Մատչելիության հղումներ

«Հեղափոխության պարտություն» և «ձախողում». կոշտ քննադատության ենթարկվեց դատական համակարգի ռազմավարությունը


Նիկոլ Փաշինյանը և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հավասարապես պատասխանատվություն են կրում դատաիրավական համակարգի արմատական բարեփոխումների տապալման համար։ Այսպիսի կոշտ քննադատություն հնչեցրեց այսօր անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ ամբիոնից՝ անդրադառնալով երեկ վարչապետի և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ դատական համակարգի փոփոխությունների, վեթինգի գործընթացի մասին քննարկմանը։

«Այս ոլորտում սա հեղափոխության պարտությունն է, և հակահեղափոխության հաղթանակ», - սա էր պատգամավորի գնահատականը։

«Կարելի է ենթադրել, որ վարչապետին բավարարում են իր արդարադատության նախարարի՝ դատական համակարգը հեղափոխությունից հնարավորինս հեռու պահելու մասին հիմնավորումները, որոնք գրեթե նույնական են մեր երկրում արդարադատությունը բռնաբարած արդարադատության նախարարներ Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Հրայր Թովմասյանի փաստարկների ու բերած ապացույցների հետ: Հակառակ պարագայում՝ վարչապետի կողմից այդ մանիպուլյացիաները որպես բարեփոխումների տապալման հիմնավորումները չընդունելու պարագայում, մենք արդեն իսկ պետք է տեղեկացված լինեինք Ռուստամ Բադասյանի պաշտոնանկության մասին», - նշեց Արման Բաբաջանյանը:

Պատգամավորի պնդմամբ՝ նախարարի ներկայացրած վեթինգը ձևական բնույթ ունի։ Հիշեցնենք՝ ըստ այդ փաստաթղթի՝ վեթինգ հնարավոր է իրականացնել 2017 թվականի հուլիսից հետո տեղի ունեցած գործարքների առնչությամբ։ Այսինքն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգումներ չի կարող իրականացնել ավելի վաղ ժամանակներում ձեռք բերված գույքի վերաբերյալ, ինչը, մասնագետների պնդմամբ, լրջագույն խնդիր է։

Նախարար Բադասյանի պնդմամբ՝ դատավորների համատարած վեթինգ հնարավոր չէ՝ առանց Սահմանադրությունը փոխելու։

Ուղիղ եթերում քննարկման ժամանակ վարչապետի հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս ազատվել «վատ» դատավորներից, Բադասյանը շեշտադրումը փոխեց՝ ի՞նչ անել, որ համակարգը գրավիչ դառնա ազնիվ և որակյալ մասնագետների համար։ Որպես դեղատոմս առաջարկվեց աշխատավարձերի առայժմ՝ 50 տոկոսի չափով, ապագայում՝ մինչև 70 տոկոսի չափով բարձրացում։

«Կարծում եմ՝ մոտ 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացող դատավորի համար արդեն բավական գրավիչ կլինի դատական համակարգը», - նշեց արդարադատության նախարարը:

Անցած շաբաթ կառավարության կատարողականը ներկայացնելիս վարչապետ Փաշինյանը որպես ձախողում նշել էր դատաիրավական համակարգի անկատարությունը։ Ընդգծել էր, որ այսօր իրավապահ համակարգում դավաճանների և անգրագետների կողքին կան նվիրյալ, անկախ աշխատողներ և համակարգը քարուքանդ չի արվել հենց նրանց համար։ Ինքնամաքրումը ճիշտ ճանապարհը չէ, այսօր ԱԺ-ի ամբիոնից վարչապետին հակադարձեց անկախ պատգամավոր Բաբաջանյանը՝ շեշտելով շարքային քաղաքացու հարկերի շնորհիվ շարունակելու են բարձր աշխատավարձ ստանալ հանցագործ դատավորները։

Չնայած հնչող կոշտ քննադատությանը, «Իմ քայլը» խմբակցությունում չեն կարծում, թե դատական բարեփոխումները տապալվել են։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն, իհարկե, չի բացառում, որ շատ հարցերում միգուցե ավելի ճիշտ կլիներ մի փոքր ավելի արագ գործել։

«Մենք չենք գնահատում, որ ամեն ինչ կատարյալ է մեր գործողություններում, բայց ձգտում ենք, որպեսզի անենք առավելագույնը», - նշեց Լիլիթ Մակունցը:

«Առանց վեթինգի չենք ունենալու այնպիսի դատարան, որը հասարակության վստահությունը վայելի». Սաքունց

Կոշտ է նաև քաղհասարակության արձագանքը իշխանության իրականացրած դատաիրավական բարեփոխումների գործընթացին։

«Ձախողում», - մեկ բառով այսպես է նկարագրում վիճակը իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ շեշտելով բավական ժամանակ կար ոչ թե արդարացումներ փնտրելու, այլ՝ խորքային, համակարգային վեթինգի մեխանիզմներ մշակելու, դրանց իրականացման համար անհրաժեշտ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար։

«Չի կարող սուպերվարչապետական Սահմանադրությունը հեղափոխական օրակարգում գտնվող խնդիրների լուծման հնարավորություն ստեղծի: Բայց ավելի վատ, նման պատճառաբանությունը հիմա ներկայացնելը համարում եմ որպես խորը վիրավորանք, ցինիզմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ: Պետք չէր մեզ պատճառաբանություն ներկայացնել, պետք էր գործողություններ կատարել՝ փոխելու այն բոլոր խոչընդոտները, որոնք անհրաժեշտ էին անցումային վեթինգի իրականացման համար», - ասաց Սաքունցը:

Առանց անցումային վեթինգի որևէ որակական փոփոխություն դատական համակարգում կատարել հնարավոր չէ, կարծում է իրավապշտպանը՝ ընդգծելով՝ կառավարության ներկայացրածը, այդ թվում՝ աշխատավարձերի բարձրացումը, արմատական փոփոխության գործիքներ չեն։

Ի վերջո, Սաքունցի խոսքով՝ «էլի կանգնելու ենք նույն կոտրած տաշտակի առաջ՝ չենք ունենալու այնպիսի դատարան, որը հասարակության վստահությունը վայելի»։

«Աշխատավարձի բարձրացում անել դատավորներին, որոնք շարունակելու են մնալ դատական համակարգում, որոնք ուղղակի մասնակից են մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեջ, իհարկե, դա չի կարող ընդունվել: Շատ շուտով իշխանությունը կառերեսվի այդ դժգոհությունների հետ», - նշեց իրավապաշտպանը:

Ի դեպ, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ շեշտեց՝ իրենք ունեն հստակ, երկարատև ռազմավարություն, և ամեն մի հայտարարությունից հետո որոշումներ չեն փոխելու։ Այդուհանդերձ, նախարարը նաև կոչ արեց՝ եթե կան մարդիկ, որոնք կարող են մի քանի ամսում ստեղծել աշխարհի լավագույն դատական համակարգը, ապա թող հրապարակեն արագ լուծումների այդ փաթեթը, և կառավարությունը գուցե դա ի գիտություն ընդունի։

XS
SM
MD
LG