Մատչելիության հղումներ

Մարուքյանն առաջարկում է 100-հազարական դրամ տրամադրել կես միլիոն ընտանիքի, Սիմոնյանը դա «էժան պոպուլիզմ» է որակում


ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «էժան պոպուլիզմ» է որակում ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ի (ԼՀԿ) առաջարկը՝ մայիսին 100-հազարական դրամ տրամադրել շուրջ կես միլիոն ընտանիքների, ինչպես նաև կրկնակի վճարել թոշակները: Սիմոնյանը հիշեցրեց Կառավարության աջակցության արդեն գործարկված 14 ծրագրերը:

«Նման առաջարկներ անելը ես համարում եմ էժան պոպուլիզմ: Այսինքն, նույն հաջողությամբ կարելի է առաջարկել, որ 150 հազար բոլոր մարդկանց, փողոցում մարդ կանգնած լինի՝ բաժանի, և այլն, և այլն», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակը՝ շարունակելով. - «Պոպուլիզմը, առավել ևս՝ այն պոպուլիզմը, որ արվում է նման իրավիճակում, նույնպես պետք է սահման ունենա»:

«Այսօր Կառավարության ծրագրերից օգտվում են 100 հազարից ավել մարդիկ՝ կոնկրետ թիրախային խմբեր, այլ ոչ թե էն մարդիկ, ենթադրենք, ովքեր որ իրենց բանկային հաշիվներին 20-30 միլիոն դրամ ավանդ ունեն ներդրած, օրինակի համար», - ասաց Սիմոնյանը:

«Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյան, արխիվ
«Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյան, արխիվ

Էդմոն Մարուքյանը հիմնավորել էր, թե իրենց առաջարկը պոպուլիզմ չի կարող համարվել, այն պահանջելու է 100 միլիարդ դրամ, իսկ այդ փողը կա՝ պետությունը մոտ 300 միլիարդի խնայողություն ունի:

«100 միլիարդը բաժանելով ժողովրդին՝ էս մարդիկ կգնան իրենց կոմունալները կվճարեն, սնունդ կառնեն, տան վարձը կտան, որոշակի խնդիրներ կլուծեն, փողը կգեներացվի տնտեսության մեջ, դա էլի մեծ մասը հետ է գալու պետությանը, բայց մեր ժողովուրդը կկարողանա գոյատևել այս ընթացքում», - ասում է «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդը՝ շեշտելով. - «Ուրիշ որևէ խուճուճ սոցիալական, սոցիալ-իրավական, չգիտեմ ինչ ծրագրերով, ժամանակ չկա, պետք է սա արագ անել, մենք չենք կարող մարդկանց աջակցել: Տվեք, մի ընկեք բանի հետևից, տվեք, էդ փողը ուրիշ տեղ չի գնալու Հայաստանից»:

Ալեն Սիմոնյանը մատնացույց է անում տնտեսական գործունեության սահմանափակումների աստիճանաբար վերացումը: «Նույնիսկ այսօր և վաղը, ես տեղեկություն ունեմ, որ ավելի ու ավելի կմեղմացվեն: Բնական է, մարդկանց դժգոհությունը ընդունելի է և հասկանալի է, իհարկե, դա վերաբերում է բոլորին, բոլորիս, և մենք հասկանում ենք, գիտակցում ենք, որ այդ սահմանափակումները ամբողջ աշխարհով մեկ մարդկանց շատ բարդ իրավիճակի մեջ են դնում: Եվ Կառավարությունը իր ունեցած հնարավորությունների չափից է՛լ ավելի այսօր արել է և անում է, և փաստ է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը աշխարհի մակարդակով ամենալավերից մեկն է դիմակայում այս իրավիճակին՝ նաև սոցիալական առումով», - ասաց ԱԺ փոխնախագահը:

Միջազգային փորձի մասին Էդմոն Մարուքյանն ասում է՝ լավագույնը չէ, կան պետություններ, որոնք առանց խտրականության օգնել են բոլոր քաղաքացիներին. - «Միացյալ Նահանգներում, Դանիայում, Հարավային Կորեայում, շատ երկրներում, Գերմանիայում: Երբ որ մենք ասում ենք՝ այս երկրներում ՀՆԱ-ի այսքան տոկոսի չափով աջակցություն է տրամադրվում, մեզ ասում են՝ «հա, բայց դրանք հարուստ երկրներ են, ինչի՞ եք Հայաստանի հետ համեմատում»: Ժողովուրդ ջան, չենք համեմատում, էդ երկրներն իրենց ՀՆԱ-ի չափով են աջակցություն տալիս, Հայաստանը իր ՀՆԱ-ի չափով պետք է տա աջակցություն: Եթե մենք նայենք մեր ՀՆԱ-ի տոկոսին համահունչ, թե որքան աջակցություն է մեր պետությունը հայտարարել, որ կարող է տրամադրել, դա մեր ՀՆԱ-ի 1 տոկոսն էլ չի կազմում»:

Ալեն Սիմոնյանը հակադարձում է. - «Ծրագրերը կան, և ծրագրերը է՛լ ավելի ավելանալու են և շարունակվելու են: Եվ ուղղակի ամենահեշտ տարբերակն է այսօր՝ մտնել եթեր և ասել՝ «Ես առաջարկում եմ 100 հազար մարդու բաժանել 100 հազար դրամ»: Բնական է, որ դա շատ լավ է հնչում, բայց իրականության հետ թե՛ կապը, թե՛ համատեղելիությունը այն ծրագրերի հետ, որոնք որ արդեն իսկ կան և որոնցից օգտվում են բազմաթիվ մարդիկ, շատ ու շատ բարդ և շատ ու շատ հարցերի հետ կարող են առնչվել և չհամընկնել»:

«Արվում է այդ ամենը այն նույն տրամաբանության մեջ, ինչով որ այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը նստեցրել է մի քանի իր աշխատակիցների, իր կուսակիցներին իրենց գրասենյակում, ընդունում են քաղաքացիներից զանգեր և այդ զանգերը ուղարկում են նույն Կառավարության ծրագրերը իրականացնելու համար: Շնորհակալ ենք, իհարկե, դրա համար, բայց դա նույնպես վերագրել իրենց արած աշխատանքին, և իբր «Լուսավոր Հայաստան»-ը այ սա է անում, սա է անում, նա է անում, կարծում եմ՝ այս ժամանակահատվածում նույնիսկ Հանրապետական կուսակցությունը իրենց նման պոպուլիզմ թույլ չի տալիս», - հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG