Մատչելիության հղումներ

«Համաճարակի ռիսկային զոնայում ենք, անլուրջ վերաբերվողներին թերևս պետք է ուղեկցել վերակենդանացման բաժանմունքներ». համաճարակաբան


Համաճարակաբան Արմեն Բադալյանը, 7-ը մայիսի, 2020թ.
Համաճարակաբան Արմեն Բադալյանը, 7-ը մայիսի, 2020թ.

Չնայած վարակի ցուցանիշների աճին` քաղաքացիներ կան, որ դեռ չեն հավատում կորոնավիրուսի գոյությանը:

«Չեմ վախենում: (Դիմակ) չեմ կարում, չեմ էլ հավատում, վիրուս գոյություն չունի»,- ասում է քաղաքացիներից մեկը, մյուսը, սակայն, հավելում է.- «Դիմակներն ունենք, նոր ենք հանել, դիմակը նոր հանեցինք»:

Մեկ այլ քաղաքացու խոսքով.- «Չեմ հավատում ես կորոնավիրուսին»:

Կորոնավիրուսով վարակվածների ու մահվան դեպքերի աճող թվերն էլ, ինչպես ինքը ներկայացավ, քյավառցի Արմենին դեռ ոչինչ չեն ասում, քանի դեռ ծանոթի կամ սեփական օրինակով չի համոզվել.- «Էն բանի վախտով էլ չկար, հմի էլ չկա: Ծանոթ մարդ, որ ասենք` մեկը վարակվել է: Չկա ոչ մի տեղ»:

Հարցին` այդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ մահանում, նա պատասխանեց.- «Ես շատ եմ իմանում, եսիմ»: Ասում է` չի վարակվի.- «Քյավառցի եմ որովհետև»:

«Ես չեմ հավատում էտ հիվանդությանը, ես շատ գիտեմ: Դե հա վարակվում են, հա, բայց կանցնի»,- մեկ այլ քաղաքացու կարծիքն է:

Մի քանի օր է՝ պարետի որոշմամբ մեղմվել է արտակարգ դրության ռեժիմը, հանվել են ազատ տեղաշարժի սահմանափակումները, աշխատում են բացօթյա սրճարանները, տնտեսական խանութներն ու գեղեցկության սրահները։

Ռեժիմի թուլացումն այս փուլում ճիշտ է, բայց քաղաքացիների սոցիալական պատասխանատվությանն ապավինելը` սխալ, ասում է համաճարակաբան Արման Բադալյանը։ Նրա կարծիքով` պետությունը պետք է ուժեղ վերահսկողություն իրականացնի թե՛ քաղաքացիների, թե՛ մասնավորապես տնտեսվարողների նկատմամբ.- «Փաստացի մեր առօրյայով մենք տեսնում էինք, որ շատ տեղերում միջոցառումները, այդ տարրական կանոնները չէր պահպանվում, և հիմա էլ տեսնում ենք, մեր առօրյայով զուտ, որևէ գիտական հետազոտություն կամ հարցում չի արվել, տեսնում ենք այն, ինչ որ տեսնում ենք, բավական տեսնում ենք, որ չեն պահպանում: Այսինքն` միանշանակ է, որ ճիշտ էր, թե սխալ, չենք կարող ասել, բայց այն, որ բավական ռիսկային զոնայում ենք գտնվում և այդ արդյունքը կտեսնենք ամսի 8-ից, 9-ից, սկսված, երբ որ միջին ինկուբացիան կլրանա, և մաքսիմալներ ամսի մինչև 18 և դրանից հետո էլ, նոր այդ ժամանակ կարելի է արդեն հասկանալ` ինչքանով էր ճիշտ և ինչքանով էր սխալ մոտավորապես»:

