Մատչելիության հղումներ

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան իր աշխատողների համար դիմակներ է կարում


Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյան
Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյան

Նախատեսում են 5-10 հազար հատ բժշկական դիմակներ կարել, ինչը բավարար կլինի նաև նրանց ընտանիքների անդամներին ապահովելու համար։

Մարզպետարանում ստեղծված կորոնավիրուսի կանխարգելման շտաբի անդամները պարբերաբար այցելում են ինչպես «Գլորիա», այնպես էլ մյուս կարի արտադրամասեր, հորդորում են իրականացնել բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները՝ վիրուսի ներթափանցումից խուսափելու համար։

Ավելի քան 2000 աշխատող ունեցող «Գլորիա» կարի ֆաբրիկան մասնագետները ռիսկային են համարում վարակի տարածման առումով։ Նրանք ֆաբրիկայի հիմնադիր ղեկավար Բագրատ Դարբինյանին հորդորեցին մուտքի մոտ հեռահար ջերմաչափումներ անել և պարբերաբար ախտահանել արտադրական տարածքները։

«Գլորիա»-ի տնօրենն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ որոշ դժվարություններ ունեն միայն բեռնափոխադրումների հետ կապված: Իրենց պատվիրատու գործընկերները հիմնականում կորոնավիրուսի այսօրվա կիզակետ համարվող Իտալիայից են, որտեղից ստանում են նաև հումքը։ Բեռների ախտահանման և վիրուսի տարածումը կանխարգելելու այլ միջոցառումները երկարաձգում են բեռների տեղ հասնելու ժամկետները։

Տեքստիլ արտադրությամբ զբաղվող մեկ այլ՝ «Սարտոն» ընկերությունում ևս հավաստիացրել են, թե իրականացնում են անհրաժեշտ միջոցառումները, բայց տնօրեն Ռոբերտ Ղուբաթյանը նաև շեշտել է, որ մեծ արտադրությունում աշխատողների շփումները սահմանափակել հնարավոր չէ։ Ջերմաչափիչ սարք դեռևս չունեն, բայց հավաստիացրել են, որ իրավիճակն անընդհատ վերահսկում են և ակներև վիրուսային հիվանդությունների ախտանշաններ կամ ջերմություն ունեցողներին տուն են ուղարկում։

Լոռու մարզի երկրորդ ամենախոշոր գործատուն մետաղական հանքավայր շահագործող «Թեղուտ» ընկերությունն է։ Մոտ 1000 աշխատակից ունի։ Այսօր «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան ընկերությունից հայտնեցին, որ առայժմ գործունեությունը դադարեցնելու որևէ պատճառ չունեն։ Վարչական աշխատողների մի մասն անցել է հեռավար աշխատանքի, տանից են աշխատում։ Իսկ արտադրամասերում բնականոն գործընթաց է։ Համոզված են, որ հատկապես տարբեր քիմիկատներ կիրառող արտադրամասերն անվտանգ են վիրուսի ներթափանցման համար։

Ընկերությունից «Ազատությանը» փոխանցեցին նաև, որ միջազգային շուկայում մետաղների գների իջեցման հետ կապված չեն նվազեցրել իրենց արտադրական ծավալները։ «Այնուամենայնիվ, ընկերությունը կշարունակի դիտարկել միջազգային շուկայում մետաղական գները և կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները գներին համարժեք արձագանք ապահովելու համար։ Կարծում ենք, որ շուկան ինքնակարգավորվելու է», - ասված է ընկերության գրավոր պատասխանում:

Ընկերությունից նաև հայտնել են, որ այս պահի դրությամբ արտադրանքի արտահանման խոչընդոտներ չունեն. - «Իրավիճակն աշխարհում փոփոխվում է սրընթաց տեմպերով, և բեռնափոխադրումների հետ կապված բարդություններ առաջանալու դեպքում համապատասխան քայլեր կձեռնարկվեն»:

Լոռու մարզում պետական ու համայնքային հիմնարկություններն աշխատում են մասնակի, որոշ աշխատողների՝ տարեցներին, անչափահաս երեխաներ ունեցողներին ու հղիներին տուն են ուղարկել։ Մասնավոր բիզնեսի ոլորտում անհանգստությունները կապված են միայն հաճախորդներ չունենալու հետ։

Վանաձորի վարսավիրանոցներից մի քանիսը փակ են, մյուսները հատուկենտ հաճախորդ ունեն։

Դեղատներում հավաստիացնում են, թե դեղորայքի ու ախտահանիչ միջոցների դեֆիցիտ գրեթե չունեն։ Միայն դիմակներն են դեռևս դժվար ճարվում։

Իսկ վանաձորցիների կյանքում արտակարգ դրությունը որևէ արտակարգ փոփոխություն չի բերել։ Փողոցներում հատուկենտ մարդիկ են դիմակներով։ Ասում են՝ ապրում են իրենց բնականոն կյանքով։

XS
SM
MD
LG