ԱՄՆ պարենի և դեղամիջոցների դաշնային դեպարտամենտը պաշտոնապես թույլատրել է նոր կորոնավիրուսի դեմ կիրառել «Remdesivir» անվամբ դեղամիջոցը:
Այն ստեղծել է Կալիֆորնիայում տեղակայված Gilead Science ամերիկյան դեղագործական ընկերությունը:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Gilead-ի գործադիր տնօրեն Դենիել Օ'Դեյին, ով հայտնել է, որ ընկերությունը դեղամիջոցով 1,5 միլիոն սրվակներ է նվիրում հիվանդանոցներին:
Այդ քանակը թույլ կտա դեղամիջոցը ներերակային մեթոդով տալ COVID-19 հիվանդություն ունեցող առնվազն 140 հազար մարդկանց:
«Remdesivir»-ը կտրվի միայն հիվանդանոցներում բուժվող մարդկանց: Փորձարկումների արդյունքների համաձայն, այդ դեղը մոտ 30 տոկոսով կրճատում է հոսպիտալացման ժամանակաշրջանը, սակայն ծանր վիճակը վերապրածների թիվը էապես չի մեծացնում:
Մասնագետները նախազգուշացնում են, որ «Remdesivir»-ը չի կարելի «փրկություն համարել», քանի դեռ չկա ամբողջական պատկերացում էբոլա հիվանդության դեմ ժամանակին ստեղծված այդ դեղամիջոցի հնարավոր բացասական ազդեցության և նոր կորոնավիրուսի պարագայում բարձր արդյունավետության մասին: