«Տուգանելը ճիշտ է, պատժելը ճիշտ է, մինչև մեր գրպանին չխփեն, չենք հասկանա», - Մուշեղ Հարությունյանը կողմ է, որ ազատ տեղաշարժի սահմանափակումները խախտող քաղաքացիները տուգանվեն: Ասում է՝ սեփական գրպանին հարվածը միայն կսթափեցնի մարդկանց: Տնից պետք է դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և տեղաշարժի ձևաթղթով:
Ձևաթղթի պահանջը կարևորող, բայց առանց դրա փողոց դուրս եկած Մուշեղ Հարությունյանն իր բացատրությունն ունի՝ ինչու են մարդիկ անտեսում պարետի որոշումները:
«Մենք օրենք չսիրող, մենք կիսաասիական, կիսավայրենի ժողովուրդ ենք, չնայած մեզնից բեթարներն էլ կան, բայց մենք հազարավոր տարիներ օրենք չենք սիրել», - նշեց Հարությունյանը:
Օրենք չսիրելը կամ իրավական ռեժիմի կանոնները խախտելն անհետևանք չեն մնացել, ոստիկանությունից փոխանցում են՝ ռեժիմը խախտած ավելի քան 6000 քաղաքացի տուգանվել է 100-250 հազար դրամով՝ մի մասը ձևաթուղթ չունենալու կամ ձևաթուղթը սխալ լրացնելու համար, ոմանք մեկուսացման ու ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար: Տուգանվողների թվում են նաև տնտեսվարողները: Այս պահի դրությամբ նշանակված վարչական տույժերի ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 675 միլիոն դրամ:
«Ինձ թվում է՝ հետո վերջում երևի բոլորին կներեն», - նշեց մեկ այլ քաղաքացի: Ասում է՝ գուցե խախտումն արձանագրվում է, բայց տուգանքը գանձելուն չի հավատում, հույսը կառավարության գթասրտությունն է:
«Ինձ թվում է՝ այս տուգանքները նախատեսված են նրա համար, որ մարդկանց սահմանափակեն դուրս գալը, բայց վերջում երևի մեր վարչապետը կների բոլորին ու կանցնի կգնա», - ասաց նա:
Անգամ անձրևոտ եղանակն այսօր մարդկանց տանը չէր պահել: Երևանում իրարանցում էր, նույնիսկ՝ խցանումներ, մարդիկ դրսում էին ոչ միայն գնումների պահանջով: Բայց Վարդուհի Փափազյանը դրսում էր ոչ թե գարնան, այլ բանկի կանչով: Փողոցների եռուզեռից ինքն էլ էր անհանգստացած, տնից է աշխատում, ասում է՝ համավարակին մատների արանքով չպետք է նայել:
«Մի տեսակ հոգեկան վատ վիճակ է առաջանում մարդկանց մոտ. ճնշվում են՝ գարուն է նայում են դրսում: Ես բժիկների ընտանիքից եմ, խորհուրդ կտամ հետևել կառավարության հորդորներին, պետությանն օգնել, որպեսզի այս իրավիճակը շուտ հարթվի», - ասաց Փափազյանը:
«Դուք հավատո՞ւմ եք, որ կորոնավիրուս կա, ես չեմ հավատում ու էս ամեն ինչը շատ սուտ է», - ասաց հավաքվածներից մեկը:
Կորոնավիրուսին թերևս չեն հավատում նաև խանութների ու բանկերի մոտ կուտակված կամ միմյանց հետ ջերմ զրույցի բռնված մարդիկ, որոնց համար սոցիալական հեռավորությունը պահպանելու պահանջն էական չէ: