Հանրային հեռուստաընկերությունը քիչ առաջ հանդես եկավ հայտարարությամբ` արձագանքելով վարչապետի խոսնակի հորդորին` տալ պատշաճ պարզաբանումներ Նիկոլ Փաշինյանի հեռուստաուղերձի տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի վերաբերյալ:
Հ1-ից նշում են, որ վարչապետի հետ ուղիղ աշխատանքը վերապահված է ոչ թե իրենց աշխատակիցներին, այլ վարչապետի աշխատակազմին:
«Ինչպես նախկինում, այս դեպքում էլ ուղիղ եթերից առաջ տրամադրվել է բաց կապուղի ՀՀ կառավարության հորդորով, որից րոպեներ առաջ կատարվել է կապուղու փորձարկում, որպեսզի հեռարձակող հեռուստաընկերությունները կարողանան ստուգել հնարավոր խնդիրները և լուծել դրանք: Եթերից առաջ հեռուստաընկերության աշխատակիցը ներկաներին բարձրաձայն տեղեկացրել է ՝ մենք 𝐑𝐄𝐂. ենք, ինչը նշանակում է՝ մենք ձայնագրման փուլում ենք: Սա պարտադիր ընթացակարգ է:
Նկարահանման ամբողջ ընթացքին ներկա են եղել ինչպես վարչապետի խոսնակը, այնպես էլ տեղեկատվական վարչության աշխատակիցները: Հեռուստաընկերության որևէ աշխատակից առանց հատուկ ցուցման կամ թույլտվության չի կարող թողնել իրեն վստահված տեղը»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ` այսօր առավոտյան վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր, որ վարչապետի աշխատակազմը պատշաճ պարզաբանումներ է ակնկալում Հանրային հեռուստաընկերությունից` հեռուստաուղերձի տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի վերաբերյալ:
«Հանրային հեռուստաընկերության կողմից վարչապետի աշխատակազմի հորդորով վարչապետի ուղերձը բաց կապուղիով մյուս հեռուստաընկերություններին տրամադրելն ամենևին էլ չի նշանակում, որ հեռուստաընկերությունը պետք է բաց կապուղի ապահովեր` սկսած նախապատրաստական աշխատանքներից: Պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է, որ մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից բացառապես վայրկյաններ, այլ ոչ 5,10,15 կամ 20 րոպե առաջ»,- գրել է խոսնակը և հավելել, որ Հանրային հեռուստաընկերությունը, առանց վարչապետի աշխատակազմին տեղյակ պահելու, առնվազն 15 րոպե առաջ բաց կապուղի է ապահովել մյուս հեռուստաընկերությունների համար։
Ըստ նրա` վարչապետի լրատվական ծառայությունը բաց կապուղու մասին տեղյակ է եղել ուղերձից 20 վայրկյան առաջ, տվել է ուղիղ եթերի համար անհրաժեշտ հետհաշվարկը, որից հետո մեկնարկել է ուղերձը։ Ավելին՝ կառավարության լրատվական ծառայությանը տեղեկացվել է, որ նախքան վարչապետի ուղերձի մեկնարկը եթերում լինելու է միայն լուսանկար, այդ թվում՝ բաց կապուղում։
«Տեղի ունեցածը վկայում է, որ փորձնական հեռարձակումը այլ հեռուստաընկերություններին հասանելի դարձնելը ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է, քանզի ոլորտի սկսնակ մասնագետներն էլ տեղյակ են, որ հեռարձակումը փորձարկում են նախապես, մինչեւ վարչապետին տեսախցիկի առաջ հրավիրելը։ Խիստ թափթփված աշխատելաոճի վկայություն է նաեւ վարչապետին տեղյակ չպահելը, որ նա եթերում է՝ թեկուզ փորձնական։ Միայն գործից անտեղյակը կարող էր ենթադրել, որ բաց կապուղի այլ հեռուստաընկերությունների համար անհրաժեշտ է ապահովել ուղերձից 15 րոպե առաջ»,- շեշտել է Մանե Գևորգյանն իր գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հեռուստաուղերձի` եթերում չհայտնված կադրերը տարածվել են համացանցում:
ՀԸ-ը երեկվա հայտարարությամբ էլ շեշտել էր, որ իրենցից արտահոսք չի եղել:
«Համացանցում շրջանառվում են ՀՀ վարչապետի ելույթի տեխնիկական փորձից կադրեր, որոնք արվել և արվում են բոլոր ուղիղ եթերներից առաջ և նախատեսված չեն հեռարձակման համար: ՀՀ Կառավարության հորդորով՝ Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են նշված հեռուստաընկերությունները` Արմենիա ԹիՎի, Շանթ, Միր, Հ2, ԱՐ, Կենտրոն, Երկիր Մեդիա 5-րդ ալիք»,- ասված է Հ1-ի հայտարարության մեջ:
Ըստ այդմ, բոլոր վերահեռարձակող հեռուստաընկերությունները եթերին նախապատրաստվելու համար ստանում են այդ տեխնիկական տեսաազդանշանը՝ ուղիղ եթերի հեռարձակմանը նախապատրաստվելու համար: «Այսինքն` ՀՀ Վարչապետի եթերը վերահեռարձակող բոլոր հեռուստաընկերություններն էլ ստացել են այդ տեխնիկական տեսաազդանշանը: Հանրային հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել»,- պարզաբանել են Հանրային հեռուստաընկերությունից: