաքրքիր է, որ երբեմն չի ցուցաբերվում կոնկրետ դեպքերի ժամանակ, երբ որ հստակ աջակցության բացեր է ներկայացվում, թեկուզ հենց մեր կազմակերպության կողմից, երբ որ խոսվում է, որ կան այս խնդիրները, պետք է այս ուղղությամբ ինչ-որ քայլեր անել», - ասաց Տաթևիկ Աղաբեկյանը։

Լուսի Քոչարյանը նամակների հոսքին հետևում է, չի կասկածում՝ հենց բարձրաձայնելով է հնարավոր հասնել սեռական բռնության կանխարգելմանը, բայց այդ պատմություններն այլևս իր էջում չի հրապարակի։

«Այս նամակները ես պահելու եմ, մտածելու եմ՝ ինչպես ստեղծել մի հարթակ, որտեղ այս բոլոր անանունները տեղ կգտնեն, և նպատակը մեկն է՝ նպատակը այս մարդկանց օգնություն տրամադրելն է», - նշեց Լուսի Քոչարյանը։

Լրագրողը վստահ է՝ նախ պետք է հասկանալ, թե ինչու մարդիկ ավանդաբար չեն բարձրաձայնում այն ամենի մասին, ինչ իրենց հետ պատահել է և վստահաբար հետևանքներ թողել։ Նամակների հեղեղից արդեն իսկ վերլուծություն ունի:

«Անվստահություն սեփական ծնողների նկատմամբ, անվստահություն բարեկամների ու հարազատների նկատմամբ, վախ՝ հասարակության շրջանակներում քարկոծվելու, և անգործություն ոստիկանության կողմից», - ասաց Քոչարյանը։

Թե՛ Լուսին ու թե՛ Տաթևիկը բռնությունը թաքցնելու պատճառներից մեկն էլ համարում են հայկական ավանդական մեղադրանքը՝ զոհն ինքն է մեղավոր։ Անանուն պատմությունների առաջացրած քննարկման դրական հետևանքը, Լուսիի կարծիքով, այն կլինի, որ լռությունը վերածվի ձայնի, և սեռական կրթությանն ու իրազեկմանը զուգահեռ բարեփոխումներ սկսվեն՝ մանկապարտեզից մինչև դատարաններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG