Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հայաստանյան բոլոր աշխատողներին «գործատուներից պահանջել գրանցել իրենց աշխատատեղերը և աջակցել կառավարությանն իրենց իսկ աշխատանքային իրավունքները պաշտպանելու հարցում»:
Հայաստանում այսօր նշում են Աշխատանքի օրը, աշխարհի բազմաթիվ այլ երկրներում՝ Աշխատավորների միջազգային օրը։
«Մեր հակաճգնաժամային ծրագրերն ուղղված են առաջին հերթին այն մարդկանց և ընկերություններին, ովքեր աշխատել են Հայաստանի Հանրապետության աշխատանքային, հարկային օրենսդրության ճշգրիտ պահպանմամբ: Սրանով մենք ոչ միայն մեր գնահատանքի տուրքը մատուցեցինք այդպես աշխատող մարդկանց, այլև օգտվեցինք այն պատեհությունից, որ գրանցված աշխատողին շատ ավելի հեշտ է նույնականացնել, հասցեավորել այն պարագայում, երբ նա ճգնաժամի պայմաններում կորցնում է աշխատանքը և աջակցության կարիք ունի: Գրանցված աշխատանք ունենալն աշխատանքային իրավունքների պաշտպանության կարեւոր երաշխիք է», - նշել է Փաշինյանը։
Ազգային ժողովում իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանի խոսքով, Հայաստանում այսօր չկա պետական հսկողություն աշխատանքի իրավունքի նկատմամբ։ Նա հիշեցրեց, որ Աշխատանքի պետական տեսչությունը փակվել է 2013 թվականին, իսկ ներկայում գործող Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է աշխատանքի իրավունքի պաշտպանության մասնակի հսկողություն՝ օրինակ, աշխատանքի անվտանգ պայմաններ կամ հղի կանանց աշխատանքի իրավունքի պաշտպանություն։
Մնացած հարցերում աշխատողը կարող է իր իրավունքը պաշտպանել միայն դատական կարգով․ - «Այսօր աշխատանքային իրավունքը ամենաչպաշտպանված, թերևս ամենախոցելի և երերուն իրավունքն է այն առումով, որ բոլոր մնացած իրավունքների խախտումը կամ իրավունքների ամրագրումը գալիս-հանգում է հենց աշխատանքային իրավունքին։ Աշխատանքային իրավունքները վտանգվում են հնարավոր, ասենք, քաղաքական հայացքների առումով, կամ տարիներ շարունակ մենք տեսել ենք, որ աշխատանքից ազատումը դարձել է պատժամիջոց։ Կամ այլախոհության, կամ հասարակական քաղաքական ակտիվության․․․»
Ըստ Տիգրանյանի, անցած տարվա վերջում Աշխատանքային օրենսգրքում արված փոփոխությունների արդյունքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար 2021 թվականի հուլիսի 1-ից վերականգնվելու է Աշխատանքային օրենսդրության ամբողջական վերահսկողության գործառույթը։
Երևանի փողոցներում մարդիկ տարակարծիք էին՝ արդյո՞ք Հայաստանում պաշտպանված են աշխատողների իրավունքները։
«Նոր իրականության մեջ, կարծում եմ, որ պաշտպանված են», - ասաց մի երիտասարդ կին։
Նրա համաքաղաքացի տղամարդն այլ կարծիք հայտնեց․ - «Իմ կարծիքով, ոչ։ Եթե պաշտպանված լինեին, այս վիրուսի պայմաններում մարդկանց աշխատավարձերը պահպանված կլինեին գոնե ինչ-որ չափով։ Ու իմ կարծիքով՝ պետության կողմից, որովհետև պետությունն է հայտարարել արտակարգ դրությունը»։
Երկու օր առաջ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հեռավար աշխատանքի կազմակերպմանն առնչվող օրինագիծը, ըստ որի սահմանվել է հեռավար եղանակով իրականացվող աշխատանքի հասկացությունը և հեռավար եղանակով աշխատողների աշխատավարձն ամբողջությամբ վճարելու հնարավորություն է նախատեսվել:
Աշխատանքի իրավունքի գծով մասնագիտացած փաստաբան Տիրուհի Նազարեթյանն այսօր «Ազատության» հետ զրույցում կարևորեց օրինագիծը՝ նշելով, որ Աշխատանքային օրենսգիրքը այս մասով բացեր ուներ․ - «Հեռավար աշխատանքի հասկացությունը տվեց Աշխատանքային օրենսգիրքը։ Դրանով իսկ հեռավար եղանակով կատարվող աշխատանքը հավասարեցվեց գրասենյակում կատարվող աշխատանքին, որը շատ կարևոր էր։ Այսինքն՝ աշխատավարձը նույնությամբ է վճարվում հեռավար եղանակով աշխատանքը կազմակերպելու հնարավոր լինելու դեպքում»։