Մատչելիության հղումներ

Հանրային հեռուստաընկերությունում պաշտոնանկությունները շարունակվում են


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձին նախորդած տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի սկանդալային միջադեպից հետո Հանրային հեռուստաընկերությունում պաշտոնանկությունները շարունակվում են:

Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտ Գրիգորյանի ազատման դիմումին այսօր արդեն հաջորդեցին լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանի և հեռուստաընկերության պրոդյուսեր Վարդան Հակոբյանի դիմումները:

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը «Ազատությանն» ասաց, որ միջադեպը մեկնաբանել չի ցանկանում, բայց նաև վստահեցրեց, թե հեռանալու որոշումը եղել է անձամբ Պետրոս Ղազարյանինը, Հանրայինի կառավարման մարմինը հանդիսացող խորհուրդը նրան ոչինչ չի հորդորել․ - «Խորհուրդը չի որոշում կայացրել, այլ Պետրոս Ղազարյանի դիմումի հիման վրա։ Նա, ի դեպ, ազատվել է լրատվական ծառայության տնօրենի պաշտոնից, բայց որպես հաղորդավար ինքը կշարունակի իր աշխատանքը»։

Պետրոս Ղազարյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։

Արա Շիրինյանը փոխանցեց նաև, որ լրատվական ծառայության տնօրեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ղազարյանի տեղակալ Ռուբեն Շահինյանը։

Լրատվականի նոր տնօրեն կնշանակվի մրցութային կարգով գործադիր տնօրենի ընտրությունից հետո, իսկ գործադիր տնօրենի պարտականությունները կկատարի Արմեն Սարգսյանը:

Շիրինյանը չմեկնաբանեց, թե արդյոք համարժեք համարում է աշխատանքից հեռացման դիմումներն ու տեղի ունեցած միջադեպը։

Վարչապետի ուղերձի տեխնիկական փորձի կադրերում երևում էր, որ նա պատրաստվում է ուղիղ եթերին, այդ ընթացքում մի քանի անգամ հազում է, ջուր ու հաբ է խմում։ Տեսանյութը Ֆեյսբուքում, սակայն, տարածվել էր ծաղրական բնույթի մոնտաժով։

Շիրինյանն ասաց, որ անձամբ վարչապետի հետ զրույց չի ունեցել, բայց դրա անհրաժեշտությունը տեսնում է։ Հավելեց, որ որևէ քննարկում չի ունեցել նաև վարչապետի աշխատակազմի հետ։

Ավելի վաղ հանրային հեռուտաընկերության աշխատակազմի տարածած հաղորդարգության մեջ կարդում ենք․ «Ինչ վերաբերում է ուղիղ եթերում վարչապետի ելույթներին՝ ընդգծենք, որ վարչապետի հետ ուղիղ աշխատանքը վերապահված է ոչ թե Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին, այլ վարչապետի աշխատակազմին»։

«Ազատությունը» Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից հետաքրքվեց, թե արդյոք վարչապետի թիմում պատասխանատվության ենթարկվողներ լինելու են։ «Ես կարող եմ ասել, որ ես շատ ցավում եմ տեղի ունեցածի համար։ Լինելով վարչապետի խոսնակը, ինձ համար դա ցավալի դեպք է, որ տեղի ունեցել, որը երբևէ չպետք է այլևս կրկնվի։ Մեր կողմից մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի բացառենք հետագայում նման գործելաոճը մեր գործընկերների հետ»։

Վարչապետի մամուլի խոսնակը նշեց, որ որևէ քննարկում Հանրային հեռուտաընկերության խորհրդի հետ ինքը չի ունեցել։ Չունեն նաև ուսումնասիրություն, թե բաց կապուղուց օգտված ութ հեռուտաընկերություններից որն է տարածել տեխնիկական փորձի կադրերը:

Այսօր վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակը», հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին, գրել է․ - ««Երկիր մեդիա»-ի լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը կադրերը փոխանցել է Ռոբերտ Քոչարյանին պատկանող «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանին, որն էլ կազմակերպել է արտահոսքը Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին պատկանող ֆեյքերից մեկի միջոցով»:

Գեղամ Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում հրապարակումը հիմարություն որակեց․ - «Երբ որ ասում է «Երկիր մեդիա»-ից տեսանյութը տրվել է TV5-ին, դա ծիծաղելի էր, որովհետև TV5-ը, հայաստանյան մնացած հեռուստաընկերությունները այդ ազդանշանը ստացել են։ Ազդանշանը բաց է եղել։ Այսինքն՝ կարիք չկար «Երկիր մեդիա»-ից տանել TV5 տալ, եթե այդ ազդանշանը բաց է եղել։ Բայց հետո պարզեցի, որ Հարություն Հարությունյանը էս երկու օրը հայտարարել է, որ իրենք նույնիսկ այդ ազդանշանը չէին բացել։ Ու որպեսզի գտնեն մի ձև, թե ինչպես կարող է TV5-ում հայտնվել, գտել են Գեղամ Մանուկյան անունը։ Վաղը կարող է Սիմոն Սիմոնյան լինի, կամ մեկ ուրիշը»:

XS
SM
MD
LG