Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է չորս միլիոնին, մահացել է ավելի քան 273 հազար մարդ: Վերջին մեկ օրվա ընթացքում միայն՝ վարակի ավելի քան 90 հազար նոր դեպք է արձանագրվել, մահացել է ավելի քան 5 հազար 200 մարդ:
ԱՄՆ-ը շարունակում է մնալ կորոնավիրուսից մահացության ցուցանիշներով առաջատարը
Անցած տարի դեկտեմբերին Չինաստանում բռնկված վարակը հասել է աշխարհի 219 երկրներ, որոնցից 182-ում մահեր են արձանագրվում: Վարակի տարածման և մահացության ցուցանիշներով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները, որտեղ միայն երեկ վարակի մոտ 30 հազար նոր դեպք է արձանագրվել, մահացել է 1600-ից ավելի մարդ:
Սպիտակ տունը հայտնել է նախագահական աշխատակազմում հաստատված վարակի երկրորդ դեպքի մասին: Դոնալդ Թրամփի խոսքով՝ կորոնավիրուսով է վարակվել փոխնախագահ Մայք Փենսի խոսնակ Քեթի Միլլերը, որը նախագահի խորհրդական Սթիվեն Միլլերի կինն է:
AP-ի փոխանցմամբ՝ Քեթի Միլլերը հինգշաբթի օրը մասնակցել է պաշտոնական մի միջոցառման, որին ներկա էր ինչպես Թրամփը, այնպես էլ առաջին տիկինը և Սպիտակ տան բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Եվրոպայում մահվան ցուցանիշներով առաջատարը Մեծ Բրիտանիան է, վարակակիրների թվով՝ Իսպանիան
Եվրոպայում մահվան ցուցանիշներով առաջատարը Մեծ Բրիտանիան է, այստեղ կորոնավիրուսի հետևանքով ավելի քան 31 հազար մարդ է զոհվել, վերջին օրերին թվերի որոշակի նվազմանը զուգահեռ կառավարությունը քննարկում է կարանտինային սահմանափակումները մեղմելու տարբերակները։
Եվրոպայում վարակակիրների ամենամեծ թիվն ունեցող Իսպանիայի իշխանությունները ևս աստիճանաբար թուլացնում են կարանտինը. առաջիկա երկուշաբթի օրվանից բացի Մադրիդից և Բարսելոնայից մյուս բոլոր քաղաքներում կբացվեն ռեստորանները, սրճարանները, բարերը, փոքր խանութները, լողափերը։
Եվրոպական երկրներում սահմանափակումների մեղմացման ֆոնին Եվրամիության գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը, դիմելով Շենգենյան գոտու երկրներին, հորդորել է չշտապել սահմանները բացելու հարցում և ևս 30 օր՝ մինչև հունիսի 15-ը ուժի մեջ թողնել երկիր մտնելու արգելքը՝ խուսափել ինչպես Շենգենյան գոտու ներսում ճամփորդություններից, այնպես էլ դրսից զբոսաշրջիկներ ընդունելուց:
Ռուսաստանում կորոնավիրուսի ընդհանուր ցուցանիշը մոտենում է 200 հազարին
Համաճարակային իրավիճակը ահագնանում է Ռուսաստանում, որտեղ արդեն վեցերորդ օրն է՝ օրական արձանագրվում է կորոնավիրուսի ավելի քան 10 հազար դեպք, ընդհանուր ցուցանիշն արդեն մոտենում է 200 հազարի, էպիկենտրոնը շարունակում է մնալ Մոսկվան: Ընդ որում, ինչպես հայտարարել է Մոսկվայի քաղաքային իշխանության ղեկավար Սերգեյ Սոբյանինը, վարակվածների իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ կասկածներ ունեն թեստերի արդյունքների ճշգրտության հարցում:
Նախօրեին Մոսկվայում ևս մի քանի շաբաթով երկարաձգվեց տեղաշարժի սահմանափակումը, հաջորդ շաբաթվանից բոլոր հանրային վայրերում պարտադիր կդառնան դիմակներն ու ձեռնոցները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ընդհատելով իր նախագահության ընթացքում թերևս ամենաերկարատև՝ ավելի քան մեկամսյա բացակայությունը, մայրաքաղաքում իր հարգանքի տուրքն է մատուցել Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակին:
Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումները սովորաբար Ռուսաստանում նշվում են մեծ շուքով, տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ, համաճարակի պատճառով, սակայն, այսօր Ալեքսանդրյան այգում Պուտինից բացի ներկա էին միայն նախագահի անձնական լուսանկարիչը և պատվո պահակախումբը:
Բելառուսում ռազմական շքերթին մասնակցել է շուրջ երեք հազար զինծառայող
Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ տասնյակ այլ երկրներում՝ Բեռլինից մինչև Վաշինգտոն, Երկրորդ աշխարհամարտում նացիստական Գերմանիայի դեմ հաղթանակի օրը նշել են առանց շքերթների, տոնական մարդաշատ միջոցառումների: Բացառություն էր թերևս միայն Բելառուսը, որտեղ չնայած համաճարակային բարդ կացությանը, իշխանությունները կտրականապես հրաժարվել են չեղարկել կամ հետաձգել ռազմական շքերթը:
Տասը միլիոն բնակչություն ունեցող Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելի քան 21 հազար է, մահացել է 121 մարդ: Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, չնայած հանրային պահանջին, միջազգային կառույցների հորդորներին, երկրում որևէ կարանտինային միջոցառում չի ձեռնարկել: Այսօր էլ մայրաքաղաք Մինսկի կենտրոնում ոչինչ չէր հիշեցնում երկրով մեկ սրընթաց տարածվող համաճարակի և կորոնավիրուսի մտահոգիչ վիճակագրության մասին՝ միայն ռազմական շքերթին մասնակցել է շուրջ երեք հազար զինծառայող, դրան հետևում էին տասնյակ հազարավոր մարդիկ:
Տոնական միջոցառումներ են անցկացվել նաև երկրի մյուս խոշոր քաղաքներում:
«Այս ցնորված, կողմնորոշումը կորցրած աշխարհում կգտնվեն մարդիկ, ովքեր մեզ կմեղադրեն այս սուրբ միջոցառման անցկացման վայրի և ժամանակի համար: Ես նրանց մարդավարի կասեմ՝ մի շտապեք ենթադրություններ անել, առավել ևս մեզ՝ բելառուսներիս, հաղթանակի ժառանգներիս մեղադրել: Մենք պարզապես այլ կերպ չէինք կարող, մենք այլընտրանք չունեինք, եթե նույնիսկ ունենայինք՝ մենք կանեինք նույնը», - հայտարարել է Բելառուսի առաջնորդը։