Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսով վարակվածներից 28-ը ծայրահեղ ծանր վիճակում է


Կորոնավիրուսի 125 նոր դեպք՝ մեկ օրում. վարակվածների ընդհանուր թիվը հասավ 2273-ի։

Գրանցվել է մահվան ևս մեկ դեպք, այդուհանդերձ մահվան այս նոր դեպքը վիճակագրության մեջ չի ներառվել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը 33 է մնացել։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ազատության» հետ զրույցում բացատրեց՝ պատճառն այն է, որ կորոնավիրուսով վարակված անձը մահացել է այլ հիվանդությունից։

«Այսօր կորոնավիրուսից մահ չունենք, բայց ունենք մեկ մահ, որն արձանագրվել է երեկ և նախորդ երկու մահվան դեպքերի մասին էլ հայտնել էինք ապրիլի 29-ին, որոնք էլի ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն լրիվ այլ պատճառներով են մահացել: Այստեղ հարցը ոչ թե ուղեկցող խրոնիկ հիվանդություններն են, այլ այն, որ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, այսինքն՝ որպես դրական դեպք ինքը համակարգում արդեն մուտք է արվել, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով», - նշեց ԱՆ խոսնակը:

Հիվանդանոցից դուրս գրվածների թիվը մոտ 4 անգամ քիչ է նոր վարակվածների թվից։ Մեկ օրում առողջացածները 33-ն են։ Այս պահին կորոնավիրուսից բուժվում է 1227 մարդ։

Նախարար Թորոսյանը տեղեկացնում է, որ 454 հոգու մոտ առկա է թոքաբորբ։ 63 հոգի ծանր վիճակում է, 28-ը՝ ծայրահեղ ծանր։ Արհեստական շնչառության սարքին միացված է 5 հոգի։

Կառավարության նիստին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել էր, թե իրադարձությունների զարգացման այս սցենարի դեպքում, հավանաբար շուտով սիմպտոմներ չունեցող կամ շատ թեթև դեպքերը չեն հոսպիտալացվի։ Այդուհանդերձ մտահոգություն էր հայտնել, որ դա ապագայում բերելու է նաև վիրուսի հետագա տարածմանը։ Այսօր նախարարությունից հայտնեցին՝ թեպետ հիվանդանոցներում դեռ բավարար մահճակալներ կան, սակայն արդեն իսկ քննարկվում է նաև չհոսպիտալացնելու սցենարը։

«Երբ որ մենք զգանք, որ այլևս չենք կարողանում մահճակալների վրա տեղավորել հիվանդներին, այո, կգնանք այդ տարբերակին: Այդ սցենարը քննարկվում է, և եթե առաջիկայում հաստատվի, մենք անպայման կհայտարարենք դրա մասին», - ասաց Ալինա Նիկողոսյանը:

Արցախում մինչև օրս գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից 6-ն արդեն բուժվել են: Այստեղ կա 5 մեկուսացած անձ։ Արցախի պարետատան ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ բարեբախտաբար, մահվան դեպքեր չունեն։

«Երկու քաղաքացիների առողջական վիճակը բավարար է, և հույս ունենք, որ առաջիկա օրերին նրանք ևս դուրս կգրվեն», - նշեց Աբրահամյանը:

Վարակի օջախների շրջանակը հստակեցված է, տեղաշարժի սահմանափակումները շատ վայրերում դադարեցվել են, որոշ սահմանափակումներ կան դեռ Քարվաճառում, սակայն քննարկվում է այստեղ էլ ազատ ռեժիմի անցնելու հարցը։

Հիշեցնենք՝ սահմանային անցակետով ապրիլի 22-ից արգելվում է Արցախի քաղաքացիների ելքը դեպի Հայաստան՝ որոշ բացառություններով: Արցախի պարետատան ներկայացուցչի փոխանցմամբ՝ այս սահմանափակումները դեռ կպահպանվեն։

«Քանի որ անկախ այն հանգամանքից, եթե նույնիսկ Արցախում բոլոր քաղաքացիների դեպքում ունենանք առողջացում, սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանում դեռևս դեպքեր գրանցվում են ու շարունակվում են գրանցվել, ապա ելք ու մուտքի հետ կապված սահմանափակումները մտածում եմ, որ կշարունակվեն», - նշեց Տիգրան Աբրահամյանը:

XS
SM
MD
LG