Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին պնդում է, որ 2017-ի մայիսին Թբիլիսիում տեղի ունեցած իր առևանգումն իրականացվել է վրացական իշխանությունների անմիջական մասնակցությամբ: Այս մասին Մուխթարլին նշել է կիրակի երեկոյան վրացական Rustavi 2 հեռուստաալիքի եթերում հեռարձակված հարցազրույցում:
«Իմ առևանգումը տեղի է ունեցել [Վրաստանի վարչապետ] Կվիրիկաշվիլիի թույլտվությամբ կամ անմիջական հրահանգով: Իմ առևանգման մեջ վրացական ոստիկանության բարձրաստիճան սպաներ են ներքաշված եղել: Առևանգման անմիջական իրականցնողները Վրաստանի քրեական ոստիկանության համազգեստ էին կրում»,- ասել է Մուխթարլին:
Մուխթրալին Բաքվում դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Մեղադրողը նրա համար 8 տարվա ազատազրկում էր պահանջել: Լրագրողը մեղադրվել է սահմանն ապօրինի հատելու, մաքսանենգ ճանապարհով դրամական միջոցներ փոխադրելու և պաշտոնյաներին վիրավորելու մեջ: