Մատչելիության հղումներ

Մոսկվայից չարթերային թռիչքով այսօր հայրենիք կվերադառնան շուրջ 220 ՀՀ քաղաքացիներ


Այսօր մինչև երեկո չարթերային թռիչով Մոսկվայից Երևան կուղևորվեն շուրջ 220 ՀՀ քաղաքացիներ։

Ապրիլի 3-ից Ռուսաստանն ամբողջովին փակել է իր օդային սահմանը բոլոր, այդ թվում չարթերային թռիչքների համար, սակայն հայկական կողմին հաջողվել է պայմանավորվել Ռուսաստանի իշխանությունների հետ այս թռիչքը կազմակերպելու շուրջ։

Այս օրերին բարդ իրավիճակում են հայտնվել արտասահմանում գտնվող տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ, որոնք չեն կարողանում վերադառնալ հայրենիք, մասնավորապես՝ Միացյալ Նահանգներից, Հնդկաստանից, Թաիլանդից։

Վարչապետ Միխայիլ Միշուստինի որոշմամբ, այսօրվանից վերսկսվում են նաև չարթերային թռիչները ռուսաստանցիներին հայրենիք տեղափոխելու համար։

Ռուսաստանցի փորձագետները, մինչդեռ, բարձրաձայնում են տնտեսական կոլապսի մասին։ Ռուսաստանի մարզերից շատերում, մասնավորապես մայրաքաղաքում, Մոսկվայի մարզում, Կրասնոդարի երկրամասում, Ռոստովի մարզում փաստացի կարանտին է գործում։ Երկու շաբաթ ի վեր դադարեցված են շինարարական աշխատանքները, փակ են գործարանները, առևտրի կենտրոնները, հասարակական սննդի կետերը։ Սա նաև նշանակում է, որ հազարավոր աշխատանքային միգրանտներ, այդ թվում հայաստանցիներ, մնացել են առանց աշխատանքի ու եկամուտի, չեն կարող հոգալ իրենց ամենօրյա ծախսերը, առավել ևս՝ վճարել բնակարանների վարձը։ Հետևաբար ստիպված են լինելու փնտրել տուն վերադառնալու ուղիներ։

Այսօրվա դրությամբ, Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 47 մարդ, այդ թվում երկու հայ, որոնցից մեկը՝ Հայաստանի քաղաքացի։

Ռուսաստանում ՀՀ դեսպանության տվյալներով, կորոնավիրուսով վարակվածների թվում կա հինգ հայաստանցի։ Ռուսաստանում վարակվածների թիվը շատ արագ է աճում՝ այսօրվա դրությամբ երկրում գրանցվել է շուրջ 6343 դեպք, որոնց ճնշող մեծամասնությունը Մոսկվայում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցած շաբաթ երկարաձգեց արձակուրդները մինչև ապրիլի 30-ը, նաև հայտարարեց, որ ռեգիոնների ղեկավարներն ինքնուրույն պետք է սահմանեն կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված միջոցառումները։

Որոշ մարզերում փակվել են ճանապարհները։ Նախագահ Պուտինի խոսնակն այսօր ասել է, թե որոշ մարզերում ղեկավարները ձեռնարկել են ոչ համաչափ միջոցներ։ Ավելի վաղ մարզային իշխանությունների այդ որոշումները քննադատել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Վլադիմիր Պուտինն արդեն երկրորդ շաբաթն է ինքնամեկուսացման մեջ է, նրա ուղերձները նկարահանվում են բունկեր հիշեցնող սենյակում։ Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել է, որ նախագահը որոշ ժամանակ դեռ մեկուսացված կմնա։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG