Մատչելիության հղումներ

Կառավարությունը հավանություն տվեց վեթթինգի գործընթացն ապահովող օրենսդրական փաթեթին


Հայաստանի կառավարության նիստ, 21-ը նոյեմբերի, 2019թ.
Հայաստանի կառավարության նիստ, 21-ը նոյեմբերի, 2019թ.

Կառավարությունն այսօր հավանություն տվեց դատավորների բարեվարքության կամ հանրության շրջանում առավել հայտնի վեթթինգի գործընթացն ապահովող հերթական օրենսդրական փոփոխությունների փաթեթներին:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարզաբանեց՝ նախագիծը հնարավորություն է տալիս ստուգել դատավորների գույքային դրությունը և նրանց տալիս է որոշակի կապերից ու ազդեցություններից ազատ որոշում կայացնելու հնարավորություն:

«Դատավորները նախագծերիի փաթեթի ընդունումից հետո մշտապես անցնելու են նման գնահատման միջով», - ասաց նախարարը։

Նախագծով հստակեցվում է դատավորների վարքագծի կանոնները և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը: Օրինակ, եթե դատավորը կոռուպցիայի կանխագելման հանձնաժողովին չհիմնավորի իր ավելացած եկամուտների օրինականությունը, ապա կենթարկվի պատասխանատվության: Դատավորների կողմից խախտման մասին վերջնական որոշում կայացնելու է Բարձրագույն դատական խորհուրդը: Ընդլայնված են նաև կարգապահական տույժի տեսակները։

«Նոր տույժի տեսակներն են առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելքը և դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատումը։ Բարձրագույն դատական խորհրդին լրացուցիչ գործիքներ են տրվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցն արդյունավետ քննելու համար։ Մասնավորապես, ըստ նախագծի, խորհուրդը կարող է սեփական նախաձեռնությամբ հրավիրել վկաների, նշանակել փորձաքննություն և պահանջել ապացույցներ, մի բան, որը գործող կարգավորման պայմաններում կարող է անել միայն դատավորի միջնորդությամբ», - բացատրեց նախարարը։

Դատավորների համար ներդրվելու է նաև հոգեբանական թեսթավորման նոր համակարգ, իսկ դատավորի թեկնածուների հավակնորդների տարիքային շեմքը 28-ից իջեցվում է 25:Բադասյանը հիշեցրեց, որ բազմաթիվ շահարկումների տեղիք տված այս կարգավորման վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը դրական կարծիք է տվել։

Նախագծով նոր լիազորություններ է ստանում նորաստեղծ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Մասնավորապես, առաջարկվում է հանձնաժողովին ապահովվել ֆինանսական տվյալների հասանելիության որոշակի գործիքներով: Ընդլայնվում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանքի կազմը, սահմանվում է նաև իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու պարտականություն՝ պաշտոնատար անձի հետ փոխկապակցվող անձի համար: Այդ պարտականությունը չկատարելեու համար էլ սահմանվում է պատասխանատվություն:

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը մինչ նախագծի հաստատումը հայտարարեց՝ իրենք առաջարկություններ են ուղարկել վարչապետին և ակնկալում են, որը հարցը ևս մեկ անգամ կքննարկվի, քանի որ հարցը զգայուն է։

Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ այդ կարգավորումները քննարկել են միջազգային գործընկերների հետ. «Շուկայի զգայունության խնդիր, կարծում եմ, այստեղ չկա, որովհետև խոսք է գնում բացառապես պաշտոնատար անձանց և իրենց հետ փոխկապակցված հայտարարատու համարվող անձանց մասին, այսինքն՝ այս նախագիծը որևէ կերպ չի կարող բիզնեսի մոտ որևէ մտահոգություն կամ զգայունություն առաջացնել», - նշեց նախարարը։

Գործադիրը որոշեց գաղտնի հարցերի քննարկման ընթացքում ևս մեկ անգամ անդրադառնալ ԿԲ-ի մտահոգություններին, բայց արդեն պոստ ֆակտում, որովհետև նախագիծը կառավարության նիստի բաց հատվածում, այնուամենանիվ, հաստատվեց: Մտահոգությունները, ամենայն հավանաանկությամբ, վերաբերում են անձնական տվյալների գաղտնիությանը, ենթադրաբար, այն շրջանակներին, որոնց նախկինում հայտարարագրման պահանջ չի ներկայացվել:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է՝ այդ խնդիրը կա, բայց պետական ապարատի թափանցիկությունն ավելի կարևոր է. «Անձնական գաղտնիքների պաշտպանվածության տեսակետից շատ ավելի քիչ ծավալով պետք է պաշտպանված լինի, բացառությամբ զուտ անձնական, իսկ անձնական հաշիվներ, եկամուտներ, գույք և շարժ, այդ ամեն ինչը պետք է թափանցիկ լինի այն իմաստով, որ վերահսկողությունը պաշտոնատար անձի գործունեության նկատմամբ և դրան առնչվող գործարքների տեսակետից պետք է լինեն մատչելի, ստուգելի», - ասաց Սաքունցը։

Նախարար Բադասյանը տեղեկացրեց նաև, որ փաթեթով վերադարձ է կատարվում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային կարգին: Նման կարգ նոր ձևավորվելիք մարմնի համար սահմանվել էր դեռ 2017-ին, իսկ հեղափոխությունից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի բերված փոփոխություններով հանձնաժողովի ձևավորվման կարգը փոխվեց, ինչը քննադատության առիթ դարձավ:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը առաջիկայում կուղարկվի Ազգային Ժողով: Այն Վենետիկի հանձնաժողովի կողմից դրական եզրակացության է արժանացել:

XS
SM
MD
LG