Մատչելիության հղումներ

Ապրիլյան քննիչ հանձնաժողովը նիստի տեսագրությունը կտրամադրի Սերժ Սարգսյանին. Անդրանիկ Քոչարյան


2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը պատրաստ է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին տրամադրել ապրիլի 16-ին կայանալիք նիստի նրա մասնակցությամբ հատվածի տեսաձայնագրությունը: Այս մասին «Ազատությանը» հայտնեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` նշելով, որ րոպեներ առաջ է երրորդ նախագահի գրասենյակի ուղարկած երեկվա նամակին ուղարկել շատ կարճ պատասխան:

Նամակում, Քոչարյանի ներկայացմամբ, ասված է.

«Ի պատասխան ձեր 08.04.2020թ.-ի գրության` հայտնում եմ, որ 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի սույն թվականի ապրիլի 16-ին` ժամը 14:00-ին կայանալիք նիստի Ձեր մասնակցության հատվածի տեսագրությունը կտրամադրվի Ձեզ, ինչը ենթադրում էր նաև մեր նախորդ գրության բովանդակությունը»:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը համաձայնել էր ապրիլի 16-ին քննիչ հանձնաժողով այցելել պայմանով, որ տեսաձայնագրության մեկ օրինակը նիստից հետո կտրամադրվի իրեն։ Քոչարյանն էլ համաձայնել էր այն տրամադրել, եթե դա չի խախտում «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը։ Սրան արդեն երեկ երեկոյան հետևել էր Սարգսյանի գրասենյակի կողմից երկրորդ նամակը, որտեղ խնդրում էին պարզաբանումներ տալ այս մասով:

Քիչ առաջ նաև երրորդ նախագահի գրասենյակն արձագանքեց` հայտնելով, որ ստացել են գրությունը.

«Հանձնաժողովի այսօրվա գրության մեջ հստակ նշված է, որ ՀՀ երրորդ նախագահին առանց որևէ նախապայմանի կտրամադրվի նրա մասնակցությամբ հատվածի տեսաձայնագրությունը: Նկատի առնելով, որ հանձնաժողովը բավարարել է ՀՀ երրորդ նախագահի կողմից առաջադրված միակ պայմանը` նախագահ Սարգսյանը վերահաստատում է ս.թ. ապրիլի 7-ին հանձնաժողովին ուղղված` գրասենյակի պատասխանում ներկայացված իր որոշումը»,- փոխանցում են գրասենյակից:

Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց` հանձնաժողովն ունի շատ ավելի պատկերացումներ, քան ունեցել է իր ձևավորման սկզբում, և հարցերը լինելու են շատ ավելի խորքային.- «Որովհետև մենք շատ ամիսներ անընդհատ կատարելագործել ենք մեր հմտությունները, մեր պատկերացումները և այսօր շատ ավելի մեծ տեղեկատվության ենք տիրապետում, քան եղել է շատ ամիսներ առաջ: Այսօր էլ հանրապետության նախագահին, ես միշտ ասել եմ դեռ մեկ ամիս, 2 ամիս առաջ, մենք արդեն պատրաստ ենք լսել ամենակարևոր դերակատարում ունեցող պաշտոնյաներին: Մեզ համար բոլորն են կարևոր եղել, բայց ամենակարևորները, որոնց որոշումները եղել են վերջնական, նրանք զինվորական համար մեկ պաշտոնյաներն են և գերագույն գլխավոր հրամանատարը, ինչին մենք արդեն մոտեցել ենք և ամսի 16-ին մենք կիրացնենք նաև մեր այդ հնարավորությունը: Այս պահի դրությամբ որևէ խոչընդոտ ես չեմ տեսնում, որովհետև տեսնում եմ նաև, որ արդեն հաստատված է, որ գալիս է, և խոչընդոտը միակ եթե այս խնդիրն էր, այսօր էլ մենք հաստատեցինք, որ այդտեղ էլ խոչընդոտ չկա»,- նշեց հանձնաժողովի նախագահը:

Հիշեցնենք նաև, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր հոդված հրապարակել, որտեղ հորդորել էր իշխանություններին, սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, ընդգծելով, որ այն «ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում»։

XS
SM
MD
LG