Մատչելիության հղումներ

Լրագրողներ առանց սահմանների. «Մեդիա բազմազանությունը Հայաստանում ծաղկում է»


Աշխարհի 180 պետությունների շարքում մամուլի ազատության մակարդակով Հայաստանը 61-րդ տեղում է` Վրաստանի, Լեհաստանի և Խորվաթիայի հետ գրեթե նույն մակարդակի վրա:

Դա են վկայում աշխարհի ամենահեղինակավոր լրագրողական կառույցներից մեկի` «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության` նախօրեին հրապարակած տարեկան զեկույցի տվյալները:

«Մամուլի ազատությունը աշխարհում 2020 թվականին» վերնագրված այս փաստաթղթում, ընդհանուր առմամբ դրական գնահատելով Հայաստանի լրատվական դաշտում տիրող մթնոլորտը, զեկույցի հեղինակներն այն բնութագրում են որպես ենթավերնագիր ընտրված մեկ նախադասությամբ` «Բազմազան, բայց դեռևս ոչ անկախ»:

«Լրատվական բազմազանությունը երկրում ծաղկում է, սակայն Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությունից» հետո ձևավորված կառավարությունը չի կարողացել հաղթահարել լրատվական դաշտում առկա բևեռացումը», - նշում են զեկույցի հեղինակները՝ հավելելով, - «Երկրում գործող հիմնական հեռուստաալիքների խմբագրական քաղաքականությունը համընկնում է դրանց սեփականատերերի շահերին: Դեռ շատ անելիք կա լրագրողական անկախության և լրատվամիջոցների պատկանելության շուրջ թափանցիկության հասնելու համար»:

Զեկույցի հեղինակները չեն շրջանցում նաև կեղծ լուրերի տարածման դեմ Հայաստանում ծավալված պայքարը` արձանագրելով. «Մտահոգություններ են առկա լրագրողների դեմ դատական գործընթացների, ինչպես նաև կեղծ լուրերի դեմ պայքարում որոշակի անհամաչափության հետ կապված: Անվտանգության ուժերի ներգրավումը ապատեղեկատվության դեմ պայքարում, սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի` դրան հաջորդող ձերբակալությունները, ինչպես նաև առանց քաղաքացիական հասարակության և լրագրողների հետ նախապես քննարկման [այս ոլորտին] վերաբերող օրենքներն ընդունելու փորձերը ևս մտահոգիչ են», - ասված է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցում:

Դրա հետ մեկտեղ կազմակերպության մասնագետները հատուկ ընդգծում են, որ լրագրողական հետաքննությունները դարձել են այն ժանրը, որն այս պահին Հայաստանի լրատվական դաշտում գնալով ավելի նշանակալի դեր է խաղում:

«Հետաքննական լրագրությունը [հայաստանյան] համացանցում ծաղկում է` լուրջ տեղ զբաղեցնելով կոռուպցիայի դեմ պայքարի համապետական արշավում», - նշում են զեկույցի հեղինակները:

Հավելենք նաև, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության այս զեկույցում Հայաստանը արդեն երկրորդ տարին է ինչ զբաղեցնում է 61-րդ տեղը` առաջ անցնելով անգամ ԵՄ այնպիսի պետություններից, ինչպիսին են, օրինակ, Հունաստանը կամ Հունգարիան:

2018-ին` Սերժ Սարգսյանի իշխանության վերջին տարում` կազմակերպության հրապարակած զեկույցում Հայաստանը 80-րդն էր` Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության, Սիերա Լեոնեի և Մոլդովայի հարևանությամբ:

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանի պետություններին, ապա Վրաստանն ու Հայաստանը գրեթե նույն մակարդակի վրա են. զեկույցում մեր հյուսիսային հարևանը 60-րդն է:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության փորձագետների համոզմամբ՝ թեև վրացական հեռուստաեթերում անցած մեկ տարում հնարավոր է եղել ապահովել բազմակարծությունն, այնուհանդերձ լրագրողական անկախության ապահովումը շարունակում է խնդրահարույց մնալ:

Զեկույցի հեղինակները, մասնավորաբար, մատնանշում են «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շուրջ նախորդ տարի ծավալված զարգացումները, որոնց հետևանքով այն վերադարձվեց նախկին սեփականատիրոջը` իշխանամետ խմբագրական քաղաքականություն որդեգրելով:

Բացի այդ փաստաթղթում հիշատակված են Աջարիայի հանրային հեռուստատեսության դեմ պարբերաբար կիրառվող ճնշումները և ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի` 2017 թվականին Վրաստանում տեղի ունեցած առևանգման հետաքննության փաստացի սառեցված վիճակը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այս երկիրը մամուլի ազատության մակարդակով շարունակում է ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի ետնապահներից մեկը մնալ: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գնահատմամբ, լրատվամիջոցների ազատության մակարդակով Ադրբեջանը աշխարհի 180 պետությունների թվում 168-րդն է: Նախորդ տարվա համեմատ Ադրբեջանը նահանջել է ևս երկու հորիզոնականով:

«2014 թվականից ի վեր նախագահ Իլհամ Ալիևը անողոք պատերազմ է մղում իր քննադատների դեմ: Անկախ լրագրողներն ու բլոգերները ազատազրկվում են աբսուրդային բնույթի մեղադրանքների հիման վրա, եթե տեղի չեն տալիս շանտաժի և հալածանքների առջև, կամ էլ չեն ընդունում իրենց առաջարկվող կաշառքը», - նշում են զեկույցի հեղինակները` ընդգծելով, որ ադրբեջանական իշխանությունները չեն զլանում լրագրողների դեմ ճնշումները տեղափոխել երկրի սահմաններից դուրս:

«Երբեմն նրանց հաջողվում է հասնել ադրբեջանցի լրագրողների ձերբակալությանը` ինչպես օրինակ՝ Ուկրաինայում կամ Վրաստանում: Երբեմն էլ արտերկրում բնակվող ադրբեջանցի լրագրողների դեմ դատական հայցեր են ներկայացվում, ինչպես ասենք Ֆրանսիայում», - նշված է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցում:

XS
SM
MD
LG