Մատչելիության հղումներ

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 221 հազարը, մահացել է 2009 մարդ


Ռուսաստան - Կորոնավիրուսով վարակվածներին բուժող բժիշկներ Խիմկիի հիվանդանոցում, մայիս, 2020թ.
Ռուսաստան - Կորոնավիրուսով վարակվածներին բուժող բժիշկներ Խիմկիի հիվանդանոցում, մայիս, 2020թ.

Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 11 հազար 656 նոր դեպք է հայտնաբերվել, ընդհանուր թիվը կազմել է 221 հազար 344: Այսպիսով, Ռուսաստանը մեկ օրում վարակվածների թվով առաջ է անցել Մեծ Բրիտանիայից և Իտալիայից ու հաստատված վարակվածների թվով այսօր երրորդ հորիզոնականում է աշխարհում:

Ընդ որում, Մոսկվայի քաղաքապետ, Ռուսաստանի Պետխորհրդին կից ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար Սերգեյ Սոբյանինը ավելի վաղ հայտարարել էր, թե իրականում միայն մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակված է առնվազն 300 հազար մարդ:

Կորոնավիրուսի նոր դեպքեր այսօր գրանցվել են Ռուսաստանի 84 շրջաններում, 6 հազար 169-ը՝ Մոսկվայում: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի մայրաքաղաքում գրանցվել է 111 հազար 909 հիվանդ:

Նոր հիվանդացածների թվով երկրորդ տեղում Մոսկվայի մարզն է, երրորդում՝ Սանկտ Պետերբուրգը:

Կորոնավիրուսով հիվանդացածներից 94-ը վերջին 24 ժամվա ընթացքում մահացել են: Այսպիսով, մահացածների ընդհանուր թիվը երկրում կազմել է 2009 մարդ:

Այսօր առավոտյան «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտնել է, որ Ռուսաստանում տվյալ պահի դրությամբ անցկացվել է կորոնավիրուսի ավելի քան 5,5 միլիոն թեստ, վերջին մեկ օրում՝ 188 հազար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր օրվա երկրորդ կեսին ուղերձով հանդես կգա: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Երկրի ղեկավարը խոսելու է սանիտարահամաճարակային իրավիճակի և քաղաքացիներին ու երկրի տնտեսությանն աջակցության նոր միջոցների մասին, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:

Ռուսաստանում հատկապես բարդ վիճակում են հայտնվել բուժաշխատողները: Մոսկվայի մարզի բժիշկներն այսօր նահանգապետ Անդրեյ Վորոբյովին բողոքել են պաշտպանության միջոցների պակասից: Ինչպես բազան է հայտնում, համապատասխան նամակով Մոսկվայի մարզի ղեկավարին դիմել են վեց շրջանների շտապ օգնության ենթակայանների բժիշկները:

Հավելենք՝ երկրում հայտարարված է կարանտինային ռեժիմ, ընդ որում՝ տարբեր մարզերում տարբեր կանոններ են գործում: Մոսկվայում, օրինակ, վաղվանից քաղաքացիները պարտավոր են դիմակներ ու ձեռնոցներ կրել հասարակական վայրերում, այդ թվում՝ խանութներում, հակառակ դեպքում նրանց սպառնում է տուգանք 4 հազար ռուբլու չափով:

Ինքնամեկուսացման ռեժիմը երկարաձգվել է մինչև մայիսի 31-ը, սակայն վաղվանից իրենց աշխատանքն են վերսկսում բոլոր արդյունաբերական և շինարարական ընկերությունները:

Մյուս քաղաքացիները տնից կարող են դուրս գալ միայն խանութ, դեղատուն և բժիշկներին այցելելու համար:

Դպրոցները, բուհերը, գեղեցկության սրահները, բոլոր զբոսայգիները, սրճարաններն ու ռեստորանները փակ են լինելու առնվազն մինչև մայիսի 31-ը:

XS
SM
MD
LG