Այսպես թե այնպես սահմանափակումների թուլացման պարագայում վարակի տարածումն ընդլայնվելու է, և եթե սրան էլ գումարվի քաղաքացիների ու տնտեսվարողների անփութությունը, կորոնավիրուսի ճգնաժամը անխուսափելի կլինի.- «Իսկ վարակի արագ տարածումը կբերի առողջապահական համակարգի կոլապսին, այսինքն` Իտալիայի նույն օրինակով, Իսպանիան և մի շարք այլ պետություններ, որտեղ ինչ-ինչ պատճառներով այդ խնդիրը ծագեց, արագ և միաժամանակ սկսեց տարածվել և բերեց առողջապահական համակարգի կոլապսի»:

Արտակարգ դրության սահմանափակումները մեղմվել են, բայց բոլոր ոլորտներում աշխատանքի անվտանգության կանոններ սահմանվել։ Օրինակ` առևտրի օբյեկտներում արգելվում է հաճախորդների մուտքն առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի և ձեռնոցների: Սակայն Շենգավիթում գտնվող այս մեծ սուպերմարկետում հաճախորդներն անարգել ելումուտ էին անում առանց ձեռնոցի ու դիմակի։ Սուպերմարկետի տնօրենն ու մենեջերը հրաժարվեցին մեր հարցերին պատասխանել, բայց մատնացույց արեցին աշխատակիցներին, թե նրանց դեպքում պահանջը գործում է։

Քաղաքացիներն ասում են.- «Մենք առողջ ենք, Դուք լավ եղնեք, Դուք երջանիկ եղնեք: Նոր դրեցի (դիմակ) ստեղ, շունչս կտրվում է: Վարակվելուց չեմ անհանգստանում, որովհետև ես բացօթյա եմ: Ձեռքերս էնտեղ լվացել եմ, ախտահանել եմ»:

«Ձեռնոցներն` էստեղ, դիմակն էլ` ստեղ, թոշակ ենք ստացել, եկել ենք»,- նշում է մյուսը: Մեկ այլ անցորդ էլ դիմակ, ձեռնոց չօգտագործելու հարցադրմանն արձագանքում է.- «Չեմ օգտագործում, ավելի ճիշտը` դիմակով չեմ կարողանում ինձ լավ զգալ»:

Ուրիշ քաղաքացու խոսքով.- «Չեմ կարում, դժվարանում եմ, շնչառությունս վատանում է, դրա համար էլ չեմ հագնում: Չէ, վարակվելու չի, որ վարակվեի, երկու ամիսը լրացավ, անցավ, ամեն օր էլ շփվում եմ էս կողմ, էն կողմ, ոչ մի բան»:

«Նման մարդկանց պետք է համապատասխան հագուստ և այլն տանք ու ուղևորենք ռեանիմացիոն բաժանմունքներ, թող տեսնեն` այդ վիրուսը կա, թե չկա: Չգիտեմ` գուցե, մի քիչ աբսուրդային բան եմ ասում, բայց թող տեսնեն` այդ վիրուսը կա, թե չկա, բայց կարելի է այդպիսի մի ինչ-որ բան կազմակերպել, գնան, տեսնեն` կա, թե չկա, կամ խոսեն մահացածների, ով որ մահերի դեպքերը, որ գրանցվել են այդ հիվանդության»,- ասում է համաճարակաբան Արման Բադալյանը:

Այս տարածքի մեկ այլ խանութում պարետի որոշման մասին հենց դռնից են տեղեկացնում` մուտքը դիմակով և ձեռնոցով։ Բայց խանութի տնօրեն Դավիթ Խոսրովյանն ասում է` ոչ բոլոր հաճախորդների դեպքում են խիստ կիրառում, տարեցների, առաջ, օրինակ, դժվարանում են դռները փակել.- «Տարեցների պարագայում մի քիչ դժվար է, ասում է` խնդիր ունի դիմակ կրելու հետ, ու դժվար էլ է հասկանալ` իրոք էտ կինը խնդիր ունի, չունի: Ամեն դեպքում իրենց հետ մի քիչ բարդ է»:

XS
SM
MD
LG