Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 921-ի, բուժվածներինը՝ 138-ի, մահացել է ևս մեկ մարդ


Շտապ բուժօգնության ավտոմեքենան «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոտ
Շտապ բուժօգնության ավտոմեքենան «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոտ

Հայաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 921-ի:

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնական կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալներով՝ հիվանդությունից բուժվածների թիվն այժմ 138 է: Բացասական են եղել կորոնավիրուսի 4 հազար 902 թեստերի արդյունքները:

Հիվանդությունից մահացել է ևս մեկ մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասավ 10-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից բուժվողների թիվը տվյալ պահին Հայաստանում 773 է:

Առողջապահության նախարարության խոսնակը Ֆեյսբուքում գրառմամբ մանրամասնել է. - «Ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը այս պահին կազմում է` 921: Վիճակագրությունից դուրս էին մնացել հաստատված 12 դեպք, որոնք արձանագրվել են վերջին 40 օրվա ընթացքում, երբ վիճակագրությունը չէր վարվում էլեկտրոնային համակարգի միջոցով: Այս պահին համակարգը ավտոմատացված է և վիճակագրական տվյալները մարդկային գործոնով պայմանավորված չեն: Նախարարության սկզբունքը մնում է նույնը` լինել բաց և թափանցիկ, ինչի համար էլ ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումը»:

Մահացած քաղաքացու մասին էլ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է. - «Ապրիլի 9-ի դրությամբ ունենք նաև մահվան նոր դեպք: 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ»։

Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հնարավոր էր համարել, որ կորոնավիրուսի պիկը Հայաստանը հաղթահարել է:

Շաբաթասկզբին էլ պետության ղեկավարը հույս էր հայտնել, որ հիվանդության նոր դեպքերի ավելացման համեմատաբար ցածը դինամիկայի պահպանման դեպքում հնարավոր կլինի գալիք երկուշաբթի օրվանից թուլացնել սահմանափակումները:

XS
SM
MD
LG