Մատչելիության հղումներ

Բուժաշխատողները, թոքաբորբ ունեցողները ներառվել են թեստավորման ենթակա խմբերում


Կորոնավիրուսի հետևանքով 27-ամյա կին է մահացել, սա համավարակից մահվան 33-րդ դեպքն է Հայաստանում, հաղորդում է Առողջապահության նախարարությունը: Մինչ օրս մահացած քաղաքացիների տարիքը բարձր է եղել 40-ից։

«27-ամյա պացիենտը ունեցել է բնածին ծանր խրոնիկական հիվանդություններ։ Մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Ցավոք, կորոնավիրուսային հիվանդությունը կտրուկ վատթարացրել է նրա առողջական վիճակը, և նրա կյանքը չի հաջողվել փրկել»,- փոխանցեց ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նախորդ մեկ օրում կորոնավիրուսի 82 նոր դեպք է հաստատվել, առողջացածները 48-ն են, կատարվել է 1052 հետազոտություն։ Այսպիսով՝ վիրուսի բռնկման պահից վարակակիրների ընդհանուր թիվը 2 հազար 148 է, որոնցից 977-ն արդեն ապաքինվել են, այս պահին բուժում են ստանում 1136-ը։ Ընդհանուր առմամբ, կատարվել է 22 հազար 177 թեստավորում: Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն այսօր հայտարարեց՝ փորձում են ավելացնել թեստավորման ենթակա խմբերը.- «Բոլոր այն ռիսկային խմբերը, որոնք հնարավոր է ունենան կորոնավիրուսային հիվանդություն, արդեն ներառվել են օրինակ` բուժաշխատողները թեստավորման ենթակա խմբերում, օրինակ` թոքաբորբեր ունեցող պացիենտները և այլն: Ի շնորհիվ նրան, որ լաբորատոր ցանցը նույնպես ընդլայնվել է, մենք այսօր հնարավորություն ունենք օրական կատարել մոտ 1000 թեստավորում մեր բնակիչների շրջանում: Շարունակվում են, իհարկե, աշխատանքները դրական դեպքերի մեկուսացման ուղղությամբ, որովհետև սա կարևոր մի ուղղություն է, որպեսզի վարակի հետագա կանխարգելումը իրականացվի, և վարակը չտարածվի, այդ մեծ ռիսկայնությունը տարածման բնակչության շրջանում նվազի: Եվ, իհարկե, իրականացնում ենք բուժման աշխատանքներ: Մենք շարունակում ենք աշխատանքներ, նաև համագործակցություն այլ երկրների հետ, միջազգային կազմակերպությունների հետ, որպեսզի կարողանանք այն բոլոր նորությունները, գիտական հայտնագործությունները, նոր գիտելիքներն օգտագործել նաև Հայաստանում` փրկելու ավելի շատ կյանքեր մեր երկրում»:

Կորոնավիրուսի դեպքերի թվի աճի ռեկորդային բարձր ցուցանիշ՝ 134 նոր դեպք արձանագրվեց ապրիլի 29-ին։ Հաստատվել է, որ կորոնավիրուսով վարակվել են նաև «Էրեբունի» բժշկական ու Մարալիկի առողջության կենտրոնների բուժաշխատողներից ոմանք։ «Էրեբունի» բժշկական կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Շուշան Հունանյանն «Ազատության» հետ զրույցում չնշեց, թե բուժանձնակազմից քանիսն են վարակված։ Իսկ Մարալիկի առողջության կենտրոնի անձնակազմից 22-ն են վարակված։

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց՝ առաջիկայում կտեղեկացնեն, թե այս ընթացքում բուժաշխատողներից քանիսի մոտ է հաստատվել կորոնավիրուսային հիվանդություն.- «Առաջիկայում մենք տոկոսային առումով վիճակագրություն ենք ունենալու, թե դեպքերի քանի տոկոսն են բուժաշխատողներ»:

Մամուլում այս օրերին լուրեր տարածվեցին նաև, որ «Էրեբունի» հիվանդանոցում դիալիզ ստացող հիվանդից թե՛ բժիշկներն են վարակվել, թե՛ դիալիզ ստացող 20 հիվանդ։ Այս տեղեկությունը, սակայն, «Ազատությանը» չմեկնաբանեցին ո՛չ Առողջապահության նախարարությունից, ո՛չ էլ «Էրեբունի» բժշկական կենտրոնից։

Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված նոր դեպքեր չկան։ Մինչ այս պահը եղել է 8 դեպք, 5-ը բուժվել են, 6-ը մեկուսացված են, ընդհանուր թեստավորվածները 287-ն են, մահվան դեպքեր չեն արձանագրվել։

XS
SM
MD
LG