Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 125-ով, բուժվածներինը՝ 33-ով


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 125-ով՝ հասնելով 2273-ի, գրանցվել է մահվան ևս մեկ դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնական կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 33-ով և հասել 1010-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 23 հազար 142 է:

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել է, որ ընդհանուր առմամբ, ունենք կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 33 դեպք և մահվան 3 անուղղակի դեպք, որոնցից 1-ն արձանագրվել է երեկ:

«Պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Հիշեցնենք, որ նախորդ 2 մահվան դեպքի մասին հայտնել էինք ապրիլի 29-ին», - նշել է Նիկողոսյանը:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 1227 մարդ:

Ավելի ուշ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 454 հոգի ունի թոքաբորբ, 63 հոգի գտնվում է ծանր վիճակում, 28-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, 5 անձ միացված է արհեստական շնչառության սարքին:

XS
SM
MD
LG