Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ապրիլյան քննիչ հանձնաժողով


Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել է 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, նշելով, որ Սերժ Սարգսյանին ընտրության հնարավորություն են տվել, հանձնաժողով ներկայանալ կա՛մ ապրիլի 13-ին, կա՛մ 16-ին։

Ի դեպ, գրությունը, ըստ Քոչարյանի, անձամբ հանձնել են Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանին։

«Սերժ Սարգսյանին հրավիրել ենք հանձնաժողով 13-ին կամ ամսի 16-ին: մատնանշել եմ երկու օր, թողել եմ ընտրության հնարավորությունը Սերժ Սարգսյանին, որպեսզի ինքն ընտրի՝ 13-ը կուզի, թե 16-ը: Ակնկալել եմ նամակի վերջում, որ մերժելու կամ գալու հետ կապված ինքը տեղյակ պահի հանձնաժողովին գրավոր», - ասաց Քոչարյանը:

Հարցին, թե ինչո՞ւ այս փուլում որոշում կայացվեց հրավիրել հենց Սերժ Սարգսյանին, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, թե իրենք ցանկանում են լսել ապրիլյան պատերազմի հետ առնչություն ունեցած ամենակարևոր պաշտոնյաներին, տվյալ դեպքում Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին և 2016-ին գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցրած, նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։

Հիշեցնենք, ավելի վաղ քննիչ հանձնաժողով էր հրավիրվել Յուրի Խաչատուրովը, սակայն նա մերժել էր հրավերը։

Հարցին, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը կընդունի իրենց հրավերը, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց՝ հանրությունը ոչ մի կերպ չի կարող ընկալել մերժումը, ինչպես որ չընդունեց Խաչատուրովի դեպքում։

«Խաչատուրովի չգալու արձագանքներն ինքներդ էլ տեսաք, թե զոհվածների հարազատները ինչպիսի սուր ընկալումով և շատ ճիշտ արեցին, որ այդպես ընկալեցին, որովհետև հանձնաժողով չգալ, երբ որ հանձնաժողով եկել են բոլոր պատասխանատու զինվորականներն անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից, ընդհուպ մինչև պաշտպանության նախարար: Ենթադրում եմ, որ Սերժ Սարգսյանի գալուց հետո Յուրի Խաչատուրովը ուզի, թե չուզի պետք է գա, որովհետև իր չգալն արդեն ամբողջ պատասխանատվությունը կմնա իր ուսերի վրա», - նշեց հանձնաժողովի ղեկավարը:

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք ապրիլի 13-ին կամ 16-ին կայանալիք ապրիլյան հանձնաժողովի նիստը չի մեծացնի կորոնավիրուսի տարածման վտանգը, հաշվի առնելով, որ մի սենյակում մեծ թվով մարդիկ են հավաքվելու, քննիչ հանձնաժողովի նախագահն ասաց, թե խորհրդարանում իրենց հատկացված տարածքը հանրապետության ամենաստերիլ տարածքն է, իսկ պատգամավորների մոտ վարակի ախտանշաններ չկան։ Բայց եթե կարիք լինի, հանձնաժողովի անդամները պատրաստ են թեստ հանձնել՝ շահարկումներից խուսափելու համար։

«Մեզ հետաքրքրող հարցերն այնքան կարևոր են մեր երկրի համար, որ կորոնավիրուսի առկայության դեպքում, պետք է ստանանք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները: Եթե պետք լինի հանձնաժողովի բոլոր անդամներին ես կխնդրեմ, որպեսզի պարետը հնարավորություն ստեղծի անցնեն թեստ: Կմնա միայն մեկ անձնավորություն՝ Սերժ Սարգսյանը, նա էլ պետք է թեստ անցնի արդեն երևի իր ցանկությամբ, դա մեզ այդքան չի մտահոգում», ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Թե արդյոք երրորդ նախագահը կընդունի ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հրավերը, Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանն ասաց. «Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու ոչինչ չունի, այն էլ` ապրիլյան քառօրյա հաղթական պատերազմի վերաբերյալ»:

XS
SM
MD
LG