Մատչելիության հղումներ

Դատավորներին վեթինգի ենթարկելու օրինագիծն ամենևին էլ այդ մասին չէ, պնդում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյան, արխիվ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյան, արխիվ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը հայտարարում է՝ դատավորներին վեթինգի ենթարկելու Արդարադատության նախարարության ներկայացրած օրինագիծն ամենևին էլ այդ մասին չէ։ Ըստ Հարությունյանի, նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրությանը սպասող՝ Դատական օրենսգրքում արված փոփոխություններն ու լրացումները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հնարավորություն չեն տալիս գործող դատավորներին ենթարկել վեթինգի։ Մինչդեռ հեղափոխությունից հետո իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, թե պետք է ստուգեն բոլոր դատավորներին, հայտնաբերեն տարիներ շարունակ ապօրինություններ գործած, դատավորի անկախությունը տարբեր շահերի ստորադասածներին։

«Գործող դատավորների բարեվարքության, գործունեության այլ ասպեկտներին հանձնաժողովը որպես լիազոր մարմին որևէ կերպ չի անդրադառնալու, հանձնաժողովը դատավորի գործունեությամբ կայացրած որոշումներ, դրսևորած վարքագծի, այսպես կոչված բարեվարքության առնչությամբ որևէ գործողություն չի իրականացնելու», - «Ազատության» հետ զրույցում նշեց Հայկուհի Հարությունյանը:

Հարությունյանը պնդում է՝ իր ղեկավարած կառույցը, որը ստեղծվեց անցած նոյեմբերին, ընդամենը ստուգելու է գործող դատավորների գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը, ինչն անում էր նաև Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը։ Վերջինին փոխարինում է հենց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

«Ստուգելու են դատավորների, ինչպես մնացած բոլոր պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերը», - նշեց Հարությունյանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը պարզաբանում է, թե որն է վեթինգը, ինչն արվելու է դատավորի թեկնածուների դեպքում միայն. - «Էնտեղ, օրինակ, կա նաև հենց արդեն մասնագիտական գործունեության, մասնագիտական գործունեության ընթացքում դրսևորած վարքագծի, հնարավոր քրեական, վարչական և այլ տեսակի պատասխանատվության ենթարկված լինելու հանգամանքը և քրեական ենթամշակույթին հարելը, ինչպես նաև, օրինակ, հասարակության այլ անձանց և ընդհանուր միջավայրում դրսևորված վարքագիծը՝ պարկեշտության և այլ տեսակի չափանիշներով որպես գնահատման ենթակա: Սա ավելի ամբողջական ուսումնասիրություն է, որը օրենսդրական փոփոխություններով վերաբերելի է բացառապես դատավորների թեկնածուներին այս պահին»:

Մեկ խնդիր ևս կա՝ այս օրինագծով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգումների լայն հնարավորություն կունենա 2017-ից հետո ընկած ժամանակահատվածի համար։

«Նախագծով փաթեթի բայց ներկայացվել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի փոփոխություն, որով 17 թվականից հետո գույքի, եկամուտների առնչությամբ հանձնաժողովը հնարավորություն կունենա, այսպես ասած, ավելի ընդլայնված տեղեկություններ ստանալ և հասանելիություն ունենալ որոշակի աղբյուրներին, այդ թվում նաև՝ բանկային գաղտնիքին», - ասաց հանձնաժողովի նախագահը՝ շարունակելով. - «Բայց դա, ընդգծում եմ, վերաբերում է 17 թվականի հուլիսից հետո տեղի ունեցած գործարքներին և հարաբերություններին: Դրանից ավելի վաղ ընկած ժամանակահատվածի համար հավելյալ տեղեկություններ հավաքելու նույն սահմանափակումները, ինչը գործում էին մինչև օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը, կշարունակեն գործել: Այսինքն՝ 15, 16, 14, 13 թվականին հայտարարագրված գույքի, եկամուտների առնչությամբ հանձնաժողովը ավելի սահմանափակ հնարավորություն ունի այդ գործարքների օրինականության, ձեռք բերված եկամուտների օրինականության պարզելու և դրանց առնչությամբ խախտումների հայտնաբերելու դեպքում որոշակի գործողություններ իրականացնելու համար»:

Ըստ Հարությունյանի, ամիսներ տևած քննարկումների ժամանակ իրենք ներկայացրել են սեփական առաջարկությունները, որոնք, փաստորեն, տեղ չեն գտել նոր օրինագծում։

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյան, արխիվ
Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյան, արխիվ

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը, մինչդեռ, նախարարության տարածած հայտարարությունում պնդում է՝ հանձնաժողովն իր դիտակետում պետք է ունենա ինչպես ներկայիս, այնպես էլ նախկին պաշտոնատար անձանց, և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգելու է գործող դատավորների հայտարարագրերը, ընդ որում՝ հայտարարագրերի մանրամասն վերլուծության և տվյալների համադրման միջոցով։

«Օրենսդրական փաթեթով նախատեսված ընդլայնված գործիքակազմը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է կիրառել 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ներկայացված հայտարարագրերի վերլուծության ընթացքում, իսկ մինչ այդ ներկայացված հայտարարագրերը կարող է վերլուծության ենթարկել ներկայումս գործող իրավակարգավորումներին համապատասխան», - ի պատասխան Հարությունյանի` գրում է Արդարադատության փոխնախարարը։ Հայտարարագրերի վերլուծության արդյունքում խախտումների հայտնաբերման դեպքում հանձնաժողովը ձեռնարկելու է համապատասխան միջոցներ, որոնց շարքում է նաև իրավապահ մարմիններին հնարավոր քրեական իրավախախտման վերաբերյալ հայտնելը, ընդգծում է Սրբուհի Գալյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG